Բնապահպանական հաշվարկները ցույց են տալիս, որ մեր երկրի միայն 10 տոկոսն է պատված խոնավ տարածքներով: Ինչ վերաբերում է ճահիճներին, դրանք ավելի քիչ են եւ կազմում են այդ տարածքների մոտավորապես 0,4 տոկոսը:
Վերլուծությունների համաձայն՝ ճահիճների անհետացման հիմնական պատճառներից մեկն այն է, որ դրանք խորհրդային շրջանում վերածվեցին գյուղատնտեսական հողերի, իսկ մյուս պատճառներից մեկը պայքարն էր մալարիայի դեմ: Այսպես՝ մարդու ինտենսիվ գործունեության հետեւանքով ճահիճների դեգրադացիան խիստ բացասական ազդեցություն ունեցավ բնական հավասարակշռության վրա: Դա փրկելու եկավ Ռամսարի կոնվենցիան` միակ համաշխարհային կոնվենցիան, որն ուղղված է կոնկրետ էկոհամակարգերի պահպանությանը: Հայաստանը վերոհիշյալ կոնվենցիային միացավ 1993-ին՝ լինելով առաջինը նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, եւ միջազգային կարեւորության խոնավ տարածքների ցանկում ընդգրկեց Սևանա լիճը` իր ջրահավաք ավազանով (489.100 հա), ու Արփի լիճը` հարակից ջրային տարածքներով:
Տարիներ առաջ, երբ Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Նիք Դեւիսոնը Հայաստանում էր, նա նկատել էր, որ Հայաստանը վերջին տարիներին բնապահպանական կոնվենցիաների ուղղությամբ հաջողություններ է գրանցել: «Բավականաչափ կարևոր աշխատանք է կատարվել` կապված խոնավ տարածքների եւ էկոհամակարգերի պահպանության հետ, սակայն անելիքները դեռ շատ են»,- ասել էր նա:

«ՀՀ Շիրակի մարզում եւ Վրաստանի Ջավախքում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի նախագիծը Գերմանիայի զարգացման եւ համագործակցության նախարարության հավանությունը ստացել էր դեռեւս 2007 թ.-ին, արդյունքում՝ մեր երկրին KfW բանկի կողմից տրամադրվեց 2,2 մլն եվրո ֆինանսավորում: Նշված ծրագրի շուրջ 2007 թվականին Գերմանիայի վերականգնման վարկերի բանկը (KfW) ՀՀ բնապահպանության նախարարության անունից պայմանագիր կնքեց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Գերմանիայի եւ Հայաստանի գրասենյակների հետ` ծրագրի իրականացմանն օժանդակելու համար:

«Բնությունը սահմաններ չի ճանաչում, այս համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից` հուսադրելով, որ այս ձեռնարկը մեծապես կնպաստի տարածաշրջանի զարգացմանը»,- ժամանակին ասել էր Հայաստանում Գերմանիայի դեսպան տկն Անդրեա Վիկտորին՝ հավելելով, որ Ջավախք-Շիրակ տարածքը ներառում է Հայաստանի, Թուրքիայի եւ Վրաստանի մի մասը:
«WWF- Հայաստան» գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը նշում է, որ ծրագրի նպատակն էր պահպանել Հայաստանում Շիրակ-Ջավախք բարձրավանդակի բացառիկ կենսաբազմազանությունը, որը տեղակայված է Վրաստանի եւ Թուրքիայի սահմանի երկայնքով: «Բնապահպանական ոլորտում առաջին անգամ իրականացվեց ծրագիր Գերմանիայի և Հայաստանի կառավարությունների հետ համատեղ: Հաջորդ խնդիրը վերաբերում է կենսաբազմազանությանը: Ազգային պարկը ստեղծվեց զրոյից` Արփի լճի շրջակայքում, որի շրջանակներում հիմնականում դիտարկվեցին առաջին հերթին կենսաբազմազանության` բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության խնդիրները, իսկ ծրագրի իրականացման արդյունքում շփվեցինք եւ սոցիալ-տնտեսական տարաբնույթ ծրագրեր իրականացրեցինք պահպանվող տարածքի սահմաններում գտնվող համայնքներում: Երրորդ կարեւորագույն խնդիրը ծրագրի անդրսահմանային լինելն է. այն իրականացվեց եւ դեռ շարունակում է իրականացվել Վրաստանի հետ համատեղ»,- ասում է Մանվելյանը:


Կարեն Աղաբաբյանը (Ամերիկյան համալսարանի Հակոբյանի անվան բնապահպանական կենտրոն), ում գլխավորությամբ ուսումնասիրվել է Արփի լճի եւ հարակից տարածաշրջանի թռչնաշխարհը, նշում է, որ տարածքում կան այնպիսի թռչնատեսակներ, որոնք կարողանում են հարմարվել հենց Արփի լճում, դրանցից են, օրինակ՝ գանգրափետուր հավալուսնը, Կովկասյան գեղգեղիկը, մոխրագույն կռունկը, սեւ արագիլը եւ այլն: «Հայկական որորի մասով կարող ենք ասել, որ աշխարհում ամենամեծ բնադրավայրը /գաղութը/ գտնվում է հենց Արփի լճում, եւ այստեղ հաշվառվել է ավելի քան 8000 զույգ որոր»,- ասում է թռչնաբանը` նշելով, որ տարածքը հետաքրքիր է նաև անտառային թռչնաշխարհով, դրանք տարածքում սկսել են բնադրվել այն ժամանակ, երբ լճի ափերին սկսեցին ստեղծվել արհեստական անտառաշերտեր: «Տարածքը նաեւ շատ կարեւոր տեղ է չուի ժամանակ, այնտեղ իրնց հանգիստն են գտնում տարբեր տեսակներ` հետագայում շարունակելով չուն»,- ասում է Աղաբաբյանը:
Արփի լճի թռչնաշխարհը տեսակային առումով կարելի է համարել ուսումնասիրված, սակայն դեռեւս բաց է մնում քանակական տվյալների բազան, ինչը կարեւոր գործոն է ազգային պարկի էկոհամակարգերի իրավիճակը գնահատելու համար:

«Երկու կողմերում էլ ստեղծվել են միատեսակ քարտեզներ՝ կենդանական, բուսական եւ այլն: Տուրիստների համար ստեղծվել են միասնական անդրսահմանային քարտեզներ` իրենց երթուղիներով ու ուղենիշներով»,- ասում է Կ. Մանվելյանը՝ ընդգծելով, որ երկու պահպանվող տարածքների համար միակ եւ առաջնային նպատակը զբոսաշրջության զարգացումն է:
«Արփի լիճ» ազգային պարկ հասնելու համար պետք է հասնել Հայաստանի ամենացուրտ տարածքը, եւ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի վերջնամասում ձեզ կողջունի ազգային պարկի այցելուների կենտրոնը:
Ցանկության դեպքում այստեղ այցելած զբոսաշրջիկներին կառաջարկվեն ուղղություններ, թե որտեղ կարելի է այցելել:
25 հազար հա մակերեսով տարածքը հսկում են ձիավոր տեսուչները:
Մասնագետները հիշեցնում են, որ այս տարածքում թեեւ հանդիպում է կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս եւ այլն), սակայն ամենախոշոր կաթնասուններից շատ են գայլերը: Այնպես որ` ԵՄ շատ երկրներից այս տարածք կարելի է զբոսաշրջիկներ ուղղորդել, որպեսզի դիտարկեն գայլերին, քանի որ Եվրոպայում այսօր գայլերը անհետացած տեսակ են համարվում:

Թռչնադիտարկման հարմար վայրեր են նաեւ Ախուրյանի կիրճի որոշ հատվածներ:
Ազգային պարկի որոշ տեղամասերում` լճից շուրջ 20 կմ հեռու, գործում է 5 օրանոց չորրորդ էկոերթուղին, որը հնարավորություն է տալիս դիտարկել Դարեւսկու իժերին:
Ներկայումս Անդրսահմանային միացյալ քարտուղարության աջակցությամբ մշակվում է տարածաշրջանային արահետը, որում պետք է ներառվեն նաեւ «Արփի լիճ» եւ «Ջավախեթի» ազգային պարկերը, որոնք էլ մաս կկազմեն անդրսահմանային մեծ արահետի, եւ եթե զբոսաշրջիկը , օրինակ, «Բորժոմի- Խարագաուլի» ազգային պարկ այցելելուց հետո ցանկություն ունեցավ անցնելու Հայաստան, ապա կարող է օգտվել նաեւ անդրսահմանային երկու պահպանվող տարածքներից եւ նոր հասնել «Խոսրովի անտառ» պետարգելոց, ապա` «Դիլիջան» ազգային պարկ:

Գալուստ ՆԱՆՅԱՆ


















































