Այս պահին Մոսկվայում մեկնարկել է «Ատոմէքսպո 2017» 9-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է նաեւ հայկական պատվիրակությունը:
«Ատոմէքսպո» համաժողովը հանդիսանում է միջազգային խոշոր ցուցահանդեսային եւ գործնական հարթակ, որտեղ քննարկվում են ատոմային ոլորտների ներկայիս վիճակը, ձեւավորվում են հետագա զարգացման միտումները: Այս տարի համաժողովի թեման է՝ «Միջուկային տեխնոլոգիաները-անվտանգություն, էկոլոգիա, կայունություն»:

«Ատոմէքսպո»-ի հիմնական միջոցառումը լիագումար նիստն է՝ «Ատոմ. հիմքն առանց ածխածնային էներգիայի ապագայում» խորագրով, որի ընթացքում Ռուսաստանի եւ արտերկրի մասնակիցները կքննարկեն ժամանակակից մարտահրավերները, որոնց հետ բախվում է համաշխարհային էներգետիկ շուկան, միջուկային էներգիայի դերը՝ որքանով է այն հուսալի, տնտեսապես կանխատեսելի եւ մաքուր էներգիայի աղբյուր:

Միջոցառումը տեղի կունենա երեք օր՝ հունիսի 19-21-ը: Համաժողովի երրորդ օրը հայտարարված է երիտասարդների օր, որի շրջանակներում ուսանողների եւ դպրոցականների համար կանցկացվեն միջոցառումներ:

Ընկերությունները ցուցադրում են տեխնոլոգիական իրենց լուծումներն ու արդյունքները:
Ցուցադրված սարքավորումները կիրառելի են բժշկության, տիեզերանավերի, ավիացիայի, ատոմային ռեակտորների եւ այլ ոլորտներում: Հայաստանը սակայն ցուցահանդեսում ներկայացված չէ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































