Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև հիմա ամբողջությամբ չեմ հասկանում, թե ինչն էր մղում Ղարաբաղի ղեկավարներին ակնկալիքներ ունենալ, որ կարող են հասնել անկախության։ Չկար որևէ պետություն, որը պատրաստ լիներ ճանաչելու Ղարաբաղի անկախությունը»․ Ժիրայր Լիպարիտյան

Նոյեմբեր 29,2026 13:02 Share
Աջակցեք aravot.am-ին

«Որպես ԱՄՆ քաղաքացի՝ Հայաստանի հարցով բանակցություններ վարելիս՝ ինձ համար այդ հարցը միշտ եղել է ոչ թե պարզապես խնդիր, այլ սկզբունքային նշանակություն ունեցող հարց։ Ինձ ուժ ու հաստատակամություն են տվել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, յուրաքանչյուրի արժանապատվության և իրավունքների նկատմամբ հարգանքը, դիմացինին հասկանալու ձգտումն ու խաղաղության գաղափարը։ Չէ՞ որ պատերազմների ամենածանր հետևանքները կրում են առաջին հերթին աղքատներն ու ամենախոցելի խավերը՝ նրանք, ովքեր զրկվում են իրենց ունեցվածքից, ապրուստի միջոցներից և սեփական երկրում խաղաղ ապրելու հնարավորությունից։ Օրինակ՝ Հայաստանի երեք միլիոն բնակիչները պետք է հնարավորություն ունենան ՀՀ-ում ապրել խաղաղ ու անվտանգ։ Փոխարենը՝ այնպիսի քաղաքականություն վարելը, որը կարող է հանգեցնել հերթական պատերազմի, հակասում է հենց այդ հիմնարար արժեքներին։ Սա սկզբունքային արժեք է՝ մարդու իրավունքների, արժանապատվության և խաղաղության արժեքը։ Եվ դա ոչ միայն ամերիկյան, այլև չինական արժեք է»,- ինչպե՞ս էր ինքը՝ որպես ԱՄՆ քաղաքացի ժամանակին բանակցում ՀՀ-ի անունից, Լոնդոնի Կոմիտաս Ինստիտուտի կողմից կազմակերպված իր նոր գրքի առցանց շնորհանդեսի ժամանակ այսպես պատասխանեց պատմաբան, ՀՀ առաջին նախագահի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։

Ժիրայր Լիպարիտյանի «Որտեղ Սառը պատերազմը երբեք չավարտվեց, իսկ նոր աշխարհակարգն այդպես էլ չհաստատվեց. ղարաբաղյան դիվանագիտությունը 1990-ականներին» (Where the Cold War Never Ended and the New World Order Never Arrived: Karabakh Diplomacy in the 1990s) երկհատոր աշխատությունը Կոմիտաս Ինստիտուտը լույս է ընծայել այս տարի:

Հրատարակիչը Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտն է։ Շուտով նախատեսվում է լույս ընծայել ևս մեկ հատոր։ Աշխատությունը ներկայացնում է ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացած բանակցային գործընթացների ներքին վերլուծությունը։ Առաջին հատորը հիմնված է հեղինակի՝ ՀՀ առաջին նախագահի ավագ խորհրդականի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և փոխարտգործնախարարի պաշտոններում ունեցած անձնական փորձի ու պատմական վերլուծության վրա։ Այն քննում է բանակցությունների ընթացքը, խաղաղության հասնելու բաց թողնված հնարավորությունները և տարածաշրջանային ու միջազգային դերակատարների (Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Իրան, ԵԱՀԿ) շահերի բախումը։ Երկրորդ հատորն ամփոփում է Ժիրայր Լիպարիտյանի ծավալուն հարցազրույցները խաղաղության գործընթացին անմիջականորեն մասնակցած առաջատար դիվանագետների, բանակցողների, միջնորդների և քաղաքական գործիչների հետ՝ ներառյալ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների։

Գրքի առցանց շնորհանդեսի ժամանակ Ժիրայր Լիպարիտյանը պատմեց․ «1999 թվականին բոլոր այս հարցազրույցներն ինքս եմ արել՝ Մոսկվա, Թեհրան, Բաքու, Անկարա, Հելսինկի, Կոստա Ռիկա»։ Ըստ հեղինակի՝ գրքի վերնագիրը հիմնականում արտահայտում է ամեն ինչ․ «Սպասվում էր, որ Սառը պատերազմը պետք է ավարտվի, և նոր աշխարհակարգ պետք է ձևավորվեր, բայց դա տեղի չունեցավ։ Սառը պատերազմը շարունակվեց տարբեր դրսևորումներով, և նոր աշխարհակարգը երբեք էլ չձևավորվեց։ Ղարաբաղյան հակամարտությունը ենթադրվում էր, որ լինելու է նոր աշխարհակարգի համար գլխավոր դերակատար։ ԵԱՀԿ-ն այդ ժամանակ  ստանձնեց հակամարտության լուծման դերակատարություն, և ղարաբաղյան հակամարտությունն առաջինն էր, որը պետք է մոդել դառնար, թե ինչպես է լուծվել հակամարտությունը»։ Գրքի առաջին հատորում քննարկվում են այն հարցերը, թե ինչու Մինսկի խմբի ձևաչափը ձախողեց և ի՞նչ տվեց Ղարաբաղյան հակամարտության՝ այսպես կոչված միջազգայնացումը։

Գրքի երկրորդ մասում քննարկվում է այն հարցը, թե որոնք էին 1990-ականների հիմնական պահերը․ «Մեկ ամբողջ գլուխ նվիրված է Լիսաբոնի գագաթնաժողովին, որը ըստ էության՝ ձախողել է՝չնայած ունեցել է դրական ազդեցություն Հեյդար Ալիևի մտածողության վրա։ Այս առումով Լիսաբոնի գագաթնաժողովը կարևոր արդյունք ունեցավ»։

Պատմաբան, ակադեմիկոս, Միչիգանի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, քաղաքագիտության պատվավոր պրոֆեսոր, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության և պատմության պատվավոր պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին (Ronald Grigor Suny), վերլուծելով Ժիրայր Լիպարիտյանի մոտեցումը, նշեց․ «Լիպարիտյանի տեսակետն այն է, որ անհրաժեշտ է փորձել երկկողմ բանակցային գործընթացը հնարավորինս արդյունավետ դարձնել՝ համաձայնության հասնելու և դրա կայացման հնարավորություններն ընդլայնելու նպատակով»։

Նա հարցրեց՝ որևէ արդյունքի հնարավոր եղա՞վ հասնել դիվանագիտության միջոցով․ «Գուցե դիվանագիտության միակ շոշափելի ձեռքբերումը հրադադարի հաստատո՞ւմն էր։ Չէ՞ որ, ի վերջո, ո՛չ 1990-ականներին, ո՛չ էլ 2020-ականներին դիվանագիտությունը չհանգեցրեց Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորմանը։ Փաստորեն, խնդրի հանգուցալուծումը տեղի ունեցավ ռազմի դաշտում՝ հայերի համար ծանրագույն հետևանքներով և ի վնաս հայկական կողմի»։ Ըստ Ռոնալդ Գրիգոր Սյունիի՝ Ժիրայր Լիպարիտյանի պրագմատիկ մոտեցումն Ադրբեջանի նկատմամբ լավ օրինակ է և լավ բացատրվում է առաջին հատորում՝ նաև ներառելով յուրաքանչյուր երկրի քաղաքական զգայունությունը․ «Ի՞նչ կլիներ, եթե ավելի շատ հայեր, ադրբեջանցիներ և ամերիկացիներ դրսևորեին այսպիսի՝ այսպես կոչված՝ ռազմավարական կարեկցանք»։

Հարց հնչեց նաև Ռուսաստանի դերակատարության և այդ երկրից եկող վտանգների մասին։ Այս առիթով Ժիրայր Լիպարիտյանն ասաց․ «Ռուսաստանի հետ կապված մտավախությունները նրա ռազմավարական և աշխարհաքաղաքական առաջնահերթությունների շարքում ամենակարևորներից էին։ Կարծում եմ՝ Ռուսաստանը միանգամայն հիմնավոր պատճառներ ուներ Արևմուտքի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումից անհանգստանալու համար։ Այդ ընդլայնումը միջազգային կարգի տեսանկյունից չափազանց մտահոգիչ երևույթ էր։ Արդյոք Արևմուտքը կարո՞ղ էր ավելի սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ՝ խնդրի կարգավորմանն աջակցելու նպատակով։

Այո՛, նման հնարավորություն կար։ 1990-ականների սկզբին դեսպան Կազիմիրովի և դեսպան Մարեսկայի միջև առկա էր լուրջ անձնական հակամարտություն, որն արտացոլում էր նրանցից յուրաքանչյուրի խորքային մտավախություններն ու կողմերի միջև առկա հիմնարար տարաձայնությունները։ Ինչ վերաբերում է Ալիևի՝ Տեր-Պետրոսյանի դիրքորոշման նկատմամբ ունեցած կասկածներին, ապա դրանք անձնական բնույթ չէին կրում։ Հեյդար Ալիևն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հարգում էին միմյանց և բավական արդյունավետ էին համագործակցում։ Սակայն Ալիևը հիմքեր ուներ կասկածելու, թե արդյոք Տեր-Պետրոսյանն իրականում վերահսկո՞ւմ է Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացները։ Այդ կասկածները կապված էին Ստեփանակերտի և Երևանի միջև տարաձայնությունների վերսկսման հետ։ Երբ 1999 թվականին Բաքվում հանդիպեցի Հեյդար Ալիևին, նրան ասացի՝ գիտեք, Ձեր քաղաքականությունը հիմնված էր մի շարք սխալ ենթադրությունների վրա։ Դրանցից առաջինն այն էր, որ Ստեփանակերտի և Երևանի միջև տարաձայնությունները ձևական բնույթ էին կրում, ընդամենը դերախաղ էին։

Ես կարծում եմ, որ դրանք իրական և լուրջ տարաձայնություններ էին։ Հարցն այն է, թե արդյոք այն հնարավորությունները, որոնց մասին ես գրել եմ իմ գրքում, իրակա՞ն էին։ Կարծում եմ՝ այո՛, դրանք իրական հնարավորություններ էին։ Սակայն յուրաքանչյուր հաջորդ քայլի իրականացման ճանապարհին նոր խոչընդոտներ էին ի հայտ գալիս։ Ես, այնուամենայնիվ, մինչև հիմա ամբողջությամբ չեմ հասկանում, թե ինչն էր դրդել իմ արցախցի գործընկերներին հավատալու, որ իրենք կարող են հասնել անկախության։ Հնարավոր է՝ Ռուսաստանի կառավարությունում կային որոշ շրջանակներ, որոնք նրանց որոշակի երաշխիքներ էին տվել, սակայն այդ երաշխիքները չէին վերածվել պաշտոնական քաղաքականության և չէին արտացոլվում ՌԴ պաշտոնյաների հրապարակային հայտարարություններում։ Արդեն 35 տարի է՝ Ռուսաստանի գործադիր իշխանության որևէ պաշտոնյա չի արել պաշտոնական քաղաքական հայտարարություն կամ չի հրապարակել որևէ փաստաթուղթ, որով Ռուսաստանը կաջակցեր Ղարաբաղի անկախության հնարավորությանը։ Ընդհակառակը՝ գոյություն են ունեցել բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, որոնցում ընդգծվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը։ Ուստի չեմ կարող հստակ ասել, թե ինչն էր մղում Ղարաբաղի ղեկավարներին նման ակնկալիքներ ունենալ, քանի որ նրանք հարցազրույցներ չէին տալիս և իրենց այդ համոզմունքների պատճառները չէին բացատրում։

Մյուս հարցը Սփյուռքի արձագանքն էր Ղարաբաղյան հիմնախնդրին։ Սփյուռքի աջակցությունը Ղարաբաղի ղեկավարների մոտ պատրանք էր ստեղծել, թե իրենք ունեն Սփյուռքի անվերապահ աջակցությունը և կարող են դրա վրա հույս դնել։ Սակայն այդ աջակցությունն ինքնին չէր նշանակում, որ միջազգային քաղաքական պայմանները նպաստավոր էին անկախության հասնելու համար։ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Եվրոպան և Միացյալ Նահանգները․ չկար որևէ պետություն, որը պատրաստ լիներ ճանաչելու Ղարաբաղի անկախությունը։ Դրա լավագույն ապացույցը 1996 թվականի դեկտեմբերին կայացած ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովն է։ ԵԱՀԿ անդամ 52 երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Կանադան, Ֆրանսիան՝ մեր ամենամտերիմ դաշնակիցները, Հունաստանը և Կիպրոսը, չաջակցեցին հայկական կողմի դիրքորոշմանը։ Մենք մնացինք միայնակ՝ մեր այն պահանջի հարցում, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով, այլ ոչ թե նախապես կանխորոշվի։ Այնուամենայնիվ, կա մի շատ կարևոր հանգամանք, որը պետք է ներառել այս քննարկման մեջ։ Ղարաբաղի ղեկավարները, հավանաբար, որոշակի երաշխիքներ կամ խրախուսական ազդակներ էին ստացել տարբեր հետախուզական և պետական կառույցներից։ Պատմականորեն նրանք հակված էին բարի խոսքերը մեկնաբանելու՝ որպես իրական երաշխիքներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել