Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ: Պատվիրակության կազմում են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը և ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Միջոցառման ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն աշխատանքում ցուցաբերած արդյունքների համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգևատրել է պետական պարգևներով ու արժեքավոր նվերներով:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն իր հերթին, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդը, ինչպես նաև ԼՂՀ դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման հուշամեդալով, իսկ ԼՂՀ դատական համակարգի մի քանի ներկայացուցիչների շնորհել պատվոգրեր:
Կարդացեք նաև
Նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դատական համակարգերի առանձնահատկություններին, 2016 թվականին ունեցած ձեռքբերումներին և հասարակության շրջանում դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, կողմերն ընդգծել են նաև ՀՀ և ԼՂՀ դատական համակարգերի շարունակական համագործակցության կարևորությունը:

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































