Լրահոս
Օրվա լրահոսը

Կբարձրանա հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը

Ապրիլ 06,2017 15:02

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Քայլեր կձեռնարկվեն ընկերությունների մասնավորեցման գործընթացն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը հանդես է եկել աշխատանքային արտակարգ ռեժիմի անցնելու վերաբերյալ հայտարարությամբ: «Անցել են ընտրությունները շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե: Իմ հորդորը մեր բոլոր թիմակիցներին հետևյալն է՝ աշխատանքային ռեժիմի, համապատասխան ջանքերի, պատասխանատվության և բոլոր գործողությունների մասով հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում»,- ասել է վարչապետը։

Կառավարությունն ընդունել է մեկ միասնական որոշում, որով պետական կառավարման մարմինները ձեռնպահ կմնան մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերություններին, ինչպես նաև կառավարության որոշումներով լուծարման գործընթացում գտնվող կազմակերպություններին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց: Եղել են դեպքեր, երբ ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքում, տվյալ ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում է ներկայացվել դատարան և արգելանք է դրվել ընկերության ակտիվների վրա, ինչը հնարավորություն չի տվել արդյունավետ իրականացնել ընկերության մասնավորեցման գործընթացը: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետական մարմինների կողմից սնանկության դիմում կարող է չներկայացվել, եթե առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին ՀՀ կառավարության որոշումը:

Կարեն Կարապետյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը պատասխանել է, որ բոլոր ձեռնարկությունները ներկայացրել են պետական կապիտալի վերաբերյալ հաշվետվություններ: Դրանց վերաբերյալ վարչությունն առաջարկություններ կներկայացնի: Վարչապետը հիշեցրել է նաև գույքի օտարումից սպասվող ակնկալիքների վերաբերյալ հանձնարարականը: «Ես ձեզանից ակնկալում եմ բարեփոխումների ծրագիր: Դրա իրականացման արդյունքում ակնկալում եմ, որ վարչությունը կդառնա կոմերցիոն առումով լավ գործակալություն, որը կկառավարի մեր գույքերը, հստակ կհետևի մեր կառավարիչներին, ակցիաներին, մեր ունեցվածքին»,-ընդգծել է Կարեն Կարապետյանն ու հավելել, որ կապիտալի շուկայում փոփոխություններ արձանագրելու առումով էլ ակնկալում է Կենտրոնական բանկի աջակցությունը: «Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն»,-նշել է կառավարության ղեկավարը:

Սպառողների իրավունքներն ավելի կամրապնդվեն և կհստակեցվեն

ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման շրջանակում ընդունվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, որով վերանայվել են պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի (գնորդի) իրավունքը: Մասնավորապես, հստակեցվել են վերադարձման կամ փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներին ներկայացվող պահանջները: Ըստ այդմ՝ հստակ սահմանվել է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում սպառողի վերադարձնելու իրավունքը: Նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատճաշ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկի հետ կապված իրավական ակտերի հստակեցման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այսպիսով՝ որոշումը կնպաստի սպառողների իրավունքներն ավելի ամրապնդելուն և հստակեցնելուն:

Կառավարության որոշմամբ հաստատվել է էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված էլեկտրոնային ձևով գնումների կատարման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Միաժամանակ հաշվի առնելով, որ ներկայումս հնարավոր է ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով կազմակերպվող գնումների շրջանակը, որոշմամբ նախատեսվում է նաև օրենքի իմաստով պատվիրատու հանդիսացող պետության կամ քաղաքային համայնքների կամ պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունները) և պետական ոչ առևտրային կամ պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամների կողմից իրականացվող գնումները ևս իրականացնել էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով:

Կբարձրանա հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը

Գործադիրը հավանություն է տվել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կամրագրվի ոստիկանության` ԴՆԹ նույնականացման հաշվառումներ վարելու իրավունքը: Անհրաժեշտ իրավական և կազմակերպչական աշխատանքների իրականացումից և համակարգի շահագործման արդյունքն ամփոփելուց հետո, երբ ակնհայտ կլինեն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքներում հաշվառման այս տեսակի արդյունավետությունը, կներկայացվեն առաջարկություններ անհայտ կորածների, չճանաչված դիակների, սպանությունների համար դատապարտված անձանց նույնականացման համար անհրաժեշտ մեխանիզմների մասին: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ՀՀ-ում իրականացվում են ԴՆԹ տվյալների նույնականացման ծրագրի ներդրման և շահագործման աշխատանքներ: Նախատեսվում է հաշվառման վերցնել մեղադրյալներից, հանցագործության դեպքի վայրից վերցված և դատագենետիկական փորձաքննությունների ընթացքում նույնականացված ԴՆԹ բնութագրերը: Տարիների ընթացքում, երբ ԴՆԹ բնութագրերը քանակական իմաստով մեծ ծավալ կկազմեն, ՀՀ ոստիկանությունը կարող է, համեմատական հետազոտման համար վերցված կենսաբանական ծագման նմուշների և հաշվառման մեջ գտնվող նմուշների համեմատական հետազոտում կատարելով, քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրել որոնվող անձի տվյալները:

 Ներկայացվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման միտումները

 Կառավարությունը հավանություն է տվել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին: Ըստ այդմ՝ սահմանվել են աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության գերակա ուղղությունները և թիրախները: Ազգային ռազմավարությունը համապատասխանեցվել է Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին, ներկայացվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման միտումները, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի մեծ ուշադրություն դարձնել աղետների ռիսկի առաջացման արմատական պատճառներին` ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունը, չպլանավորված, արագ ուրբանիզացիան և այլն: Արդյունքում ակնկալվում է Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար:

ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կազմակերպման գործընթացները կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Այլ որոշումներ

 Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության 2017թ. հունվարի 12-ի «ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» համապատասխան որոշման (09.01.2017 – 31.03.2017 թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Ըստ այդմ՝ կատարման ենթակա թվով 36 կետից 2017թ. մարտի 31-ի դրությամբ կատարվել են 36-ը կամ 100 տոկոսը:

Կառավարության որոշմամբ ապրիլի 17-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 6` շաբաթ օր: Որոշման նպատակն է հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

Գործադիրը հաստատել է օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների ցանկը: «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի համաձայն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատ տալու միջոցով: Սերտիֆիկացման մարմնին հավատարմագրում են ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունները: Մինչ օրս միջազգային այդ կազմակերպությունների ցանկը հաստատված չէր:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930