Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթք. ոսկով հարուստ սարեր, աղքատ ընտանիքներ (ֆոտոշարք)

Հուլիս 14,2017 19:24

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում է Հայաստանի ոսկու ամենամեծ հանքավայրը: Այստեղ սարերը հարուստ են ոսկով, բայց գյուղացուն դրանից ի՞նչ օգուտ: «Չէ, օգուտ կա»,-ասում է Սոթքի գյուղապետ Կոլիկ Շասուվարյանը: Հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը գյուղապետարանի բյուջեին, ինչպես վստահեցնում է գյուղապետը, մեծ գումարներ է հատկացնում ՝ որպես հողի հարկ:

Շահսուվարյանն ասում է՝ համայնքի բյուջեն 110 միլիոն է, որից 66 միլիոնը «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ի վճարած հարկերն են: «Լավ շինարարություն ենք անում, մանակապարտերզը շուտով կբացենք, հանդիսությունների սրահ ենք բացել, եկեղեցին կվերանորգենք, լուսավորություն կանենք, ու 2-3 մանր-մունր գործեր էլ կանենք: Խմելու ջրի ջրագծերն ենք անցկացնում»,-ասում է գյուղապետը:

Հանրապետական գյուղապետը հպարտ է, որ այս կուսակցության անդամ է, աշխատասենյակում գլխավերեւին էլ կուսակցության ու երկրի նախագահի նկարն է փակցված. «Բա ո՞ւմ նկարը խփեմ: Շահ գոհ եմ ու հպարտ, որ հանրապետական եմ»:

Շահսուվարյանը վստահեցնում է՝  հարեւան գյուղերի բնակիչներն անգամ նախանձում են Սոթքի բնակիչներին. «Մենք լավ վիճակում ենք, Շվեցարիայի հետ չենք համեմատվում, Վարդենիսի մյուս գյուղերի հետ ենք համեմատվում»:

Մինչ արցախյան պատերազմն, Սոթքն ամբողջությամբ ադրբեջանաբնակ էր, հետո Ադրբեջանից տեղահանված հայերն այստեղ հաստատվեցին: Գյուղապետն ասում է, որ արխիվները փորփրել է ու պարզել՝ 1992 թվականին Սոթքում 3000 բնակիչ կար, հայեր էին, հիմա 270 ընտանիք է:

Սոթքում ավերակ տներ շատ կան. Գյուղապետն ասում է՝ դե ժամանակին սոցիալական պայմաններից ելնելով հեռացել են, տներն էլ լքել. «Բայց իմ ընտրված ժամանակ ոչ մի տուն չի քանդվել»:

Համայնքապետն ասում է՝գյուղից արտագաղթ գրեթե չկա. «Սովորական միգրացիա զարգացած երկրներում էլ կա, կարող է մի ընտանիք գնա, բայց մի երկուսը գան մեզ մոտ բնակվեն: Գյուղից մի 5-6 հոգի է, որ խոպան են գնում»:

Սոթքի բնակիչների համար աշխատատեղեր կան, գյուղապետն ասում է՝ «Աշխատում են ոսկու հանքում, զորամասում, «տանկվիում», հրաձգարանում, գյուղապետարանում, դպրոցում: Գյուղի 270 ընտանիքից 150 ընտանիքում աշխատող կա»:

Գյուղում աղքատ մարդիկ չկա՞ն, մեր այս հարցին ի պատասխան գյուղապետն ասում է՝ «Կան, ոնց չկան, բայց մենք մեր բյուջեից շատ օգնություններ ենք տալիս, կնունք ենք անում, բանակի քեֆ, սոցիալական օգնություն»:

Մի ժամանակ գյուղացիք իրենց վարելահողերը հանձնում էին գյուղապետարանին, որպեսզի Փարոսից օգտվեին, հիմա, ինչպես գյուղապետն ասաց, այդ հողերը վարձակալությամբ են վերցրել հարեւան գյուղերի բնակիչները, ֆերմերները ու մշակում են կարտոֆիլ, հացահատիկ, կերային բույսեր.«Դե մարդիկ հող էին մշակում՝ կարկուտն էր խփում, երաշտ էր լինում, հողերը հանձնեցին, տանը նստած Փարոսից փող էին ստանում»:

Սոթքի բնակիչներն Aravot.am-ի հետ զրույցում ասում են՝ «Աղքատ չենք, բա ինչ ենք, հա, աշխատանք ունենք, անասուն ենք պահում, մի քանիսը հող ա մշակում, բայց որ հաշվենք չարչարանքն ու եկամուտը՝ աղքատ ենք: Դե աղքատ չենք, որովհետեւ նպաստի բալերը չեն հերիքում, որոհետեւ մի հատ կով ենք պահում, բայց ի՞նչ ապրուստ ա»:

Գյուղացիներից մեկն էլ՝ տիկին Սիրանույշը, ասում է՝ հողամաս չի մշակում, ձեռնտու չէ, 3 կովի հույսին է: Հենց ուզում եմ նկարել ասում է՝ «Ինձ նկարիլ մի, հենց ապրես»:

Տեսախցիկն անջատում եմ ու տիկին Սիրանույշը սկսում է պատմել. «Տանը  6 շունչ ենք, տղաս զորամասում է աշխատում, շոֆեր ա, 115 հազար դրամ ա ստանում, տրյանավ 6 շունչ հո՞ւնց պահե: Կովի կաթն էլ հի՞նչ ա, հազիվ ուրյան խոտն ենք հասցընում՝ պյուրում: Էնքան ա, որ գյուղացին զբաղվում ա, լի»:

Սիրանույշի մյուս որդին էլ ընտանիքով Ռուսաստանում է, ասում է՝ միտք էլ չունի գյուղ վերադառնալ.« 12 տարի է քյացալ են, ուրյանք իրանց ապրում են, էդ ո՞ր քնյացողն ա հետ յեկալ, որ նա էլ կյա: Պա ընդեղի կյանքը կթողին, կյան ստեղ տանջվի՞ն»:

Գյուղացիներին եմ փոխանցում համայնքապետի խոսքերը՝ հարեւան գյուղերի բնակիչները նախանձում են Սոթքի բնակիչներին. «Հի՞նչն են նախանձըմ, մի տնամերձ էլ կարում չենք մշակենք»: Հետո անցնում են գյուղապետին. «Գյուղապետան շատ գոհ ենք, ժողովուրդին սաղին էլ օգնյում ա, «չերեզչյուր» լյավն ա»:

Սոթքում ձմեռը սաստիկ ցուրտ է, ամռան արեւն էլ է սաստիկ: «Վառում ա, խանձում ա, ապրելու լավ տեղ չի, մենք էնենց սիրուն տեղերից ենք եկալ: Հարուստ ու սիրուն Գետաշենը թողեցինք թուրքերին»,-ասում է գյուղացիներից մեկը:

Տնամերձ հողամասեր էլ գյուղացիք չեն մշակում, ոռոգման ջուր չկա, իսկ ով էլ կարտոֆիլ է մշակում գյուղամերձ դաշտերում, վարկ է վերցնում տարեկան 24%-ով, աշխատում, չարչարվում, որ բանկի փողը տա, տակն էլ, ինչպես գյուղացիք են ասում՝ «Էն 2 կոպեկն էլ մեզ ա մնում, մեկ էլ՝ ուտելու կարտոշկեն»:

Սոթքի բնակիչները գոհանում են, որ աշխատանք ունեն: Բնակիչներից մեկն էլ  աստծուն փառք է տալիս, որ ընտանիքը պահողը՝ որդին, տարվա մեջ 2 անգամ 180 հազար դրամ աշխատավարձ է ստացել.«Ակլադը 100 հազար է, «ԳեոՊրոՄայնինգ»-ում է աշխատում, պատահում է, որ գործերը լավ է լինում` 150 հազար է ստանում: 2 անգամ 180 հազար է ստացել: Բայց ասենք՝ երեխան հիվանդացավ, 100 հազարը մի քանի օրում ծախսվեց գնաց: Ընտանիք ա պահում, դե մեծ աշխատավարձ չի, բայց գոնե աշխատանք ունի»:

Սոթքի տարեց բնակիչներից մեկն էլ վրդովված ասում է՝ «Հա, գործ ունեն, բայց աղքատ են ստեղի մարդիկ, բա հենց էդ ա վատ, որ համ աշխատում են, համ աղքատ են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի says:

    Հրաշք ու բարի մարդիկ:

Պատասխանել Անի

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31