«Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թ.-ի ռազմավարական ծրագրի»՝ կրթությանն առնչվող նպատակների գնահատմանն ուղղված ծրագրի շրջանակում անկախ փորձագետ Ռուզաննա Ծատուրյանն իրականացրել է հետազոտություն, որն ամփոփում է «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի» համատեքստում գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված ՀՀ պետական քաղաքականության մեխանիզմները: Զեկույցն այսօր ներկայացվեց լրագրողներին եւ փորձագիտական հանրությանը:

Փորձագետի բնորոշմամբ՝ պետական պաշտոնյաներն անգամ չեն գիտակցում, որ գենդերային հավասարությունը կարեւոր խնդիր է եւ դրան մոտենում են որպես ոչ օրակարգային եւ ոչ կարեւոր հարցի: Ըստ Ռուզաննա Ծատուրյանի՝ դրա վկայությունն է այն, որ երեկ պատգամավորն ԱԺ ամբիոնից ասաց՝ «էս էլ Ձեր գենդերը…»:
«Դա ասում է պատգամավորը, որն, ըստ էության, պատասխանատու է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության օրենքի մշակման համար: Մինչեւ չունենանք համոզմունք, որ իրավահավասարությունը խորհրդանշական ինչ-որ բան չէ, այլ նպաստում է մարդու արժանապատվությունը վերագտնելուն եւ տնտեսական զարգացմանը, ոլորտային հաջողություններ չենք ունենա»,-համոզմունք հայտնեց Ռուզաննա Ծատուրյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Զարուհի Փոստանջյանի ելույթին այսպես էր արձագանքել. «Է՜հ…էս էլ Ձեր գենդերը…տեսնենք՝ վերջն ի՞նչ պիտի լինի»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































