Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կրկին հետաձգեց 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով դատական նիստը՝ մեղադրյալ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ դատարան չներկայանալու պատճառով:
Դատարանը տեղեկացրեց, որ ըստ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի, Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ ՔԿՀ խցից եւ դատարան գալ:

Մեղադրող դատախազն էլ նկատեց, որ փաստաթղթերից էլ է երևում, որ Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը չի խախտվել, ու նա նիստին մասնակցելու համար բավարար վիճակում է: Նա միջնորդեց Վահան Շիրխանյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել՝ պնդելով, որ արդեն չորրորդ անգամ է՝ ինչ նա չի ներկայանում դատարան՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:
Կարդացեք նաև
Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց՝ ասելով, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում ՔԿՀ-ն. դատարանը որոշում է կայացրել բոլոր փաստաթղթերի պատճենները պահանջելու մասին, բայց ՔԿՀ-ն իրեն իրավունք է վերապահել վերախմբագրել պահանջը եւ ուղարկել է ոչ թե անկետաների պատճենները, այլ այդ անկետաներից քաղվածքներ: Փաստաբանը հորդորեց դատարանին հետեւողական լինել, պահանջել բոլոր փաստաթղթերը և հետազոտել:
Այնուհետեւ փաստաբանը ընթերցեց Վահան Շիրխանյանի հայտարարությունը:
«Չորրորդ անգամ հայտնում եմ, որ մեկուսարանում ձեռք բերված բազմաթիվ ծանր հիվանդությունների բուժման համար 17 տեսակի 4000-ից ավելի տարբեր տեսակի հաբեր խմելուց հետո զրկվել եմ տեղաշարժվելու, ուղիղ նստելու կարողությունից: Ստացել եմ թոքերի ինֆարկտ, ուզում եմ մասնակցել դատական նիստին, քանզի անխուսափելիորեն պարզվելու է, որ ինձ ներկայացված մեղադրանքները շինծու են ու պատվերով, սակայն ՔԿՀ-ն մերժում է ինձ պատգարակով, սայլակով տեղափոխել՝ միտումնավոր ձախողելով նիստերին ներկայանալս:
Միտումնավոր մերժվել են նաև ինձ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջները, միջնորդությունները՝ վախենալով, որ հանկարծ կբացահայտվեն առողջ մարդուն հաշմանդամ դարձելու միտումնավոր գործողությունները: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ ես կարող եմ մասնակցել դատական նիստին, սակայն միայն պառկած կամ կիսապառկած վիճակում»,- նշված էր պարոն Շիրխանյանի հայտարարության մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Հետաքրքիր է որ ահաբեկչության կապակցությամբ դատվողը ինք բողոքում է «վախի մթնոլորտ» ստեղծելու մասին…
Դատական գործընթացի հանգումից անկախ, օգտակար կը լինի որ ձեր փաստաբանները գոնէ հասկանան թէ հանցագործի առողջական տկարությունը, ինչպէս նաեւ՝ տատիկ, մայրիկ եւ բարի երեխաներ ունենալը, օրինական պաշտպանության ի զօրու կէտեր չեն: Նամանաւանդ ոչ, քրէական ծանր մեղադրանքի պարագային: Նոյնիսկ ընդհակառակն, երբ որ «պաշտպանությունը» կը սահմանափակվի այդ կէտերով, ուրեմն օրինական պաշտպանություն չկա, եւ մեղադրանքը աւելի կ’ամրանա: