Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասյան արահետում կընդգրկվի նաեւ «Արփի լիճ» ազգային պարկը

Օգոստոս 02,2017 15:27

Բնապահպանական հաշվարկները ցույց են տալիս, որ մեր երկրի միայն 10 տոկոսն է պատված խոնավ տարածքներով: Ինչ վերաբերում է ճահիճներին, դրանք ավելի քիչ են եւ կազմում են այդ տարածքների մոտավորապես 0,4 տոկոսը:

Վերլուծությունների համաձայն՝ ճահիճների անհետացման հիմնական պատճառներից մեկն այն է, որ դրանք խորհրդային շրջանում վերածվեցին գյուղատնտեսական հողերի, իսկ մյուս պատճառներից մեկը պայքարն էր մալարիայի դեմ: Այսպես՝ մարդու ինտենսիվ գործունեության հետեւանքով ճահիճների դեգրադացիան խիստ բացասական ազդեցություն ունեցավ բնական հավասարակշռության վրա: Դա փրկելու եկավ Ռամսարի կոնվենցիան` միակ համաշխարհային կոնվենցիան, որն ուղղված է կոնկրետ էկոհամակարգերի պահպանությանը: Հայաստանը վերոհիշյալ կոնվենցիային միացավ 1993-ին՝ լինելով առաջինը նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, եւ միջազգային կարեւորության խոնավ տարածքների ցանկում ընդգրկեց Սևանա լիճը` իր ջրահավաք ավազանով (489.100 հա), ու Արփի լիճը` հարակից ջրային տարածքներով:

Տարիներ առաջ, երբ Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Նիք Դեւիսոնը Հայաստանում էր, նա նկատել էր, որ Հայաստանը վերջին տարիներին բնապահպանական կոնվենցիաների ուղղությամբ հաջողություններ է գրանցել: «Բավականաչափ կարևոր աշխատանք է կատարվել` կապված խոնավ տարածքների եւ էկոհամակարգերի պահպանության հետ, սակայն անելիքները դեռ շատ են»,- ասել էր նա:

Նշենք, որ Ռամսարի կոնվենցիայի քարտուղարությունը դեռևս 2000-ականների սկզբին ՀՀ-ին տրամադրեց փոքր դրամաշնորհներ, որոնք ուղղված էին տարաբնույթ ծրագրերի, որոնց արդյունքում պետք է ստեղծվեն նոր պահպանվող տարածքներ:

«ՀՀ Շիրակի մարզում եւ Վրաստանի Ջավախքում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի նախագիծը Գերմանիայի զարգացման եւ համագործակցության նախարարության հավանությունը ստացել էր դեռեւս 2007 թ.-ին, արդյունքում՝ մեր երկրին KfW բանկի կողմից տրամադրվեց 2,2 մլն եվրո ֆինանսավորում: Նշված ծրագրի շուրջ 2007 թվականին Գերմանիայի վերականգնման վարկերի բանկը (KfW) ՀՀ բնապահպանության նախարարության անունից պայմանագիր կնքեց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Գերմանիայի եւ Հայաստանի գրասենյակների հետ` ծրագրի իրականացմանն օժանդակելու համար:

Տասը տարի առաջ «Արփի լիճ» ազգային պարկի հիմնման ծրագրի մեկնարկն ազդարարելով` պատասխանատու կողմերը հայտարարեցին, որ ծրագրի հիմնական նպատակը կլինի պահպանել Ջավախք- Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանությունը, ընդ որում` «Արփի լիճ» ազգային պարկը նաեւ կաջակցի կայուն գյուղական զարգացմանը՝ Հայաստանի Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանում ընդգրկելով 14 թիրախային համայնքներ: Անդրսահմանային այս ծրագիրը միաժամանակ իրականացվում էր ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում (այդ երկրի գումարային բաժինը կազմում էր մոտ 2,5 մլն եվրո):

«Բնությունը սահմաններ չի ճանաչում, այս համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից` հուսադրելով, որ այս ձեռնարկը մեծապես կնպաստի տարածաշրջանի զարգացմանը»,- ժամանակին ասել էր Հայաստանում Գերմանիայի դեսպան տկն Անդրեա Վիկտորին՝ հավելելով, որ Ջավախք-Շիրակ տարածքը ներառում է Հայաստանի, Թուրքիայի եւ Վրաստանի մի մասը:

«WWF- Հայաստան» գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը նշում է, որ ծրագրի նպատակն էր պահպանել Հայաստանում Շիրակ-Ջավախք բարձրավանդակի բացառիկ կենսաբազմազանությունը, որը տեղակայված է Վրաստանի եւ Թուրքիայի սահմանի երկայնքով: «Բնապահպանական ոլորտում առաջին անգամ իրականացվեց ծրագիր Գերմանիայի և Հայաստանի կառավարությունների հետ համատեղ: Հաջորդ խնդիրը վերաբերում է կենսաբազմազանությանը: Ազգային պարկը ստեղծվեց զրոյից` Արփի լճի շրջակայքում, որի շրջանակներում հիմնականում դիտարկվեցին առաջին հերթին կենսաբազմազանության` բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության խնդիրները, իսկ ծրագրի իրականացման արդյունքում շփվեցինք եւ սոցիալ-տնտեսական տարաբնույթ ծրագրեր իրականացրեցինք պահպանվող տարածքի սահմաններում գտնվող համայնքներում: Երրորդ կարեւորագույն խնդիրը ծրագրի անդրսահմանային լինելն է. այն իրականացվեց եւ դեռ շարունակում է իրականացվել Վրաստանի հետ համատեղ»,- ասում է Մանվելյանը:

Ծրագրում լուրջ տեղ է հատկացված եղել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական եւ կենսաբանական գնահատմանը, որի արդյունքները կիրառվել են ազգային պարկը ստեղծելիս: «Բուֆերային գոտու համայնքները զարգացնելու նպատակն այն է, որպեսզի դրանք զարգանան` առանց վնասելու բնությունը, ապրեն եւ արարեն պահպանվող տարածքի հետ համահունչ: Օրինակ՝ 11 համայնքում վերանորոգեցինք խմելու ջրի ջրատարները, CARD-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծեցինք անասնապահների աջակցության կենտրոնը Ամասիայում, գյուղտեխնիկա է տրամադրվել նաեւ որոշ համայնքների, կառուցվել է տուրիստական կենտրոն, Ազգային պարկում կառուցվել է վարչական եւ այցելությունների կենտրոն` բոլոր հարմարություններով, հիմնադրվել է մեղվապահական տնտեսություն եւ այլն»,- ասում է Կ. Մանվելյանը` նշելով, որ եթե վերլուծենք, ապա կարող ենք ասել, որ արդյունքում ստեղծվել է 44 աշխատատեղ, ինչը շատ կարևոր է այդ տարածաշրջանի համար: «Ներդրվեց պահպանության ռեժիմը: Եթե նախկինում, օրինակ, թռչունների շատ տեսակներ չէին երեւում այդ տարածքում, ապա այսօր դրանք բնադրում են, եւ կարելի է նկատել տարածքում»,- ասում է նա:

Հայաստանում գրանցված 366 թռչնատեսակներից մոտ 200-ը հանդիպում են Արփի լճում, եւ այս առումով լիճը շատ հետաքրքիր տարածք է, որտեղ հետագայում կարելի է զարգացնել տուրիզմի` թռչնադիտարկումներ կատարելու տեսակը: Նշենք, որ 200 տեսակից, որոնցից 40-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, 29-ը գիշատիչներ են, իսկ մնացածը տարբեր ջրլող եւ ջրաճահճային թռչուններ: Գրանցված տեսակներից 80-85-ը բնադրում են հենց տեղում, իսկ դրանցից 7-ն այսօր համարվում են համաշխարհային բնապահպանական մտահոգության տեսակներ: Դրանք են հավալուսնը, ջրահավը, էնդեմիկ հայկական որորը եւ այլն, որոնք բազմանում են հենց այս վայրում: Այստեղ են գտնվում հայկական որորի ամենամեծ «գաղութն» աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակատեղին Հայաստանում:

Կարեն Աղաբաբյանը (Ամերիկյան համալսարանի Հակոբյանի անվան բնապահպանական կենտրոն), ում գլխավորությամբ ուսումնասիրվել է Արփի լճի եւ հարակից տարածաշրջանի թռչնաշխարհը, նշում է, որ տարածքում կան այնպիսի թռչնատեսակներ, որոնք կարողանում են հարմարվել հենց Արփի լճում, դրանցից են, օրինակ՝ գանգրափետուր հավալուսնը, Կովկասյան գեղգեղիկը, մոխրագույն կռունկը, սեւ արագիլը եւ այլն: «Հայկական որորի մասով կարող ենք ասել, որ աշխարհում ամենամեծ բնադրավայրը /գաղութը/ գտնվում է հենց Արփի լճում, եւ այստեղ հաշվառվել է ավելի քան 8000 զույգ որոր»,- ասում է թռչնաբանը` նշելով, որ տարածքը հետաքրքիր է նաև անտառային թռչնաշխարհով, դրանք տարածքում սկսել են բնադրվել այն ժամանակ, երբ լճի ափերին սկսեցին ստեղծվել արհեստական անտառաշերտեր: «Տարածքը նաեւ շատ կարեւոր տեղ է չուի ժամանակ, այնտեղ իրնց հանգիստն են գտնում տարբեր տեսակներ` հետագայում շարունակելով չուն»,- ասում է Աղաբաբյանը:

Արփի լճի թռչնաշխարհը տեսակային առումով կարելի է համարել ուսումնասիրված, սակայն դեռեւս բաց է մնում քանակական տվյալների բազան, ինչը կարեւոր գործոն է ազգային պարկի էկոհամակարգերի իրավիճակը գնահատելու համար:

Անդրսահմանային միացյալ քարտուղարության շրջանակներում Բնության համաշխարհային հիմնադրամը իրականացնում է ծրագիր, որի արդյունքում փորձագիտական խումբը կօգնի երկու անդրսահմանային պահպանվող տարածքներին ստեղծել մոնիտորինգի համակարգ, որն էլ կիրականացնի միասնական հաշվառում` թե՛ կենսաբազմազանության եւ թե՛ զբոսաշրջիկների հաշվառման հետ կապված:

«Երկու կողմերում էլ ստեղծվել են միատեսակ քարտեզներ՝ կենդանական, բուսական եւ այլն: Տուրիստների համար ստեղծվել են միասնական անդրսահմանային քարտեզներ` իրենց երթուղիներով ու ուղենիշներով»,- ասում է Կ. Մանվելյանը՝ ընդգծելով, որ երկու պահպանվող տարածքների համար միակ եւ առաջնային նպատակը զբոսաշրջության զարգացումն է:

«Արփի լիճ» ազգային պարկ հասնելու համար պետք է հասնել Հայաստանի ամենացուրտ տարածքը, եւ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի վերջնամասում ձեզ կողջունի ազգային պարկի այցելուների կենտրոնը:

Ցանկության դեպքում այստեղ այցելած զբոսաշրջիկներին կառաջարկվեն ուղղություններ, թե որտեղ կարելի է այցելել:

25 հազար հա մակերեսով տարածքը հսկում են ձիավոր տեսուչները:

Մասնագետները հիշեցնում են, որ այս տարածքում թեեւ հանդիպում է կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս եւ այլն), սակայն ամենախոշոր կաթնասուններից շատ են գայլերը: Այնպես որ` ԵՄ շատ երկրներից այս տարածք կարելի է զբոսաշրջիկներ ուղղորդել, որպեսզի դիտարկեն գայլերին, քանի որ Եվրոպայում այսօր գայլերը անհետացած տեսակ են համարվում:

Ազգային պարկի տարածքի տարբեր տեղամասերի գաղտնիքները եւ կենսաբազազանությունը զբոսաշրջիկներին ներկայացնելու համար մշակվել է չորս էկոերթուղի՝ հետիոտն եւ ձիերով արշավներ:

Թռչնադիտարկման հարմար վայրեր են նաեւ Ախուրյանի կիրճի որոշ հատվածներ:

Ազգային պարկի որոշ տեղամասերում` լճից շուրջ 20 կմ հեռու, գործում է 5 օրանոց չորրորդ էկոերթուղին, որը հնարավորություն է տալիս դիտարկել Դարեւսկու իժերին:

Ներկայումս Անդրսահմանային միացյալ քարտուղարության աջակցությամբ մշակվում է տարածաշրջանային արահետը, որում պետք է ներառվեն նաեւ «Արփի լիճ» եւ «Ջավախեթի» ազգային պարկերը, որոնք էլ մաս կկազմեն անդրսահմանային մեծ արահետի, եւ եթե զբոսաշրջիկը , օրինակ, «Բորժոմի- Խարագաուլի» ազգային պարկ այցելելուց հետո ցանկություն ունեցավ անցնելու Հայաստան, ապա կարող է օգտվել նաեւ անդրսահմանային երկու պահպանվող տարածքներից եւ նոր հասնել «Խոսրովի անտառ» պետարգելոց, ապա` «Դիլիջան» ազգային պարկ:

«Ցանկանում ենք իրականացնել տարածաշրջանային մոտեցումը, որը, իհարկե, կնպաստի համագործակցությանը եւ այդպիսով կզարգանա զբոսաշրջության ոլորտը: Չմոռանանք նշել, որ յուրաքանչյուր պահպանվող տարածք ունի անհատական զարգացման ներուժ»,- մեզ հետ զրույցում ասում է Անդրսահմանային միացյալ քարտուղարության երրորդ փուլ-ծրագրի ազգային համակարգող Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ դրան պետք է տրվի միասնական տեսք. «Պահպանվող տարածքներում ցանկանում ենք ներդնել էկոտուրիզմի կայուն զարգացման միջազգային ստանդարտների ծրագիր, որը դեռ փաստաթուղթ է, և դեռեւս մշակվում է գործողությունների պլանը` անդրսահմանային արահետ ստեղծելու հետ կապված, որից հետո, որպես վերջնական փուլ, կիրականացվեն ներդրումներ այդ առկա բացերը փակելու համար»:

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031