Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Խաղաղությունից առա՞ջ, թե՞ հետո

Դեկտեմբեր 29,2016 13:00

Խաղաղության կողմնակիցների մի մասը կարծում է, թե ռուսական ներկայությունը Հայաստանում ավելորդ կդառնա խաղաղությունից հետո: Այսինքն՝ ռուսական զորքը Հայաստանից դուրս կբերվի Ղարաբաղի հարցում խաղաղության պայմանագիր ստորագրելու հաջորդ օրը: Երբ խաղաղություն հաստատվի, Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանից զենք չեն գնի, ռուսական շանտաժները կկորցնեն իմաստը, նրա տարածաշրջանային դերը կզրոյանա, և նա կհեռանա, իսկ Հայաստանը զարգանալու հնարավորություն կստանա, ժողովրդի բարեկեցության մակարդակը կբարձրանա, մարդիկ լավ կապրեն: Այս մոտեցումն անտրամաբանական է: Եվ թերևս դժվար չէ հասկանալ, որ խաղաղություն կարող է հաստատվել ոչ թե ռուսների հեռանալուց առաջ, այլ հետո, բայց ոչ անմիջապես:

Երբեմնի խորհրդային բռնազավթման ենթարկված երկրներից մի քանիսը (Վրաստան, Ուկրաինա) ռուսական կախվածությունից վերջնական ազատվելու փուլում ենթարկվել են ագրեսիայի, և այդ երկրների որոշ հողեր անցել են Ռուսաստանի փաստացի վերահսկողության տակ: Այդ ժողովուրդները չեն հաշտվում ռուսական բռնազավթումների հետ, սակայն մյուս կողմից ասում են, թե այդ հողերն այն գինն էին, որ վճարեցին Ռուսաստանից ազատվելու դիմաց: Եվ ուրեմն, ի՞նչ գնով է հնարավոր լուծել Հայաստանը հակաքաղաքակրթական ազդեցության գոտուց դուրս բերելու կենսական խնդիրը:

Համեմատելով վրացիների և ուկրաինացիների անկախացման ընթացքը Հայաստանի նույնանման հնարավոր և անխուսափելի ընթացքի հետ՝ կարելի է ասել, որ մեր դեպքում ևս հնարավոր են ռուսների կողմից տարածքային պահանջի կամ ագրեսիայի փորձեր: Օրինակ, Ռուսաստանի դրդմամբ սանձազերծված ապրիլյան պատերազմից հետո Սանկտ Պետերբուրգում եռակողմ բարձր հանդիպման ժամանակ պուտինյան առաջարկությունը վերաբերում էր ազատագրված 7 շրջանների հանձնմանը իր դաշնակից Ադրբեջանին:
Սա այսօր սեղանին նետված առաջարկությունն է: Սակայն մտավախություն կա, թե ազատագրված շրջանները հանձնելուց հետո ռուսները չեն հեռանա Հայաստանից: Այս մտավախությունը պատմական հիմք ունի: 1994-ի զինադադարից հետո, ըստ նախնական միջազգային պայմանավորվածության՝ Հայաստանից, Ադրբեջանից և Ղարաբաղից պիտի դուրս բերվեին ռուսական զորամասերը: Ադրբեջանից և Ղարաբաղից դուրս բերվեցին, իսկ Հայաստանում տեղակայվեց ռուսական ռազմակայան, որի անվան տակ ռուսները երկարաժամկետ խարիսխ գցեցին Հայաստանում և ցայսօր խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Այս դասը հուշում է, որ եթե հող հանձնելուց հետո ռուսները չհեռանան տարածաշրջանից, Հայաստանը և Ղարաբաղը չեն ազատագրվի, շրջափակումը չի վերանա, զարգանալու հեռանկար չի բացվի, մարդիկ լավ չեն ապրի, և ամենակարևորը՝ խաղաղություն չի լինի ու զոհերի թիվը չի պակասի: Եվ ուրեմն, Հայաստանն, ի պատասխան շրջաններ հանձնելու պուտինյան առաջարկություն-պահանջի, պարտավոր է համարժեք բարձրացնել ապօրինի-հակահայկական պայմանագրերը չեղարկելու (1921թ. Մոսկվայի և Կարսի, 2002թ. «Գույք պարտքի դիմաց» և այլն), ԵՏՄ տնտեսական սահմանափակում-խոչընդոտները վերացնելու, Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման, լյուստրացիայի՝ ռուսական գործակալին իշխանությունից զրկելու, տնտեսական ենթակառուցվածքները (երկաթուղի, գազամուղ և այլն) ժողովրդին վերադարձնելու հարց-պահանջները:

Մի խոսքով, Ղարաբաղյան խաղաղության պայմանագրի կնքման հնարավորության, նախապայմանների, փոխզիջումների շուրջ բանավեճն արդյունավետ կլինի ռուսական խոչընդոտները վերացնելուց հետո միայն: Պարզ ասած՝ տեսականորեն հնարավոր է հասնել խաղաղության Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելուց հետո: Իսկ նախքան Հայաստանից ռուսներին հեռացնելը՝ խաղաղության, ինչպես նաև՝ հող հանձնել-չհանձնելու մասին քննարկումները ռեալ քաղաքականության հետ կապ չունեն, իռացիոնալ են՝ ինչպես «անջուր ավազանում լողալ սովորելը»: Եվ ցավալի է, որ այդ իռացիոնալ մոտեցումները նախընտրական բանավեճերի առարկա են դառնալու՝ երկրորդականացնելով քաղաքական ռեալ խնդիրները:

Թաթուլ ՄԿՐՏՉՅԱՆ
Պահպանողական կուսակցության քարտուղար

«Առավոտ»

28.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031