Նոր Նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի`«Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի մոտ դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև մոտ մեկ ժամ առաջ միջադեպ տեղի ունեցավ:
Նիկոլ Փաշինյանին թույլ չէին տալիս մուտք գործել մարզադպրոց` պատճառաբանելով, թե դպրոցում արգելված է քարոզչությամբ զբաղվելը: Մինչդեռ տեսախցիկները ֆիքսեցին, որ սպորտդպրոցի նախասրահում տեղադրված էր «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը:
Երբ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը ՀՀ ԱԺ պատգամավոր է , մի կերպ «Ելքի» անդամները մուտք գործեցին մարզադպրոց, բայց մինչ նրանց մուտք գործելը, մի միջին տարիքի կին Մամոյանի պաստառը ձեռքին վազեց ու թաքցրեց այն:
Կարդացեք նաև

Սկսեց հայհոյանքների տարափ, այնուհետև դիմելով Նիկոլ Փաշինյանին` միջին տարիքի կինը, որը թաքցրել էր Արթուր Մամոյանի պաստառը, գոչեց. «Սենց բոմժությամբ էլ ուզում եք, որ ձեզ ընտրե՞ն»:
Նիկոլ Փաշինյանը «Ելքի» անդամներին հորդորեց արագ լքել սպորտդպրոցի տարածքը: Մարզադպրոցի աշխատակիցները գոռում էին նրանց հետևից, թե գիտեք, դպրոցում ամեն ինչ տեսաձայնագրվում է, մինչդեռ «Ելքի» անդամները նրանց զգուշացրին, թե շուտով գլուխները կախ գալու են դատարան:
«Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արթուր Մամոյանն ավելի ուշ հանդիպեց և ներողություն խնդրեց «Ելք»-ի անդամներից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































