Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանություններն ընտրություններին 700.000 ձայն ավելացրել են». Սոս Գիմիշյանը՝ ապրիլի 2-ի ընտրությունների մասին

Ապրիլ 12,2017 12:22

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում կասկածելի բաներ է արձանագրել:

«Ինձ թվում է՝ համակարգն այնպիսին էր, որ բացառում էր որեւէ գաղափարական քննարկում ու գաղափարների մրցակցություն, հատուկ է արվել, որովհետեւ այս Ընտրական օրենսգրքի հեղինակները հասկանում էին, որ այս ձեւով, երբ մի ընտրատարածքում ընտրողին ես նետում շատ թեկնածուների, դժվար է ընտրել խոսքը, միտքը, քաղաքական գործչին: Սա էր պատճառը, որ ընտրողը խուճապի մեջ էր եւ չէր հասկանում՝ ինչ է կատարվում»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Իգիթյանը:

Ըստ նրա, ՀՀԿ-ի թեկնածուների մեջ է եղել հիմնական մրցակցությունը ու բավականին թեժ եւ ոչ քաղաքական. «Դրա համար օգտագործվում էին խորամանկ քայլերը՝ ֆինանսներ, ադմինիստրատիվ ռեսուրսները: Ունենք խորհրդարան, բայց կա մի խնդիր, որ ՀՀ առջեւ կանգնած խնդիրները էլի լուծված չեն լինելու»:

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանն էլ ասաց, որ Ընտրական օրենսգիրքը, որով անցկացվեցին ընտրությունները, հակասահմանադրական է. «Սահմանադրությունն ասում է՝ պետք է համամասնական ընտրակարգով ընտրություններ լինեն, անցկացվել է կեսը մեծամասնական, կեսը՝ համամասնական, սրանով այս մարմնի լեգիտիմությունը զրոյի է հավասար: Հետո ինչ, որ մեծամասնականը վարկանիշային են կոչել, կարող էին աստվածային ու տիեզերական էլ կոչել»:

Նա նաեւ նկատեց, որ այս խորհրդարանական ընտրություններում ուռճացված են եղել ընտրողների քանակը: Սոս Գիմիշյանն ապրիլի 2-ի ընտրությունները համեմատեց ամենաշատը քննադատված ընտրություններից մեկի հետ, որ եղել է 1995-ին. «Այդ ժամանակ իշխող կուսակցությունը հավաքել էր 350.000-ի կարգի ձայն, այսինքն, մասնակիցների թիվը մոտ 800.000 էր, քվեարկությունը 1995-ին ոչ պակաս ակտիվ էր, քան այս ընտրություններին, բայց ընտրության եկած մարդիկ մոտ 800.000 էին: Համոզված եմ՝ այս իշխանությունները, բացի ընտրողներից՝ 700.000 ձայն ավելացրել են, ինչպե՞ս՝ դա երկրորդ հարցն է»:

Պարոն Գիմիշյանի խոսքով, այս խորհրդարանում մանդատներ ստացողները ստացել են Սերժ Սարգսյանի ցանկությամբ՝ Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելով, որովհետեւ վերջինս վերջանական եզրակացություն է տալիս ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ. «7,8 տոկոսը, որը «Ելքն է» ստացել, Սերժ Սարգսյանը չէ՞ր կարող դարձնել 6,8 տոկոս: Սերժ Սարգսյանը, մեր իշխանությունները կարողացել են Կարեն Դեմիրճյանի հավաքած 70 տոկոսը դարձնել 30 տոկոս, իշխանության՝ 35 տոկոսը դարձնել 50 տոկոս ու նախագահ ընտրել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930