Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյանը՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասին. «Ուղղակի գավառամտության մի տոնավաճառի է վերածվել գիտությունը այնտեղ». «Հայկական ժամանակ»

Մարտ 14,2017 12:41

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովը, որը նախատեսված է մարտի 16-ին, խոստանում է հատկապես հետաքրքիր դառնալ։

Բանն այն է, որ ակադեմիայի համակարգում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատրաստվում է հանդես գալ այդ կառույցի ղեկավարության համար անցանկալի հարակից մի զեկույցով, չնայած որ նրան կարծես չեն պատրաստվում ընձեռել այդ հնարավորությունը։ Դեմոյանն անդրադառնալու է ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից եւ պետական միջոցներով տպագրված «Հայոց պատմություն» բազմահատորյակի երրորդ հատորի առաջին եւ երկրորդ գրքերին, որոնք, նրա համոզմամբ, խոտան են ու պետք է հանվեն շրջանառությունից։

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի գիտխորհրդի երաշխավորությամբ եւ պ.գ. դ. Հայկ Դեմոյանի խմբագրմամբ հրատարակվել է «Կոթողային խայտառակություն» գրախոսությունը, որտեղ կարծիք է հայտնվում, թե նշված գրքերում տեղ են գտել հակագիտական թեզեր ու անլուրջ մոտեցումներ հայ ժողովրդի պատմության հիմնահարցերի վերաբերյալ. «Մասնագիտական խոր գիտելիքների պակասի, բազմալեզու սկզբնաղբյուրների հետ աշխատելու անկարողության պատճառով կոթողային այս աշխատանքում կան աղաղակող անճշտություններ ու բազմաբնույթ թերություններ, որոնք լրջորեն վարկաբեկում են հայագիտությունը եւ հայ ժողովրդի ազգային նկարագիրն ու պատմական հիշողությունը»։

Բազմահատորյակը, որը սկսել է տպագրվել մի քանի տարի առաջ, բաղկացած է չորս հատորից, իսկ դրանցից յուրաքանչյուրը՝ երկու գրքից։ Առայժմ հրատարակվել են ոչ բոլորը։

Հայկ Դեմոյանը նկատեց, որ խնդրո առարկա երկու գրքերում լիակատար բացակայում է հայեցակարգային մոտեցումը, տիրապետում է մարքսիստական մեթոդոլոգիան։ «Այնինչ պատմագիտությունն անընդհատ զարգացող գիտություն է եւ այնպես չէ, որ դեպքերի ու դեմքերի քարացած հաջորդականություն է իրենից ներկայացնում։ Մենք չենք կարող կրկնության

ժանրով մի քանի չնչին կոսմետիկ փոփոխություններով նորից վերարտադրել այն, ինչ որ գրվում էր 1960-70-ական թվականներին»,- համոզմունք հայտնեց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը։

Ի դեպ, նա համարում է, որ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնագետներից անիմաստ է ակնկալել համաշխարհային պատմագիտության եւ ընդհանրապես գիտության չափանիշներին համապատասխանող աշխատանք։

«15 տարվա ընթացքում այդ ինստիտուտից միջազգային նշանակության որեւէ մենագրություն, որը դառնար կարեւորագույն գիտական արդյունք, որեւէ գիտական պարբերականում չի տպագրվել։ Պատմության ինստիտուտը ստրատեգիական ինստիտուտ է ցանկացած երկրի համար։ Ինչպես քո պատմությունն ես ներկայացնում, այդպիսին ես դու ներկայանում եւ այդպիսի ապագա էլ կունենաս։ Ուղղակի գավառամտության մի տոնավաճառի է վերածվել գիտությունը այնտեղ։ Շատ փակագծեր կարելի է բացել՝ կոռուպցիոն ռիսկեր եւ այլն։ Դա հաջորդիվ կլինի»,- խոստացավ Հայկ Դեմոյանը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031