Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն Հայրենիքին երեք զինվոր պարգևած սիրիահայ ընտանիքին

Ապրիլ 27,2017 14:26

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նյու Ջերսիի «Հովնանյան» վարժարանի սաներին՝ փոխտնօրեն Սիլվա Մեսրոպյանի և ուսուցչուհի Թագուհի Տապաղյանի ուղեկցությամբ: Վարժարանի սաները նախարարություն էին եկել հատուկ առաքելությամբ՝ իրենց աջակցությունը փոխանցելու Երևանում բնակվող սիրիահայ Թավիթ Կազանջյանի ընտանիքին:

Ողջունելով «Հովնանյան» վարժարանի սաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ վարժարանի անունը խորհրդանշական և պարտավորեցնող է, և հավելեց. «Հովնանյան եղբայրները մեծ ներդրում ունեն նոր Հայաստան կերտելու գործում: Ես ցանկանում եմ, որ դուք՝ որպես հայ, նմանվեք Հովնանյաններին, և ձեզ համար նույնպես Հայրենիքը միշտ լինի առաջին տեղում: Ես ձեզ մի քանի խնդրանք ունեմ: Հայաստանից վերադառնալով՝ խոստացեք ինքներդ ձեզ, որ հայերենը երբեք չեք մոռանալու: Հաճախ ձեր ծնողներին հորդորեք, որ ձեզ Հայաստան բերեն, և մշտապես Հայրենիքը ձեր սրտում պահեք: Եվ վերջին խնդրանքս. շա°տ սովորեք, շա°տ կարդացեք և լավ մարդ ու լավ հա°յ եղեք, որպեսզի օտարների մեջ առանձնանաք ձեր տեսակով»: Նախարարը կարևորեց դպրոցի դերը հայապահպանության գործում և բարձր գնահատեց վարժարանի նախաձեռնությունը՝ օգնել սիրիահայ ընտանիքին, որի հինգ որդիներից երեքը զինվորներ են և պաշտպանում են Հայրենիքի սահմանները:

«Հովնանյան» վարժարանի փոխտնօրեն Սիլվա Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա մասնավորապես նշեց. «Ամեն տարի՝ ապրիլին, վարժարանի աշակերտները այցելում են Հայաստան, լինում պատմական և տեսարժան վայրերում: Այս տարի աշակերտները որոշեցին հանդես գալ նոր նախաձեռնությամբ: Նրանք իրենց պատրաստած քաղցրավենիքների վաճառքի արդյունքում հավաքված գումարը ցանկացան փոխանցել Երևանում բնակվող սիրիահայ Թավիթ Կազանջյանի ընտանիքին»:

Հանդիպման ընթացքում Սիլվա Մեսրոպյանը «Հովնանյան» վարժարանի անունից սիրիահայ ընտանիքին փոխանցեց 720 ԱՄՆ դոլար:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանի վարժարանի սաներին նվիրեց Նահապետ Քուչակի հայրենները՝ հայերեն և անգլերեն տարբերակներով, հայերեն գրքեր և ֆիլմեր: Վարժարանի սաները դիտեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասին պատմող ֆիլմ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930