Լրահոս
Օրվա լրահոսը

2016-ը վատ տարի էր, 2017թ. կարող է ավելի վատը լինել. Թոմ դե Վաալը՝ ԼՂ իրավիճակի մասին

Հունվար 25,2017 15:56

Ամեն տարի, երբ Հայաստանի ու Ադրբեջանի լեռներում գարնան ձնհալին են սպասում, Լեռնային Ղարաբաղի հարցով հետաքրքրվող փորձագետների ու գիտնականների մի փոքր շրջանակ հարցադրում է կատարում. «Պատերազմ կլինի՞»: Այս տարի, Լեռնային Ղարաբաղին հետևողները առանձնահատուկ մռայլ են տրամադրված: 2016-ը վատ տարի էր, 2017թ. կարող է ավելի վատը լինել, գրում է Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում:

Հեղինակը հիշեցնում է, որ 2016թ. ապրիլին քառօրյա արյունալի պատերազմին հաջորդեցին ակտիվ դիվանագիտական գործողություններ, սակայն վերջին 6 ամիսներին այդ ակտիվությունը նվազել է և իրավիճակը մտել է փոխադարձ մեղադրանքների բնականոն հունի մեջ:

«Իհարկե, ԱՄՆ հիմնադիր հայր Բենջամին Ֆրանկլինն ասում էր, որ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը: Կովկասում նոր հակամարտությունը կարող է հանգեցնել հազարավոր զոհերի և տնտեսական քայքայման՝ առանց վեճի առանցքային խնդիրները լուծելու»,- գրում է փորձագետը՝ մտավախություն հայտնելով, որ պատերազմը կարող է բռնկվել կողմերի սխալ հաշվարկի պատճառով:

Թոմաս դե Վաալը նկատում է, որ հրադադարից հետո 1994-1995թթ. ձեռք բերված համաձայնությունները գնալով ավելի ու ավելի անկայուն են թվում. ոչ մի խաղաղապահ, սահմանափակ մանդատ ունեցող ԵԽԽՎ մոնիթորինգային առաքելություն, և մի գործընթաց, որը վերահսկել է իրավիճակը, բայց չի լուծել այն: 1994թ. 250 կմ ձգվող շփման գիծն իրենից ներկայացնում էր հապշտապ փորված խրամատների շղթա, որը բաժանում էր երկու բանակները, և որի երկայնքով զինակոչիկները կրակներ էին փոխանակում, երբեմն էլ հանդիպում էին՝ զրուցելու կամ ծխախոտ փոխանակելու: Այժմ այն Եվրոպայի ամենառազմականացված գոտին է՝ հագեցած հրետանիով, մեծ հեռահարության հրթիռային կայաններով, հարձակողական ուղղաթիռներով և ռազմական անօդաչուներով: Ադրբեջանը միլիարդավոր նավթային դոլարներ է ծախսել նոր սպառազինության վրա: Հայերն ավելի քիչ են ծախսել, բայց ունեն հուսալի պաշտպանություն՝ շնորհիվ Ռուսաստանից էժան գնով ձեռք բերված զենքի, գրում է փորձագետը:

Հեղինակը կարծում է, որ 2016թ. քառօրյա պատերազմում Ադրբեջանի կողմից երկու փոքրիկ դիրքերի գրավումը օգնել է ադրբեջանցիներին ազատվել երկու տասնամյակների ստորացման զգացողությունից, իսկ այդ երկրի իշխանությունները աճող հայրենասիրության քողի տակ շեղել են բնակչության ուշադրությունը տնտեսական ցնցումներից և արժույթի անկումից:

Այժմ երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած դիվանագիտական ջանքերը խլացել են, Բաքուն կփորձի դարձյալ կիրառել ռազմական լծակները՝ տարածքներ գրավելու մեկ այլ գործողություն սկսելու և հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար, շարունակում է Թոմաս դե Վաալը:

Վտանգն այն է, որ անգամ փոքրիկ գործողությունն անխուսափելիորեն կարող է ունենալ շատ ավելի լուրջ հետևանքներ, քան անցյալ տարի: Մի կողմից Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում կգործադրվի՝ պարտադրելով գրավել առավել նշանակալի տարածքներ, քան անցյալ տարի գրավված նեղ գիծը: Հայաստանում էլ հասարակությունը կպարտադրի առավել ամուր դիմակայություն ցույց տալ, քան անցյալ ապրիլին, և հետ ստանալ կորցրածը:

Երկու կողմերն էլ, ըստ էության գերագնահատում են իրենց ռազմական կարողությունները, կարծում է փորձագետը: Երկուսն էլ ունեն նոր մահաբեր սպառազինություն: Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել «Իսկանդեր» հրթիռներ, որը ցուցադրվել է 2016թ. սեպտեմբերին՝ Անկախության օրվա շքերթում: Այս սպառազինությունն ունի 280 կմ հեռահարություն և կարող է խոցել Ադրբեջանի քաղաքային բնակավայրերը կամ նավթի ու գազի ենթակառուցվածքները: Դա կլիներ հուսահատ, բայց հնարավոր տարբերակ, եթե գործի դրվեին ավելի հեռահար ադրբեջանական հրթիռները, կարծում է փորձագետը: Ադրբեջանն էլ իր հերթին խոշոր ռազմական գնումներ է կատարել Իսրայելից, այդ թվում «Երկաթե գմբեթ» հրթիռներից պաշտպանվելու համակարգերը և ռազմական անօդաչուներ:

Եթե ռազմական համատեքստը վտանգավոր է, քաղաքական դաշտում էլ իրավիճակն ավելի լավ չէ, շարունակում է հոդվածագիրը: Ադրբեջանի նավթային բումն ավարտին է հասել, և վերջին տարում տնտեսությունը շուրջ 4 տոկոս անկում է գրանցել, իսկ ադրբեջանական արժույթը 2015թ. հունվարից հետո 57 տոկոսով արժեզրկվել է:

Հայաստանում նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 2-ին սպասվում են բարդ խորհրդարանական ընտրություններ: Քվեարկության ավարտից հետո նրա երկիրն անցում կկատարի նոր սահմանադրության, որում գործադիր իշխանությունը նախագահից կանցնի խորհրդարանին: Սա մեծապես ընկալվում է որպես իր իշխանությունը երկարաձգելու քայլ Սարգսյանի կողմից, որի երկրորդ և վերջին նախագահական ժամկետն ավարտվում է 2018թ.:

Անկայունության վերջին գործոնը միջազգային ասպարեզում տիրող հուզումներն են՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը, ԵՄ շարունակվող ճգնաժամը, որը նկատելի է Հարավային Կովկասում և կարող է ստիպել կողմերին ավելի անպատասխանատու վարք դրսևորել:

Եթե պատերազմ լինի, այն կառավարելը դժվար կլինի, կարծում է փորձագետը: 2016թ. ապրիլին Մոսկվան բանավոր կերպով կրակի դադարեցման համաձայնության հասավ կողմերի միջև: Այնուամենայնիվ, դե Վաալը նշում է, որ սխալ է այն ընկալումը, թե Մոսկվան փորձում է հավասարություն պահպանել Ղարաբաղյան հակամարտության մեջ: Մոսկվան երբեք հավասարակշռություն չի պահպանել 1988թ. ի վեր՝ փորձելով պաշտպանել կամ մի կողմին, կամ մյուս, կամ միջնորդի դեր ստանձնել: «Այժմ Ռուսաստանը վստահության մեծ կորուստ ունի երկու երկրներում էլ, և ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը թույլ չեն տա Մոսկվային սեփական օրակարգը թելադրել իրենց համար առաջին ազգային խնդրում»,- գրում է հեղինակը:

Կարճ ասած, Ղարաբաղում բռնության կանխարգելումը պետք է ուղեկցվի ակտիվ կանխարգելիչ դիվանագիտությամբ: Հարավային Կովկասում նոր հակամարտության բռնկումը վերջին բանն է, որ ուզում են մարդիկ, առնվազն՝ հասարակ հայերն ու ադրբեջանցիները, որոնք էլ կհայտնվեն հակամարտության կենտրոնում, եզրափակում է Թոմաս դե Վաալը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031