«Ռոյթերզին» տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում, ինքը քաղաքականության մեջ անելիք չունի, բայց նույն րոպեին բացառել էր, որ ՀՀԿ-ն կպարտվի: Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին հարցրեց՝ սա նշանակում է, որ նա անելիքներ տեսնում է քաղաքականությունում, չնայած մինչ այդ հայտարարել էր, որ որեւէ պաշտոն չի զբաղեցնելու, որտե՞ղ եք տեսնում Դուք նրան՝ ընտրություններից հետո:

Մեր հարցին՝ այդ դեպքում սահմանադրական փոփոխություններից առաջ ինչո՞ւ հայտարարեց, որ որեւէ պաշտոն չի զբաղեցնելու, ասաց, որ չի լինելու ԱԺ նախագահ, վարչապետ՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ, այդ ամենը կախված է լինելու, թե ՀՀԿ-ն առաջիկա համապետական ընտրություններում ինչպիսի քվեներ կունենա: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն կունենա լուրջ քվեներ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում կունենա իր լուրջ ամենաբարձր դերը»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ վարչապե՞տ կլինի, ԱԺ նախագա՞հ՝ նա պատասխանեց. «Ամենաբարձր դերը»:
Կարդացեք նաև

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Սահմանադրական հանրաքվեից առաջ ինքը շատ աներկբա կերպով ասաց, որ երբեք այլեւս չի հավակնի պետության ղեկավարի պաշտոնին, ասաց, որ մարդը չպիտի երկու անգամից ավելի լինի այդ պաշտոնին եւ շատ հստակ նշեց, որ եթե Սահմանադրությունը փոխվի, ինքը չի հավակնի ոչ վարչապետի, ոչ էլ նախագահի պաշտոնին: Նման աներկբա հավաստիացումից հետո ասել, որ իմ որոշումը վարչապետ լինելու մասին կախված է այսինչ զարգացումներից՝ դա արդեն հակասության մեջ է ընկնում: Նա ցույց է տալիս, որ իրականում, ինչպես մենք զգուշացնում էինք Սահմանադրական հանրաքվեից առաջ, իր պնդումները մեկ նպատակի են ծառայում, որ հեշտացնեն Սահմանադրական փոփոխությունների ընդունումը, իսկ իրականում մտադրությունը լրիվ այլ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































