Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 60 սիրիահայեր ավելի մրցունակ կդառնան Հայաստանի աշխատաշուկայում

Ապրիլ 19,2017 16:43

56 սիրիահայ ներկայացրեց 2016թ. նոյեմբերին մեկնարկած դասընթացների արդյունքում ձեռք բերած գիտելիքը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան (ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան/Կլոր սեղան) հիմնադրամի դահլիճում կայացած միջոցառման ընթացքում սեղանի ձևավորման, վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, զգեստների մոդելավորման և օտար լեզուների դասընթացների մասնակիցները ներկայացրեցին իրենց գործնական գիտելիքի առաջին արդյունքները: Դասընթացն իրականացրել է «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնը: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կլոր սեղան հիմնադրամի` Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծրագրերի շրջանակում` «Հալեպ» Հ/Կ հետ համատեղ: Այն մաս է կազմում «Աջակցություն փախստականներին Հայաստանում» ընդհանուր ծրագրի:

«Սիրիահայերին աշխատանքով ապահովելը կարևոր խնդիր է, որի լուծմանն է ուղղված մեր ծրագրերի մի մասը: Այսօրվա միջոցառումն առիթ է ամփոփելու կատարած աշխատանքը»,- ասաց Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը: «Այս դասընթացների շնորհիվ արդեն հարյուրավոր սիրիահայ կանայք հնարավորություն են ունեցել իրենց գիտելիքի շնորհիվ գումար վաստակել, և անցած տարիներին ավարտած կանայք դա կվկայեն: Մենք այսօր սերմեր ենք ցանել, որոնց պտուղները կվայելեք հետագայում»,- նշեց «Արտ Հաուս» կենտրոնի տնօրեն Լիլիթ Կարապետյանը: «Հալեպ» հասարակական կազմակերպության նախագահ Անի Պալխյանը նշեց, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով հայրենիքում ապաստանած յուրաքանչյուր սիրիահայի բարեկեցության ապահովման համար անհրաժեշտ է աշխատանք ունենալ: Դասընթացի մասնակիցները նշեցին, որ ստացած գիտելիքով կփորձեն աշխատանք գտնել Հայաստանում և մնալ այստեղ` կառուցելով իրենց ընտանիքի ապագան: 2015թ. անցկացված` սեղանի ձևավորման և ֆուրշետների կազմակերպման դասընթացի մասնակից մի քանի սիրիահայ էլ շեշտեց, որ արդեն ունի աշխատանք և մշտական պատվերներ է կատարում տարբեր կազմակերպությունների համար:

«Արտ Հաուսի» մասնագետները սիրիահայերին սովորեցրել են կար ու ձև, հագուստի մոդելավորում, սեղանի ձևավորում, խոհարարություն, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, լեզուներ: Որպեսզի ուսուցումը լինի արդյունավետ, կազմակերպիչները հարցաշարերի միջոցով սիրիահայերից պարզել են նրանց կարիքները, խնդիրները և ուսուցման նախասիրությունները: Հարցաթերթիկների տեղեկության մշակումից հետո կազմավորվել են համապատասխան խմբերը: Այդպիսով` Կլոր սեղան հիմնադրամը որոշ չափով փորձել է մեղմել սիրիահայերի սոցիալական վիճակը և տալ նրանց հնարավորություն` մնալու և աշխատելու Հայաստանում` նոր արժեքներ ստեղծելով հայրենի հողի վրա:

Դասընթացի ֆինանսավորումն իրականացվելու է միջեկեղեցական միջազգային “ACT Alliance” («Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինք) կազմակերպության անդամ 2 եկեղեցիների տրամադրած դրամաշնորհի միջոցով:

Նույն դրամաշնորհի միջոցով մեկնարկել է նաև սիրիահայ փախստականների սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը, որի ընթացքում հոգեբանները «Հալեպ» Հ/Կ-ում աշխատում են մեծահասակների և երեխաների խմբերի հետ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930