Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ո՞վ լինի մեծամիտ, եթե ոչ այդ հանճարեղ երեւույթը»

Հուլիս 27,2017 14:00

Լրացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Բաբկեն Ներսիսյանի 100-ամյակը

«Առավոտը» հանդիպեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին:

Երվանդ Ղազանչյան

Մեր նպատակն էր նախ անդրադառնալ վերջերս նրա ռեժիսուրայով կայացած Գուրգեն Խանջյանի «Քարերը հավաքելու ժամանակը» ստեղծագործության պրեմիերային եւ տեղեկանալ հաջորդ խաղաշրջանում սպասվող նոր աշխատանքների մասին: Մեր զրույցը չկայացավ, փոխարենը պարոն Ղազանչյանը սկսեց մենախոսությունը թատրոնի եւ կինոյի մեր մեծերից Բաբկեն Ներսիսյանի մասին, որի 100-ամյակը լրացավ օրերս:
«Իսկապես մեծ դերասան… Մեր հզոր փաղանգի շղթայի վերջին օղակն էր: Իր նախորդների՝ Ադամյանի, Փափազյանի, Աբելյանի, Ալիխանյանի, Զարիֆյանի…, իրապես այս հսկաների արժանավայել շարունակություն… Չեմ կարող ասել՝ երբ եմ առաջին անգամ լսել կամ հանդիպել վարպետին, հետո արդեն՝ բարեկամիս, կյանքի վերջին տարիներին՝ ընկերոջս: Բայց գիտեմ, որ առաջին իսկ շփումից մի փոթորիկ տակնուվրա արեց հոգիս: Դերասան, որի մարմնավորած կերպարները թատրոնում ու կինոյում անտարբեր չթողեցին հանդիսատեսին: Դերակատարումների մասին անշուշտ խոսել են ու դեռ կխոսեն թատերագետները:

Արտիստը Սայաթ-Նովայի կերպարում՝ ռեժիսոր Կիմ Արզումանյանի համանուն ֆիլմում, 1960 թ.

Բաբկեն Ներսիսյան. եւ այդ մեծ արտիստի հարյուրամյակն աննկատ անցնի՝ հանցագործություն է: Վերջապես մեր երիտասարդությունը պետք է իմանա, որ թատրոնը իրենցից չի ծնվել եւ իրենցով չի ավարտվելու: Վերջապես պիտի գիտակցվի, որ մենք հայր ու մայր, տատ ու պապ ենք ունեցել:

Իմ սիրելի ու թանկագին ընկեր, ինչքան էլ փորձեմ գտնել բարձր արվեստդ բնորոշող բառեր, խոսել քո մասին, միեւնույն է, դու չունես դրա կարիքը եւ վաղուց ապրում ես երկնային կյանքով՝ քո հզոր գործընկերների ընտանիքում:

Ասում էին Բաբկեն Ներսիսյանը մեծամիտ է, ես էլ հակադարձում էի՝ բա ո՞վ լինի մեծամիտ, եթե ոչ այդ հանճարեղ երեւույթը:

Բարեկամս, ես հիմա հանգիստ եմ, ուրախ, որ այսօր հանձին քո որդու՝ Տիգրանի, Ներսիսյան ազգանունդ շարունակում է բեմական հետքդ: Հավատա ինձ՝ Տիգրանդ պատվով ու խղճով է կրում այդ ծանր ու պարտավորեցնող բեռը: Համոզված եմ, թեեւ գիտես, թե մեծ հաշվով ինչ դատարկություն է տիրում քեզանից ու քո ընկերներից հետո… Հիմա ի՞նչ անենք, ինչպե՞ս անենք, որ շատերս ջուրն ընկածի պես մտամոլոր չքշվենք, ախր երկրի խիղճը, գիտես, մշակույթն է: Ախր ես էլ քո նման շատ եմ ուզում, որ ապրենք ու սիրենք մեր հողը…
Սիրելիս, ինձ համար՝ լինեմ տանը, թե աշխատավայրում, պակասում է քո հումորը, խոսքիդ կուլտուրան… տեսակդ: Բայց, գիտե՞ս, նվիրյալներ այսօր էլ կան, ինչը մեծ ուժ, հավատ է ներշնչում: Գիտեմ, որ գիտես, բայց ասեմ, որ պիտի գա ժամանակը, որ հայ թատրոնի կառքին լծված «տրոյկան» միայն մեջտեղի ձին չքաշի:

Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի գիրքը:

Քեզ հետ տարիների շփումից շա՜տ բաներ են տպավորվել մեջս: Հիշո՞ւմ ես, օրինակ, երբ քննարկում էին Վարդան Նիկիտիչի ռեժիսուրայով բեմադրված Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսը, Ռուբեն Զարյանը դառնալով քեզ, ասաց՝ իզուր չէ, որ ազգանունդ Ներսիսյան է…:

Բաբկեն, արի մի բան շշնջամ ականջիդ՝ լինել ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող հայ թատրոնի մեծերից, ի՜նչ երջանկություն է: Գիտենք, չէ՞, որ հույն պատմիչ Պլուտարքոսն է վկայել մ.թ.ա. 53 թ. Արտաշատում բեմադրված Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» պիեսի մասին եւ որ հայոց Արտավազդ Երկրորդն էլ գրել է ողբերգություններ…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Բաբկեն Ներսիսյանը՝ ղազանչյանական ռեժիսուրայով Շեքսպիրի «Ամեն ինչ լավ է, թե լավ է վերջանում» բեմադրության մեջ, 1985թ.:

 

«Առավոտ»

26.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանուշ says:

    Բաբկենը մեծություն չէր: Միջակ տաղանդ էր:

Պատասխանել Մանուշ

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31