Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ցուցակում ընդգրկված են վաճառականներ, սուպերմարկետների տերեր, որոնց տեղը ԱԺ-ն չէ». Կարինե Հակոբյան

Մարտ 01,2017 13:51

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը գերադասում է ՀՀԿ-ի ծրագրերի մասին խոսել մարտի 5-ից հետո:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը թիվ 1 ընտրատեղամասում՝  Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներում «Հայկական վերածնունդի» (ՀՎԿ) վարկանիշային ցուցակով առաջադրված Կարինե Հակոբյանը, հակադարձելով ՀՀԿ-ական գործընկերոջը, նշեց. «Այն երկրում, որտեղ աշխատատեղերը, աշխատավարձերը գնալով նվազում են, իշխող կուսակցությունը ոչ թե պետք է մասնակցի ընտրություններին, այլ հաշիվ տա իր արած ու չարած գործերի համար»:

Տիկին Հակոբյանը նկատեց, թե Հայաստանում իշխանությունը վերցնում է ընդդիմության կարգախոսները՝ միշտ օգտագործելով փոփոխություն բառը. «Փոփոխության համար ընդդիմությունն է գալիս իշխանության, իսկ իշխանությունը պետք է ոչ թե խոսի փոփոխության մասին, այլ իր կատարած գործերի մասին: Ամենալավ իշխանությունն այն է, որ փոխվում է: Դա նշանակում է, որ երկրում կա առողջ մթնոլորտ: Էլ չեմ ասում մեր երկիրը, որ տնտեսական ճգնաժամի մեջ է, ինչի մասին հայտարարում են նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները»:

Տիկին Հակոբյանը պարզաբանեց՝  ուրախ է, որ ընտրություններին մասնակցում է ՀՎԿ ցուցակով. «Իմ՝ այն բոլոր ծրագրերն ու գաղափարները, որոնք այս տարիների ընթացքում հիմնավորվել են, ամբողջությամբ համապատասխանում են «Հայկական վերածնունդի» ձեռագրին: Հայտնի է, որ այդ ուժն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն: Այն, որ ուզում եմ գնալ ԱԺ և լծվել այդ ծանր աշխատանքին, դրա պատճառն այն է, որ մեր օրենքները փոփոխության կարիք ունեն»:

Անդրադառնալով այն պնդումներին, թե ամենալավ իշխանությունն այն է, որը փոխվում է և իր տեղը զիջում, Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց. «Հասարակությունը կընտրի մեկ այլ քաղաքական ուժի, մենք կզիջենք իշխանությունը, նորից իր ձայնը կտա Հանրապետականին, մենք կշարունակենք մեր գործունեությունը»:

Կարինե Հակոբյանը շեշտեց, թե այժմ՝ նախընտրական փուլում, այն, ինչ տեղի է ունենում, դրա պատասխանատուն, իշխող կուսակցությունն է: Նա, դիմելով Սուքիաս Ավետիսյանին, փաստեց. «Ձեր համամասնական և վարկանիշային ցուցակներում ընդգրկված են վաճառականներ, սուպերմարկետների տերեր, որոնք Ազգային ժողովում անելիք չունեն»:

Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց, թե իրենք պարտավոր են բոլոր խավերի ներկայացուցիչներին ներգրավել իրենց ցուցակում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031