Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Երկար ճառ չեմ ասում, որ չասեք տոնը քանդեց, եկավ մի երկու լոլո կարդաց գնաց» (Տեսանյութ)

Մարտ 08,2017 16:26

«Լինելով էներգետիկ քաղաք`ձեր դահլիճը ցուրտ ա»,- այսօր Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տան դահլիճում տեղական իշխանություններին նախատեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, համատեղել էր աշխատանքային եւ քարոզարշավային այցերը`Արմավիրի մարզում: Մեծամորի քաղաքապետն էլ արդարացավ. «Եղանակից ա»:

«Երկար ճառ չեմ ասում, որ չասեք տոնը քանդեց, եկավ մի երկու լոլո կարդաց գնաց»,- ասաց վարչապետը եւ բարին մաղթեց մեծամորցիներին:

Ներկաներից մեկը վարչապետին հարց ուղղեց`ո՞նց անենք, որ մարդիկ ատոմակայանում աշխատեն: «Ձեր հարցին`դուք կաշխատեք ատոմակայանում, թե չէ`չգիտեմ, բայց մենք օր ու գիշեր աշխատելու ենք, որ աշխատատեղեր ստեղծենք Հայաստանում»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը ու մանրամասնեց`միայն 85 միլիոնանոց ծրագիր Արմավիրի մարզում է իրականացվելու, 3500 աշխատատեղ է լինելու, դրան զուգահեռ այլ ծրագրեր էլ են լինելու: 3,5 միլիարդանոց ծրագրեր էլ Հայաստանում են արվելու: Դեռ աշխատանքների նախնական փուլն է:

«Մենք չենք ասում որեւիցե մի բան, որի տակից չենք կարողանում դուրս գալ, պոպուլիստական բաներ չենք ասելու, տրամադրված ենք երկար աշխատել ու այնպիսի բաներ պիտի ասենք, որ վաղը-մյուս օրը չգաք ու ասեք`բա ինչի՞ ա սա այսպես»,- ասաց վարչապետը, երբ հանդիպմանը ներկա ՀԱԷԿ-ի աշխատակիցներից մեկը դժգոհեց ցածր աշխատավարձից. վերադասների աշխատավարձը բարձրացվել է, իրենցը`ոչ:

«Սոցիալական հարցերը շատ կարեւոր են, դրանց շատ ենք ուշադրություն դարձնում, բայց չեմ կարող այս պահին ասել`տնօրենի 300 հազար աշխատավարձը հանենք`տանք ձեզ»,- շարունակեց վարչապետը:

Մեկն էլ հետաքրքրվեց քաղաքի սանմաքրման աշխատանքներից: Վարչապետն անկեղծ պատասխանեց. «Որ ասեմ չգիտեմ`չե՞ք նեղանա: Ուրեմն`չգիտեմ»:

Տեղացիները դժգոհեցին`քաղաքում, ձմռան ամիսներին մանկապարտեզ չի աշխատում, շենքերը չեն ջեռուցվում: Վարչապետը խոստացավ հետամուտ լինել հարցին. «Էներգետիկների թասիբին պետք ա կպնի, որ էներգետիկ քաղաքի մանկապարտեզները չեն աշխատում: Սաղ Հայաստանին կիլովատը դուք եք վաճառում, ինքներդ ցրտի մեջ եք»:

ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Սեյրան Սարոյանն էլ նախատում էր իր կողքին նստած ՀԱԷԿ-ի տնօրենին. «Արա, գետինը չես մտնում, երկու մանկապարտեզը քո համար ի՞նչ ա, քո աշխատողների երեխեքի համար ա»: «Կանենք, գեներալ ջան, կանենք»,- հնչեց տնօրենի պատասխանը:

Սեյրան Սարոյանն առհասարակ բարկացել էր, որ իմանալով, որ վարչապետն է գալու հանդիպման, քաղաքապետն ու ՀԱԷԿ-ի տնօրենը «երկու կալորիֆել մի կես ժամ չէին միացրել, որ տաքանար դահլիճը»: Գեներալը սրտնեղեց. «Որ կառավարությանն են սենց վերաբերվում, բա հասարակ մարդկանց ի՞նչ կանեն»:

Ու մինչ Կարեն Կարապետյանը դահլիճում ասում էր, որ պոպուլիստական խոստումներ չի տալու, երկու տարեց մարդ որոշեցին լքել դահլիճը: «Ոչ աշխատավարձ ա բարձրանալու, ոչ թոշակ`մնամ ի՞նչ անեմ»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց նրանցից մեկը:

Ի դեպ, դահլիճը բազմամարդ էր, մարդիկ ասում էին, որ պետական հիմնարկների, գազի գրասենյակների աշխատակիցներին, ուսուցիչներին հրահանգված է եղել`անպայման մասնակցել հանդիպումներին: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր տեղը զիջեց մի տարեց կնոջ, «Տատի ջան, դու գնա, նստի, ես ջահել եմ, կկանգնեմ»:

Մեծամորում վարչապետի հետ հանդիպմանն էին եկել նաեւ ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Ալիկ Պետրոսյանը, Նահապետ Գեւորգյանը, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031