Հունիսի 9-ին Կոմիտասի թանգարան- ինստիտուտում բացվեց «Ստեղծարար Հայաստան» ֆորումը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը նշեց, որ «Ստեղծարար Հայաստան» ֆորումի նպատակն է քննել ստեղծարար ոլորտում խնդիրները եւ քննարկել, թե ինչ է անհրաժեշտ առաջընթացի համար:
ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի ազգային համակարգող Նորայր Երզնկյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է 2015-ից` 6 երկրում` Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ադրբեջանում: Թեև ծրագիրը տարածաշրջանային է, սակայն յուրաքանչյուր երկրում այն իրականացվում է` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները:
Նորայր Երզնկյանը հավելեց, որ ծրագրի սկսվելու առաջին օրվանից վերջինիս կայքն ունեցել է 400 000 այցելություն: Նրա ձեւակերպմամբ, ծրագրի նվաճումներից են առցանց դասընթացները, ընդ որում 11000 մարդ արդեն մասնակցել է այդ դասընթացներին եւ ստացել վկայականներ:

ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի թիմի ղեկավար Թիմ Ուիլյամսը նշեց, որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեխանիզիացիան ազդում է բոլոր ոլորտների վրա, իսկ Օքսֆորդի համալսարանի հետազոտություններն էլ փաստում են, որ մինչեւ 2035 թ աշխատանքների մեծ մասը մեքենաներն են անելու: Հետեւաբար, պարոն Ուիլյամսի խոսքով, ապագան պահանջում է նորարարություն:
«Անհրաժեշտ են ստեղծարար մարդիկ, մշակույթն էլ պետք է ինտեգրել ժամանակակից տնտեսության մեջ: Տնտեսության բոլոր ոլորտներին անհրաժեշտ են ստեղծարար մարդիկ: Հայաստանը նման մարդիկ ու տաղանդներ շատ ունի»,- հայտնեց Թիմ Ուիլյամսը:


«Ստեղծարար Հայաստան» ֆորումը կշարունակվի հունիսի 10-ին եւ 11-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































