Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է՝ Հայաստանում բոլորին են դատում՝ մանուկից բռնած մինչև ծեր, հիվանդ». Արթուր Վարդանյան

Հունվար 27,2017 17:48

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կրկին հետաձգեց 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով դատական նիստը՝ մեղադրյալ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ դատարան չներկայանալու պատճառով:

Դատարանը տեղեկացրեց, որ ըստ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի, Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ ՔԿՀ խցից եւ դատարան գալ:

Դատարանի գրությանն ի պատասխան՝ ՔԿՀ-ից գրություն էր ստացվել այն մասին, որ Վահան Շիրխանյանի՝ հիմնարկ ընդունվելիս ՔԿՀ-ն տեղեկացել է, որ նա ունի առողջական խնդիրներ: Նույն այդ գրությունում նկարագրված էր նաեւ, թե Շիրխանյանի մոտ ինչ առողջական խնդիրներ են արձանագրվել, նշում կար նաեւ այն մասին, որ Վահան Շիրխանյանին անկողնային ռեժիմ չի նշանակվել:

Մեղադրող դատախազն էլ նկատեց, որ փաստաթղթերից էլ է երևում, որ Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը չի խախտվել, ու նա նիստին մասնակցելու համար բավարար վիճակում է: Նա միջնորդեց Վահան Շիրխանյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել՝ պնդելով, որ արդեն չորրորդ անգամ է՝ ինչ նա չի ներկայանում դատարան՝ այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց՝ ասելով, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում ՔԿՀ-ն. դատարանը որոշում է կայացրել բոլոր փաստաթղթերի պատճենները պահանջելու մասին, բայց ՔԿՀ-ն իրեն իրավունք է վերապահել վերախմբագրել պահանջը եւ ուղարկել է ոչ թե անկետաների պատճենները, այլ այդ անկետաներից քաղվածքներ: Փաստաբանը հորդորեց դատարանին հետեւողական լինել, պահանջել բոլոր փաստաթղթերը և հետազոտել:

Այնուհետեւ փաստաբանը ընթերցեց Վահան Շիրխանյանի հայտարարությունը:

«Չորրորդ անգամ հայտնում եմ, որ մեկուսարանում ձեռք բերված բազմաթիվ ծանր հիվանդությունների բուժման համար 17 տեսակի 4000-ից ավելի տարբեր տեսակի հաբեր խմելուց հետո զրկվել եմ տեղաշարժվելու, ուղիղ նստելու կարողությունից: Ստացել եմ թոքերի ինֆարկտ, ուզում եմ մասնակցել դատական նիստին, քանզի անխուսափելիորեն պարզվելու է, որ ինձ ներկայացված մեղադրանքները շինծու են ու պատվերով, սակայն ՔԿՀ-ն մերժում է ինձ պատգարակով, սայլակով տեղափոխել՝ միտումնավոր ձախողելով նիստերին ներկայանալս:

Միտումնավոր մերժվել են նաև ինձ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջները, միջնորդությունները՝ վախենալով, որ հանկարծ կբացահայտվեն առողջ մարդուն հաշմանդամ դարձելու միտումնավոր գործողությունները: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ ես կարող եմ մասնակցել դատական նիստին, սակայն միայն պառկած կամ կիսապառկած վիճակում»,- նշված էր պարոն Շիրխանյանի հայտարարության մեջ:

Դատական նիստի ավարտից հետո «հանցավոր խմբի» ղեկավար համարվող Արթուր Վարդանյանը խոստացավ, որ հայտարարություն կանի, որում պարզ կնշի իրականությունը. «Այս ամեն ինչը միայն վախի մթնոլորտ ստեղծելն է, որ հասկանանք, որ բոլորին են դատում Հայաստանում՝ մանուկից բռնած՝ մինչև ծեր, հիվանդ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հետաքրքիր է որ ահաբեկչության կապակցությամբ դատվողը ինք բողոքում է «վախի մթնոլորտ» ստեղծելու մասին…

    Դատական գործընթացի հանգումից անկախ, օգտակար կը լինի որ ձեր փաստաբանները գոնէ հասկանան թէ հանցագործի առողջական տկարությունը, ինչպէս նաեւ՝ տատիկ, մայրիկ եւ բարի երեխաներ ունենալը, օրինական պաշտպանության ի զօրու կէտեր չեն: Նամանաւանդ ոչ, քրէական ծանր մեղադրանքի պարագային: Նոյնիսկ ընդհակառակն, երբ որ «պաշտպանությունը» կը սահմանափակվի այդ կէտերով, ուրեմն օրինական պաշտպանություն չկա, եւ մեղադրանքը աւելի կ’ամրանա:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031