Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵԽ-ի կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողովի ժամանակ ԿԸՀ-ին ասել էր, որ պետք է փոխել իրենց կազմը, որ մարդիկ վստահեն:
Համաժողովի ընդմիջմանը Տիգրան Մուկուչյանին հարցրեցինք՝ չնայած ասացիք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներում կարող էին ընդգրկվել քաղհասարակության, ընդդիմության ներկայացուցիչներ, բայց որեւէ դիմում չի եղել, ամեն դեպքում Պյոտր Սվիտալսկին խորհուրդ տվեց, հորդորեց ԿԸՀ-ի կազմում ընդգրկել ընդդիմադիրներ, քաղհասարակության անդամներ, որ հանրության վստահությունը մեծանա:
Նա պատասխանեց. «Դա ընտրական հանձնաժողովի ձեւավորման խնդրին է վերաբերում: ԿԸՀ-ն անկախ մարմին է, ըստ էության, ամրագրված են իրավանորմեր Սահմանադրությամբ, ԸՕ-ում, ինչ մոդելով պետք է ձեւավորվի՝ որոշում է բացառապես ՀՀ ԱԺ-ն: Հետեւաբար դրա վերաբերյալ կարող են լինել տեսակետներ, կարծիքներ, գաղափարներ եւ այլն, բայց այդ ամեն ինչը պետք է դիտարկել՝ սոսկ կարծիքի ենթատեքստում: Եթե ԱԺ-ում ընտրվել է հանձնաժողովի ձեւավորման այս մոդելը, դա բնավ չի նշանակում, որ այդ մոդելը վատ մոդել է եւ ի զորու չէ իրականացնել ԸՕ-ով ամրագրված կանոնակարգումները»:

Մեր հարցին՝ Սվիտալսկին նշեց, որ կա ընկալում ԿԸՀ-ի մասին, չեն վստահում, խնդիր չկա՞ այդտեղ՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Այդ վստահության խնդրի առումով, եթե բացարձակության կամ ծայրահեղության մեջ է ընկալվել այդ գնահատականը, ես, համենայնդեպս, այդպես չեմ ընկալել: Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի հրապարակած թվերի արժանահավատությանը, դրա դրսեւորումը տեսել ենք հետընտրական ժամանակաշրջանում»:
Ընտրատեղամասից դուրս խախտումների հետ կապված Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դրանք պետք է արձանագրվեն եւ դառնան քննության առարկա. «Իհարկե, եթե մի օրվա հաշված ժամերի ընթացքում իրավահարաբերության մեջ են մտնում բազմաթիվ քաղաքացիներ, հնարավոր են նաեւ առանձին դեպքեր: Բայց ես միաժամանակ ճիշտ չեմ համարում, երբ վերցվում են առանձին դեպքեր եւ դրանց վրա արվում հանրային ընդհանրական բնույթ կրող դատողություններ: Դա, կարծում եմ, ճիշտ եզրահանգման չի կարող հանգեցնել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է, որ ԵՄ դեսպանի ուշադրությունը գրավել էր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի նախընտրական ժողովը, ձայնագրությունը, իսկ մեր իշխանությունները, ԿԸՀ-ն դրա վրա ուշադրություն չի դարձնում՝ պարոն Մուկուչյանը պատասխանեց. «Դա եղել է հետընտրական շրջանում, դրա վերաբերյալ կային նյութեր, դատախազությունը զբաղվում էր դրանով եւ գնահատականը պետք է լինի: Բայց մասնավոր վերցնել ինչ-որ մի դեպք ու դրա վրա կառուցել ամբողջ դատողությունը ընտրական գործընթացների՝ ճիշտ մոտեցում չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































