«ԻԻՀ նախագահի այցը Հայաստան ունի չափազանց կարևոր նշանակություն՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցին՝ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
Նրա բնորոշմամբ՝ եթե մինչև այժմ ՀՀ-ԻԻՀ հարաբերություններում շեշտադրվել էին հիմնականում տնտեսական գործոնը և որպես պատմական հարևաններ բարիդրացիական հարաբերությունները պահպանելը, ապա այժմ իրավիճակն այլ է. «Դատելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, երբ մի կողմից Ադրբեջան է այցելում ԻԻՀ ոխերիմ թշնամի Իսրայելի վարչապետը և ձեռք բերում նոր ռազմական և անվտանգությանն առնչվող պայմանավորվածություններ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ մյուս կողմից՝ խորը ճգնաժամային փուլ են ապրում ԻԻՀ-Թուրքիա հարաբերությունները, իսկ երկու երկրներում միմյանց դեսպանատների և հյուպատոսարանների առջև հանրային ցույցեր են կազմակերպվում, Հայաստանի հետ բացարձակ նոր որակի հարաբերությունների կառուցումը Իրանի համար պարունակում է կենսական նշանակության տարրեր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































