Լրահոս
Օրվա լրահոսը

Եղնուկյանը «Սասնա ծռերին» ռադիոկապով չի ապահովել, այլ՝ ռադիոկապից օգտվելու մասին տեղեկություն է փոխանցել

Հունվար 17,2017 17:00

Այսօր Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մելքոնյանի նախագահությամբ քննվեց Կարո Եղնուկյանի գործը: Նա բողոք է ներկայացրել դատարան այն մասին, որ իր դեմ առաջադրված մեղադրանքի էությունն իրեն չեն պարզաբանել ու ինքը հնարավորություն չունի պաշտպանվելու:

Դատական նիստում Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց իրենց պահանջը: Նա ասաց, որ Կարո Եղնուկյանին մեղադրում են, որ օժանդակել է Պավել Մանուկյանի խմբի անձանց, ապօրինի զավթած ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենք շինությունները, տրանսպորտը, պատանդներ պահելուն:

Ըստ մեղադրանքի, այդ գործողությունները ձեւակերպված են այսպես որ Եղնուկյանը, լինելով Հիմնադիր խորհրդարանի անդամ, սերտ կապի մեջ է գտնվել Հիմնադիր խորհրդարանի առանձին անդամների հետ, որոնք գրավել են ՊՊԾ գունդը եւ զավթումից հետո նրանց հետ հեռախոսային կապ է պահել: Եղնուկյանը ապստամբների համար ձգտել է դրսից ապահովել ռադիոկապ, խափանել է իրավապահների ձեռնարկած միջոցները, տեղեկություն է հրապարակել, որ տեխնիկա է մոտենում գնդին, ապատեղեկատվություն է տարածել, որ իրավապահ մարմինների տրամադրած սննդից թունավորվել են խմբի անդամները՝ վարկաբեկելով իրավապահ մարմիններին եւ այլն:

Կարո Եղնուկյանը քննիչին ասել է, որ պարզ չէ մեղադրանքը, խնդրել է բացատրել, ինչ է արել, որ ձգտել է ռադիոկապով ապահովել, գնացել է խանութ, պատվիրել է, ի՞նչ է արել: Ստացվում է, որ իր ցանկությունների համար է մեղադրվում, ինչպե՞ս է արտահայտվել այդ ձգտումը ռադիոկապով ապահովելու:

Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ «Պարզ չէ, թե ինչպես է ինքը խափանել իրավապահների տեխնիկայի տեղաշարժը, տանկեր են, գնացել են, ինքը ֆեյսբուքում կամ New York Times-ում հրապարակել է, ասենք, դա ինչո՞վ է խափանել շարժը: Ենթադրենք, ինչպես ցանկացած ընդդիմադիր, Եղնուկյանն ուզեցել է վարկաբեկել իրավապահ մարմիններին, բայց դա ի՞նչ կապ ունի ՊՊԾ գունդը զավթած շենք-շինությունների, պատանդներ պահելու հետ: Քննիչն անգամ բանավոր չի ասել, թե ինչի մեջ է մեղադրվում Եղնուկյանը: ՀՔԾ քննիչին Եղնուկյանը գրավոր դիմել է, ասել է՝ խնդրում եմ ինձ բացատրեք մեղադրանքի բնույթն ու էությունը, ինչի մեջ եմ մեղադրվում, որպեսզի կարողանամ պաշտպանվել: Քննիչը դիմել է դատախազությանը, դատախազը ուղարկել է նորից քննիչին, որ մենք ձեզ տրամադրել ենք մեղադրանքի մասին գրությունը, այս փուլում այլ տեղեկություն չենք կարող տրամադրել: Մենք ասում ենք՝ խնդրում ենք մեզ բացատրեք, թե ինչի մեջ ենք մեղադրվում, մեզ ասում են՝ իրավունք ունեք ծանոթանալ քրգործի նյութերին նախաքննության ավարտից հետո»:

Հայրապետյանն ասաց, որ պարզվել է, որ անգամ Եղնուկյանը չի հրապարակել տեխնիկայի շարժի մասին տեղեկությունը, նրան զանգել է մեկը, նա ասել է, հետո ում ասել է, նա գնացել է Ազատության հրապարակ, Ազատության հրապարակում այդ մեկը ասել է մեկ ուրիշի, այդ մեկ ուրիշը՝ ուրիշի, որը դա ասել է Ազատության հրապարակում բարձրախոսի մոտ կանգնածին, նա էլ հրապարակել է: Հիմա այս օղակում որեւէ մեկը չի մեղադրվում, իսկ Կարո Եղնուկյանը մեղադրվում է եւ նրան սպառնում է 8-10 տարի ազատազրկում. «Իր բախտը չի բերել, ինքն անցանկալի անձ է ՀՀ-ի համար»:

Ինչ վերաբերում է ռադիոկապին, ապա ավելի ուշ քննչական մարմինը, մի փոքր մեղմացնելով մեղադրանքը, մեկնաբանել է, որ Կարո Եղնուկյանն ինչ-որ մարդու է բերել, նա էլ տեղեկություններ է փոխանցել հեռախոսով, թե ինչպես օգտվել ռադիոկապից, չի ձգտել ռադիոկապով ապահովել, այլ՝ ռադիոկապից օգտվելու մասին տեղեկություններ է օգնել փոխանցել ինչ-որ մեկին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031