Միքայել Հարությունյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից 2016-ի վերջին կազմակերպված «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթի հաղթողներից է։ Նրա աշխատանքները «Լավագույն գեղանկար» անվանակարգում գրավել են առաջին հորիզոնականը։
Միքայելը գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող է։ Տաղանդաշատ երիտասարդը նկարում է 10 տարեկանից, մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ունեցել է 3 անհատական ցուցահանդես, ստացել է բազում մրցանակներ: Նրա նկարի հիման վրա ստեղծվել է «Զինվորի պաշտպան» հուշամեդալը։ Երիտասարդ նկարչի գործերը տեղ են գտել տարբեր գրքերում, իսկ 100-ից ավելի նկարներ գտնվում են աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Ուկրաինա, ԱՄԷ, Հայաստան, Արցախ…


Կարդացեք նաև
Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված մոսկովյան 9-րդ միջազգային մրցույթում Միքայելի «Կոտրված մանկություն» կտավն արժանացել է առաջին մրցանակի։ «Հոլոքոստ. հիշեցում և նախազգուշացում» խորագրով մրցույթին մասնակցում էր ավելի քան 1200 նկարիչ։
Ընդամենը վերջերս՝ 2016թ. դեկտեմբերին Միքայել Հարությունյանը, ԱՊՀ պետությունների 11-րդ երիտասարդական Դելֆյան խաղերին ներկայացնելով Հայաստանը, «Կերպարվեստ» անվանակարգում 18-21 տարիքային խմբում գրավել է առաջին հորիզոնականը և նվաճել ոսկե մեդալ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն


















































