Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս չենթարկվել նախընտրական մանիպուլյացիաների

Մարտ 03,2017 13:00

Եվ հաղթահարել ցանկացած դեպրեսիա

Դեպրեսիան այսօր գրեթե բոլորին տանջող երեւույթ է, ուստի որոշեցինք զրուցել այդ թեմայով նեոնատալ բժշկության ասոցիացիայի ընտանեկան հոգեբան-խորհրդատու Աննա Բադալյանի հետ:

– Ի՞նչ է դեպրեսիան հոգեբանական տեսանկյունից:

– Դեպրեսիա հասկացությունն ունի իր հայերեն տարբերակը՝ ընկճախտ: Դա ներքին ապատիկ վիճակ է, երբ մարդը կորցնում է սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, ցանկությունը ապրելու: Այդ ամենի արդյունքում կարող են առաջանալ մշտական գլխացավեր, աղեստամոքսային տրակտի հիվանդություններ: Անգամ լինում են դեպքեր, երբ այն մարդը, որը ոտք չունի, գանգատվում է ոտքի ցավից: Երբ անհատի հոգեկան ցավը շատ մեծ է լինում, խնդիրը դառնում է պսիխոսոմատիկ:

– Ինչպե՞ս խուսափել դեպրեսիայից:

– Նախ եւ առաջ պետք է չհասնել դեպրեսիայի, դա ամենավերջին կետն է: Դրանից առաջ լինում են տրամադրության անկումներ, սթրեսային դրսեւորումներ, հուզական տագնապներ: Եթե յուրաքանչյուր ոք հարգի իր ներքին հանգստությունը եւ ցանկանա ապրել թեթեւ՝ առանց որոշակի խնդիրների, հաշտ լինի ինքն իր հետ, շրջապատի հետ, դեպրեսիայից կխուսափի, քանի որ դեպրեսիան այդ ամենի դրսեւորումն է: Ուժեղ կամքով մարդիկ հաղթահարում են դեպրեսիան, նույնիսկ շիզոֆրենիան, բայց դրանք եզակի դեպքեր են: Եթե մարդը հասել է դեպրեսիվ վիճակի, նրա կամային հատկանիշները կասկածի տակ են առնվում: Այս դեպքում ցանկալի է մասնագիտական օգնությունը:

-Դեպրեսիայով տառապող մարդիկ, որոնք դիմում են Ձեզ, իրե՞նց կամքով են գալիս հոգեբանի սենյակ, թե՞ հարազատների կամ շրջապատի խորհրդով:

– Իհարկե՝ գիտակցությամբ, իրեն հարգող յուրաքանչյուր հոգեբան աշխատում է միայն այն հիվանդի հետ, որը գիտակցում է, որ ունի խնդիրներ: Դա արդեն նշանակում է, որ գործի կեսն արված է, իսկ հակառակ դեպքում՝ շատ դժվար է աշխատելը եւ ապարդյուն: Հետաքրքիրն այն է, որ մարդը գիտակցում է, թե ինչ խնդիրներ ունի, սակայն դրանցից դուրս գալու եզրը չի գտնում: Իմիջիայլոց, կարծիք կա, որ կանայք ավելի դեպրեսիվ են, քան տղամարդիկ, ես այդ կարծիքը չեմ «կիսում»: Այսօրվա ռիթմը, իրականության արագ լինելը, բազմաթիվ արհավիրքները, սխալ եւ ոչ օբյեկտիվ տեղեկատվությունը մարդկանց մշտական լարվածության մեջ են պահում եւ այստեղ սեռը կապ չունի:

– Առջեւում խորհրդարանական ընտրություններն են, եւ մարդիկ կարող են բազմապիսի մանիպուլյացիաների ենթարկվել, ինչպե՞ս դիմակայել դրանց:

– Յուրաքանչյուր իրեն հարգող մարդ պետք է գիտակցի, որ նա ազատ է իր մտքի, խղճի եւ ընտրության առաջ: Մանիպուլյացիայի էին ենթարկում նրանց, որոնք դա թույլ են տալիս: Մարդիկ ասում են՝ հա, դե եղել է էսպես, էսպես էլ կլինի: Իսկ ինչո՞ւ: Ուրեմն մենք արժանի ենք, որ մնում ենք էդպես: Միջին կամ միջակ քաղաքացին այսօր նույնիսկ ինքն իր համար է վնասակար, այնքան իրականության մեջ բաներ կան առաջ գնալու, տեղյակ լինելու, ինքն իր իրավունքը պաշտպանելու, պետք է օգտվել դրանից: Եվ պետք չէ ասել, որ ուրիշն է մանիպուլիացիայի իրենց ենթարկում:

-Գոյություն ունի՞ ազգային դեպրեսիա հասկացությունը:

– Այսպես ասենք՝ ազգեր կան, որոնք ավելի իմպուլսիվ են, օրինակ՝ իտալացիները, իսպանացիները, հայերը: Նրանք շատ արագ կարող են ընկնել տագնապների, հոգեկան անկումների մեջ եւ շատ արագ էլ դուրս գալ դրանցից: Ազգեր կան, որոնք խորը հիշողություն ունեն. մենք եղեռնի հետ կապված նոր 100 տարի հետո վերաբերմունքը փոխել ենք եւ արդեն այդ էթնիկ ընկճախտի վիճակը հաղթահարել: Ես երիցս խոնարհվում եմ մեր երիտասարդների առաջ, որովեհետեւ նրանք արդեն ուրիշ կերպ են նայում կյանքին: Արեւմուտքում դեպրեսիան միայնության զգացողությունից է լինում: Ոմանք կարող են բարձրանալ տանիք եւ ասել, որ հիմա ինքնասպան կլինեն, մինչդեռ իրականում ինքնասպանություն կատարող մարդը սովորաբար դա անում է լուռ ու մունջ: Սա վառ ապացույցն է այն բանի, որ մարդն ուշադրության կարիք ունի:

 

Զրուցեց ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Լուսանկարը՝
հոգեբանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ»

02,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031