Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թիմ Ուիլյամս. «Հայաստանը ստեղծարար մարդիկ ու տաղանդներ շատ ունի»

Հունիս 09,2017 12:49

Հունիսի 9-ին Կոմիտասի թանգարան- ինստիտուտում բացվեց «Ստեղծարար Հայաստան» ֆորումը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը նշեց, որ «Ստեղծարար Հայաստան» ֆորումի նպատակն է քննել ստեղծարար ոլորտում խնդիրները եւ քննարկել, թե ինչ է անհրաժեշտ առաջընթացի համար:

ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի ազգային համակարգող Նորայր Երզնկյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է 2015-ից` 6 երկրում` Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ադրբեջանում: Թեև ծրագիրը տարածաշրջանային է, սակայն յուրաքանչյուր երկրում այն իրականացվում է` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները:

Նորայր Երզնկյանը հավելեց, որ ծրագրի սկսվելու առաջին օրվանից վերջինիս կայքն ունեցել է 400 000 այցելություն: Նրա ձեւակերպմամբ, ծրագրի նվաճումներից են առցանց դասընթացները, ընդ որում 11000 մարդ արդեն մասնակցել է այդ դասընթացներին եւ ստացել վկայականներ:

Ծրագրի շրջանակում արվել է նաեւ երեք հետազոտություն, իսկ 12 մասնակիցներ առաջիկայում մասնակցելու են Մոլդովայում կայանալիք աշխատաժողովին:

ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի թիմի ղեկավար Թիմ Ուիլյամսը նշեց, որ ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեխանիզիացիան ազդում է բոլոր ոլորտների վրա, իսկ Օքսֆորդի համալսարանի հետազոտություններն էլ փաստում են, որ մինչեւ 2035 թ աշխատանքների մեծ մասը մեքենաներն են անելու: Հետեւաբար, պարոն Ուիլյամսի խոսքով, ապագան պահանջում է նորարարություն:

«Անհրաժեշտ են ստեղծարար մարդիկ, մշակույթն էլ պետք է ինտեգրել ժամանակակից տնտեսության մեջ: Տնտեսության բոլոր ոլորտներին անհրաժեշտ են ստեղծարար մարդիկ: Հայաստանը նման մարդիկ ու տաղանդներ շատ ունի»,- հայտնեց Թիմ Ուիլյամսը:

 ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը փաստեց, որ գլոբալ տնտեսական աճը 5 %-ից նվազել է 2-2,5 %-ով, նաեւ արտադրողականության անկում է գրանցվել: Նրա համոզմամբ, Հայաստանի տնտեսության հիմքում եւս պետք է լինի ստեղծարար ներուժը, մանավանդ նման հնարավորություն շատ ունենք: Փոխնախարարը փաստեց, որ պետական հատվածն այսօր ամենաքիչն է ասոցացվում ստեղծարարության հետ, մինչդեռ նրա ձեւակերպմամբ, հարկավոր է, որ երազանքի հետեւից գնացող մարդն իրեն լավ զգա:

 ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի Արեւելյան Գործընկերության տարածաշրջանում ստեղծարար արդյունաբերության զարգացման զեկույցի հեղինակ Քրիստինա Ֆարինհան էլ (Պորտուգալիա) ներկայացրեց Հայաստանում ստեղծարար արդյունաբերության վերաբերյալ կատարած ուսումնասիրության հիմնական արդյունքները եւ առաջարկությունները:

«Ստեղծարար Հայաստան» ֆորումը կշարունակվի հունիսի 10-ին եւ 11-ին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930