Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ գրավել են հայկական երաժշտության մեջ առկա մելիզմները, որոնցով էլ տարբերվել են այլ ազգերի ներկայացուցիչների հնչեցրած երգերից». Մարիո Ակամպա

Մարտ 23,2026 17:19 Share

Հարցազրույց Երևանի օպերային թատրոնում բեմադրվող Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի իտալացի ռեժիսոր Մարիո Ակամպայի հետ

-Aravot.am-ն իր ընթերցողին տեղեկացրել է Միլանի «Լա Սկալա» և Երևանի օպերային թատրոնների միջև ստորագրված համագործակցության հուշագրի գործողության մեջ լինելու մասին, որի շրջանակներում ձեր ռեժիսուրայով կկայանա Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի բեմադրությունը։ Ասենք, որ չափազանց մեծ է հանդիսականի հետաքրքրությունը, մանավանդ, որ առաջին անգամ Երևանի օպերային թատրոնում բեմադրություն է իրականացնում ռեժիսոր, որի «Ֆլորենցիայի ծղոտե գլխարկը» օպերան «Լա Սկալայում» մեծ հաջողությամբ է պսակվել։ Մինչ ձեզ հետ հանդիպելը համացանցի միջոցով պարզեցինք, որ դուք նաև դերասան եք, շոուների կազմակերպիչ ու շոումեն, հռչակավոր այդ թատրոնից հեռարձակվող համերգների հեղինակ և վարող։ Նախքան երևանյան «Պայացներին» անդրադարձը, կխնդրենք հակիրճ ներկայացնել ձեր գործունեությունը։

-Շնորհակալ եմ իմ գործունեությանը ծանոթ լինելու համար։ Դուք բոլոր ոլորտները նշեցիք՝ ինձ թողնելով ընդամենը երկու-երեք փաստ բերել։ Այո, 2024 թ. «Լա Սկալայում» դիրիժոր Դոնատո Ռենցետտիի հետ բեմադրեցինք Նինո Ռոտայի «Ֆլորենցիայի ծղոտե գլխարկը», որը հաջորդել է Թուրինում՝ Ալբերտո Կառուզոյի «Փոքրիկ իշխանը» օպերային։ Հենց Թուրինի թատրոնում սկսվեց արվեստագետիս կարիերան որպես դերասան․ մասնակցեցի մի շարք մյուզիքլների, այլ ժանրերի ներկայացումների։

Հետո աշխարհին հայտնի որոշ կինոաստղերի պրոդյուսեր Իվանա Չաբակիի հրավերով մեկնեցի Լոս Անջելես, նկարահանվեցի հոլիվուդյան մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Հաճելի երազներ», «Արյուն և գանձեր», «Ուլիսես․ մութ ոդիսական» և այլն։ Կինոարտիստի գործունեությունս սկսվեց մոտ տասը տարի առաջ։ Իսկ հինգ տարի առաջ էլ lascalatv հարթակի միջոցով մեկնարկեցին ու շարունակվում է իմ ղեկավարությամբ հեռարձակվող, հաճախ ուղիղ, ոչ միայն ներկայացումներն, այլ նաև համերգներն ու հարցազրույցները։ Այս ընթացքում հեռարձակվել է շուրջ հիսուն համերգ։ Երևի այսքանը։

-Դուք լսե՞լ էիք Երևանի օպերային թատրոնի մասին։

-Գիտեք, ցանկացած ռեժիսոր, երբ աշխատում է «Լա Սկալայում», համոզված եմ, ինքն իրեն հարց է տալիս՝ իսկ հետո՞… Ես իսկապես ստեղծագործական բուռն կյանքով եմ ապրել և շարունակում եմ ապրել։ Հաճախ երկու-երեք աշխատանք համատեղել եմ ոչ միայն տարբեր քաղաքներում, այլ երկրներում։

Անկեղծ ասած, հայկական մշակույթի ու արվեստի գիտակ չեմ, բայց մոռացա ներկայացնել ստեղծագործական կյանքիս մի ոլորտ ևս՝ «Մանկական Եվրատեսիլը», որտեղ տարիներ շարունակ հանդես եմ եկել որպես հաղորդավար։ Հենց այդ շոուում էլ առաջին անգամ լսել եմ հայկական երաժշտություն՝ երգ, և շնորհիվ երեք-չորս րոպե տևող ստեղծագործության՝ կարծիք եմ կազմել, այն էլ մանկական երգի։ Ինձ գրավել են հայկական երաժշտության մեջ առկա մելիզմները, որոնցով էլ տարբերվել են այլ ազգերի ներկայացուցիչների հնչեցրած երգերից։ Ի վերջո, մանուկների համար ու նրանց շուրթերից հնչող երգերը խոսում են տվյալ ազգի մշակույթի մասին, և հենց երևանյան բեմադրությանս սկզբում կտեսնեք երեխայի, ով նստած է TV սարքասրահում և հետևում է տաղավարում տեղի ունեցող շոուին։ Այո, ճիշտ լսեցիք՝ շոուին…

-Այսինքն՝ բեմադրությունն իրականացնում եք ժամանակակի՞ց ռեժիսուրայով։

-Հիմա ներկայացնեմ իմ հայեցակարգը։ Նախ ասեմ, որ Երևանի թատրոնում բեմադրության առաջարկը ստանալուն պես իմ ասիստենտը դիտել է, ուսումնասիրել «Պայացների» հազարավոր ներկայացումներ։ Թույլ տվեք ասել, որ այս օպերային նման ռեժիսորական մոտեցում աշխարհում դեռ չի եղել։

Արդեն նշեցի, որ բեմադրության սկզբում երեխան է հետևում գործողություններին, այսինքն՝ մանկան աչքերով եմ փորձել ներկայացնել այս ստեղծագործության պատմությունը՝ լիբրետոն, որի հեղինակը հենց ինքն է՝ Լեոնկավալոն։ Ի դեպ, սյուժեի հիմքում, կոմպոզիտորի հավաստմամբ, ընկած է իրական դեպք, որին նա ներկա է եղել մանկության տարիներին։ Լեոնկավալոյի հայրը, որը դատավոր էր, ժամանակին քննել է նման մի գործ։ Ստացվում է՝ երեխայի հիշողության մեջ դաջվել է այն, ինչը տարիներ անց՝ 1892 թ., Լեոնկավալոն ներկայացրել է օպերային ժանրում, իսկ այդ պատմությունը մի կնոջ մասին է, որը ցանկանում է ազատ լինել և ապրել մի մարդու հետ, ունենալ կողակից, որը սիրում է իրեն՝ փոխադարձ սիրով։ Պարզվում է՝ դա այդքան հեշտ չէ, քանի որ ամուսինը դուրս է գալիս կնոջ կյանքում հայտնված տղամարդու դեմ… և այս հարցը լուծվում է ողբերգական ավարտով։

Չնայած վերջինիս՝ չեմ ցանկացել նրանց կոնֆլիկտը, դաժանությունները, բռնությունը ընդգծել, հատուկ ցույց տալ։ Առանց այն էլ մեր օրերում՝ բջջային հեռախոսներում, TV-ներով մատուցվող բռնությունների պակաս չկա։ Թեև այս պատմությունը ակտուալ է բոլոր ժամանակների համար, և այսօր էլ։ Իմ ուղերձն է՝ ցանկացած հարց կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, և անհրաժեշտ է, որ նման իրավիճակում հայտնված յուրաքանչյուր ոք կարողանա կառավարել իրեն։ Չէ՞ որ բռնությունների ականատես հաճախ լինում են երեխաները նույնպես, այնպես, ինչպես Լեոնկավալոն։ Սա է պատճառը, որ փոփոխություններ չեմ արել լիբրետոյում։ Երևանյան «Պայացներում» բեմն ու իրականությունը կմիաձուլվեն, իսկ ուզենք թե չուզենք՝ ծիծաղը կվերածվի ողբերգության։

-Արդեն սեփական կարծիք ունեք մեր թատրոնի ստեղծագործական խմբերի՝ նվագախումբ, երգչախումբ և, իհարկե, մեներգիչների մասին։ Կխնդրենք բարձրաձայնել այն։

-Հիանալի հայ-իտալական թիմ է․ երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է մաեստրո Կարեն Դուրգարյանը, բեմի նկարիչը՝ Էլեոնորա Պերոնետին, զգեստների նկարիչը՝ Կիարա Ամալտեա Սիարելին։ Հիացած եմ նվագախմբի ու երգչախմբի բարձրակարգ լինելու փաստով, հիանալի հնչողությամբ, մեներգիչների ու երգչախմբի արտիստների խաղով։

Մի բան էլ՝ բարեկամս, Հռոմի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեսանդրո Գալոպպինին նախապես ինձ, առանց որակումներ տալու, ասել էր՝ կգնաս Երևան ու քո կարծիքը կկազմես, ամեն ինչ լավ կլինի։ Եկա, տեսա ու հիացա։ Ձեր հանդիսատեսի օրինակով ես էլ անհամբեր սպասում եմ «Պայացների» պրեմիերային՝ առաջին երեք ներկայացումներին՝ մարտի 27, 28, 29-ին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031