«Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով»․ Գիտության համաշխարհային օրվան նվիրված նիստ ԳԱԱ-ում
Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը: Օրվա առիթով Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, բուհերի և գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից։ Միջոցառման ընթացքում մի խումբ գիտնականներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով՝ գիտական և կրթական ոլորտներում ունեցած երկարամյա անբասիր աշխատանքի, ինչպես նաև արդյունավետ գիտական գործունեության համար: Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Շնորհավորելով Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ նախարարը խորհրդանշական է համարել, որ նոյեմբերի 10-ը նաև ԳԱԱ հիմնադրման օրն է, և 1943 թվականին ստղծվելուց ի վեր՝ ակադեմիան կարևոր պատմական առաքելություն է ունեցել գիտության ոլորտի զարգացման գործընթացում։
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ շեշտադրել է գիտության ոլորտում իրականացվող որակական փոփոխությունները, մասնավորապես՝ ծրագրերի ղեկավարման համար սահմանված պահանջների արդյունավետության ուղղությամբ իրականացված քայլերը։
Կարդացեք նաև
Նախարարը նշել է, որ 12 տարվա ընդմիջումից հետո ԳԱԱ ասոցացված անդամների ընտրություններ են անցկացվել, և ակադեմիան համալրվել է գիտության և հետազոտությունների ասպարեզում ձեռքբերումներ ունեցող 31 նոր անդամով։ Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է գիտության ոլորտի փոփոխությունների պատշաճ հանրայնացումն ու իրազեկվածության բարձրացումը:
Նախարարն ընդգծել է նաև Վարչապետին կից գիտատեխնոլոգիական զարգացման խորհրդի ձևավորումը՝ նշելով, որ այս մարմինը ներառում է ինչպես պետության, այնպես էլ մասնավոր ոլորտի ներկայացուցիչների։
«Խորհուրդն առանձնահատուկ կարևոր է մասնավոր-պետություն գործընկերության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման խթանմանն աջակցելու առումով, քանի որ ամենակարևոր հարցերը քննարկվում և առաջ են մղվում խորհրդատվական բարձր մակարդակում: Խորհրդի գործունեության շրջանակում պետություն-մասնավոր գործընկերությամբ նաև ձևավորվեց Նորարարությունների հայկական հիմնադրամը, որը, ֆինանսավորվելով պետության և մասնավորի կողմից, նաև մեր հետագա քննարկմանը և հետագա հաստատմանը պետք է ներկայացնի գիտական արդյունքի տեսանկյունից առավել արժեքավոր և կարևոր ծրագրեր։ Այս գործիքակազմի կիրառմամբ արդեն ունենք առաջին հաստատված ծրագրերը»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ այն խնդիրները, որոնցով գիտնականները զբաղվում են լաբորատորիաներում, ուղիղ կապի մեջ պետք է լինեն պետության, տնտեսության և հասարակության զարգացման համար առաջնային նշանակություն ունեցող հարցերի հետ։
Ելույթում նախարարը հատուկ շեշտադրել է նաև դպրոցներում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացման, ուսուցիչների կարողությունների զարգացման, ուսուցիչների՝ գիտական նախագծեր ղեկավարելու և երեխաներին այդպիսով դեպի գիտություն առաջնորդելու հմտությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ ու քննարկումներ են իրականացվում: Նա կարևոր է համարել նաև հանրային հաշվետվողականությունը՝ դրանում ընդգծելով ակադեմիայի դերը:

ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ընդգծել է, որ Հայաստանում վերջին տարիներին պետության կողմից գիտության ֆինանսավորման ծավալի գրեթե եռապատկման շնորհիվ մեծացել է գիտության ոլորտի և գիտնականների հանդեպ վստահությունը։
«Միևնույն ժամանակ, հասարակությունը և պետությունը պետք է շոշափելի արդյունք ստանան գիտությունից՝ լինի դա պաշտպանական տեխնոլոգիան, գյուղատնտեսական կամ արդյունաբերական նոր լուծում, թե առողջապահական նոր մեթոդ»,- նշել է Աշոտ Սաղյանը՝ հավելելով, որ հայաստանյան բուհերը և հետազոտական ինստիտուտները պետք է դառնան առաջատար տեխնոլոգիաներ և ստարտափներ գեներացնող կենտրոններ։
ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը հանդես է եկել «Գիտական դիվանագիտությունը մարդկության պատմության սինգուլյարության կետում» զեկուցմամբ։ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԳԱ ակադեմիկոս Հարություն Ավետիսյանը ներկայացրել է «Արհեստական բանականությունը հանուն խաղաղության․ գիտական դիվանագիտությունը թվային դարաշրջանում» զեկույցը, իսկ ԳԱԱ ասոցացված անդամ Արսեն Առաքելյանը՝ «Գենոմային տեխնոլոգիաները թվային դարում» զեկույցը։
Պաշտոնական հանդիսավոր արարողության ընթացքում ԳԱԱ ասոցացված և արտասահմանյան անդամներին շնորհվել են դիպլոմներ։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































