Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Աղաբաբյան. «Ում էլ ընտրենք, այս վիճակն է՝ վատի եւ վատագույնի իրավիճակի մեջ ենք հայտնվել». «Հրապարակ»

Փետրվար 17,2017 10:37

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի կարծիքով՝ այն, որ Սփյուռքն ակտիվացել է ու Հայաստանը նաեւ իր հայրենիքն է դիտարկում, շատ ողջունելի է, բայց. «Դժբախտաբար, մի քիչ ուշացած, որովհետեւ այս դաշինքները, որ ստեղծվում են, մի օղակի խաղերն են, եւ, ըստ էության, ընտրությունը Հայաստանում այնպիսի մի բնույթ է կրելու, որ ում էլ ընտրենք, Սերժիկին ենք ընտրելու։ Այդպես է ստացվում, շատ եմ ուզում, որ սխալված լինեմ, բայց մինչեւ ընտրությունը խնդիրներն այնպես են կազմակերպել, որ մենք, ըստ էության, ընտրություն անելու հնարավորությունից զրկված ենք, ում էլ ընտրես, ընտրում ես Սերժիկին։ Ինձ միայն մի բան է ոգեւորում, որ մեր իշխանական համակարգում ի հայտ է եկել մի մարդ՝ Կարեն Կարապետյան ազգանունով, որին ես ամբողջությամբ վստահում եմ եւ հույսս կապում եմ այդ մարդու հետ։ Վստահ եմ, որ ինքը կարող է Հայաստանն այս վիճակից հանել»։

Թե նույն այդ իշխանական համակարգն ինչքանով թույլ կտա իրեն անկախ գործել եւ երկիրն այս վիճակից հանել, Աղաբաբյանը նկատեց. «Ես հենց այդ մտավախությունն ունեմ, որ ում էլ ընտրենք, այս վիճակն է՝ վատի եւ վատագույնի իրավիճակի մեջ ենք հայտնվել, լավ չէ Հայաստանի վիճակը։ Լավ կլիներ, որ Սփյուռքն այն ժամանակ, երբ իրենից քամում էին, ինչպես կթու կովի, այդ ժամանակ այդքանը գիտակցեին ու մեզ սատարեին այնքանով, որ կարողանայինք մի քիչ ինքնուրույնություն ունենալ։ Լավ է, որ իրենք ակտիվացել են, բայց ուզում եմ հասկանալ՝ ուզում են ինչի՞ն դիտորդ լինել՝ ՀՀԿ-ից ՀՀԿ-ին ընտրության դիտորդ… ես այդպես եմ հասկանում, բոլոր նախաձեռնությունները տեղից ղեկավարվող բաներ են, տարբերություն չեմ տեսնում։ Հիասթափության մի կեղտոտ մեխանիզմ է մշակված, որ զզվես-հիասթափվես ամեն ինչից։ Ժողովուրդ այլեւս չմնաց… ժողովուրդը բառ է մնացել…»։

Գեղանկարիչն անդրադարձավ նաեւ մտավորականների՝ կուսակցական ցուցակներում ընդգրկվելու փաստին. «Սրանք այնքան լկտի են, որ

նույնիսկ ինձ առաջարկություններ արել են՝ ցուցակների մեջ ընդգրկվել, չասեմ անունները, բայց մի քանի տարբեր տեղերից։ Ու այնքան լկտի ու լպիրշ են, որ մտածում են՝ կարող ես իրենց կեղտոտ ջրաղացին ջուր լցնել։ Հետո, ես սկսել եմ կասկածել՝ արդյո՞ք մենք մտավորականություն ունենք…»։ Այն դիտարկմանը, որ գուցե սա ճանապարհներից մեկն է՝ ներգրավվել եւ ներսից իրավիճակ փոխել, գեղանկարիչը համաձայն չէ, որ դա է ճանապարհը. «Այդ ամբոխի մեջ ոչինչ չես կարող անել»։ Թե ի՞նչ հիմնավորումով են իրեն առաջարկել ընդգրկվել իրենց ցուցակներում, նշեց. «Ինձ առաջարկում էին, որ ես իրենց պետք եմ, եւ իրենց պետք է ազնիվ, անբիծ մտավորական… իրենց շողոքորթելու ձեւերը գիտեմ, այնքան են լկտիացել, որ հաշվի չեն առնում, որ ճանաչելիության դաշտ ունես եւ, բնականաբար, պետք է մերժես»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728