Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետո պիտի հասկանայինք, որ դա հեղափոխություն չէր, հայադավ ճանապարհով Արցախի հարցի լուծումն էր». Գլենդելահայերը ցույց են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը

Դեկտեմբեր 02,2020 16:42

«Ուղիղ 2,5 տարի առաջ այստեղ, Արցախի պուրակում, դուրս եկանք ողջունելու թավշյա, ոչ բռնի, ոչ բարով հեղափոխությունը: Հետո պիտի հասկանայինք, որ դա հեղափոխություն չէր եւ նպատակը հայադավ ճանապարհով Արցախի հարցի լուծումն էր»,- այսպիսի կարծիք հայտնեցին Գլենդելում երեկ կազմակերպված ցույցի ժամանակ: Բողոքի ցույցը մեծաթիվ մարդկանցով չէր, ուստի կազմակերպիչները գլենդելահայերին եւ ընդհանարապես ամերիկահայերին կոչ արեցին միանալ, միավորվել ու միասին պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Նիկոլ Փաշինյանը եւ իր քայլականները երկու տարի շարունակ ընկել էին Սահմանադրական դատավորների հետեւից: Նրանք գիտեին, որ ՍԴ-ն այն օղակն էր, որը պիտի այս խայտառակ փաստաթուղթը ճանաչեր հակասահմանադրական, դրա համար էլ իրենցով արեցին: Այս ՍԴ-ն այսօր իրեն է ծառայում»:

Ցույցի կազմակերպիչները դժգոհություն հայտնեցին, որ այսօր էլ, երբ երկիրը օրհասական վիճակում է, Նիկոլ Փաշինյանը նախկին-ներկա է անում. «2,5 տարի շարունակ մենք կոչ արեցինք աջակցել Նիկոլ Փաշինյանին, բայց այսօր էլ շարունակվում է նախկին-ներկա, սեւ ու սպիտակը: Ընդամենը մեկ ամիս առաջ սեւն ու սպիտակը, նախկինն ու ներկան մի խրամատում կռվում էին իրար կողքի: Ժամանակն է, որ մարդիկ զարթնեն եւ Գլենդելի փողոցները փակվեն, ինչպես երկուսուկես տարի առաջ էր, որպեսզի ազատվենք դավաճաններից»:

Ցույցի մասնակիցների խոսքով, այս իշխանությունները սփյուռքում էլ պահում են քարոզիչներ, որոնք 2,5 տարի շարունակ արդարացնում էին կառավարության չարածները, հանցագործությունները եւ «զոմբիական ֆեյքական բանակով» հարձակվում էին այն մարդկանց վրա, որոնք փորձում էին խոսել:

Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ առաջացած աղմուկին, ցույցի կազմակերպիչները նշեցին, որ այդ օգնությունների մի մասը նպատակին չի ծառայել, քանի որ կադրերում տեսնում են գետնին քնող, առանց քնապարկերի ու անհրաժեշտ իրերի զինվորների, որոնք սակայն չպետք է լինեին այդ պայմաններում:

«2,5 տարի Փաշինյանը տապալել է բոլոր ոլորտները՝ կրթությունը, գիտությունը, մշակույթը, արվեստը, դիվանագիտությունը, բանակաշինությունը եւ վերջապես՝ պատերազմը»,-ասում էին ելույթ ունեցողները՝ վանկարկելով՝ Նիկոլ հեռացի՛ր: Ի պատասխան, հավաքվածներն արձագանքեցին՝ հեռանալով չի, պատասխանատվության պետք է կանչվեն բոլորը:

Ցույցին ելույթ ունեցավ երգչուհի Մարի Հարությունյանը: Նա կոչ արեց միավորվել եւ յուրաքանչյուրն իր նպաստը բերել գերիների եւ ռազմագերիների փրկության, վիրավոր զինվորներին թեւ ու թիկունք լինելու գործում: Երգչուհին իր գործընկեր արվեստագետներին էլ հորդորեց ոտքի կանգնել. «Իշխանությունը փոփոխական է, արվեստի գործն անմահ է: Այն արվեստագետները, որոնք այս օրհասական պահին չեն կանգնի զինվորի կողքին, նրանք մեզ համար կմնան տխրահռչակ իշխանությանը սպասարկող պալատական արվեստագետներ»:

Երգչուհին ասաց. «Աստված ինձ երգելու շնորհ է տվել, ասում եմ՝ թող աստված ինձնից խլի այն, բայց դրա փոխարեն երկու զինվոր փրկվի, ես պատրաստ եմ: Ինչքան էլ ասեմ՝ շնորհակալ եմ, ինչքան էլ ասեմ՝ խոնարհվում եմ, սա զրո է: Սա մեծ վիշտ է ծնողների համար: Մենք ապրելով այստեղ սա այդպես չենք զգում: Ամեն վայրկյաններին մեր երեխաներին տանջամահ են անում: Հարյուր տոկոսով համոզված եմ, որ այսօր Հայաստանում որեւէ մեկի տանը տոնածառ չի լինելու»:

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն ասաց, որ երբ Նիկոլ Փաշինյանը նոր եկել էր իշխանության, ինքը հարցազրույցում ասել է, որ Փաշինյանը եկել է հողերը հանձնելու, ինչի հետեւանքով արժանացել է «ֆեյքերի» հարձակումներին. «Երբ հասան Շուշիի մատույցներ, ես սպասում էի, որ վայրկյան առաջ պիտի հակահարձակում տեղի ունենա, որովհետեւ անօդաչուներն այդտեղ այլեւս չէին կարող աշխատել, իսկ մերոնք անզուգական են այդ վայրերում: Եվ Փաշինյանը տեսնելով, որ մենք կարող ենք հակահարձակման անցնել եւ հաղթանակ արձանագրել, միտումնավոր մեզ տարան պարտության: Եվ նա մինչեւ հիմա բազմած է այդ աթոռին: Ես չգիտեմ՝ էլ ինչե՞ր է նա խոստացել: Մի գուցե Սյունի՞քն էլ է խոստացել»:

Գեղանկարչի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալվի եւ պատժվի:

Երգչուհի Մարգարիտա Խլղաթյանի խոսքով՝ «2,5 տարի առաջ սպասում էինք, որ կունենանք մեր երազած Հայաստանը, բայց հիմա ինձ խաբված եմ զգում, պատերազմի առաջին օրից մեզ խաբել են: Հիմա էլ նախկին-ներկա են անում: Նախկինները դո՛ւք եք, որ այդպես էլ նախկիններին չպատժեցիք»:

Ցույցին Երեւանից միացավ նաեւ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը. «Ես առաջարկում եմ մեր պատգամավորներին հանձնենք մեր գերիների դիմաց, որովհետեւ մենք իշխանություն չունենք»: Իրավապաշտպանը սփյուռքահայերին կոչ արեց միավորվել ու միասին պայքարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031