Aravot.am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե վարչապետ Կարեն Կարապետյանից բացի, որը գնեց Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» արգելոց-թանգարանում գտնվող «Ջրահարս» ռեստորանի շենքը, կա՞ն այլ գնորդներ։ Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Մոսկվայից որևէ արձագանք եղա՞վ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկին, որը մի քանի ամիս առաջ Մոսկվայում որդու հարսանիքը նշելուց հետո շտապել էր հանդիպել տեղի գործարարների հետ՝ հորդորելով գալ ու ներդրումներ անել Գյումրու կենտրոնում։
Քաղաքի գլխավոր ճարտարապետը փոխանցեց, որ հետաքրքրվողներ կան, որոնք ակտիվ բանակցությունների մեջ են ու չի բացառվում, որ մոտ օրերս գնեն Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի կառույցներից որևէ մեկը։ Թե ո՞վ է բանակցողը, ո՞վ ցանկություն ունի մասնակցել վարչապետի՝ հին Գյումրին տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրին, Հենրիկ Գասպարյանը անուններ չնշեց։ Քաղաքապետարանի պաշտոնյան միայն ասաց, որ շատ են հետաքրքրված Գյումրու թիվ 14 փողոցի սեփական տներով, որոնք պատմաճարտարապետական մեծ արժեք են ներկայացնում, սակայն լքված տներ են․ սեփականատերերը մեծամասամբ դրսերում են։

Այն հարցին, թե Մոսկվայի որևէ գործարար արձագանքե՞լ է Գյումրու քաղաքապետի հորդորին, Հենրիկ Գասպարյանն ասաց՝ ցավոք ոչ։ Նա նաև նեղվեց, որ մոսկվայաբնակ գործարար գյումրեցիներից անգամ արձագանք չեն ստացել։
Նշենք, սակայն, որ Գյումրու պատմական կենտրոնում, մասնավորապես Ռուսթավելի փողոցում բնակվող գյումրեցիների փաստմամբ, իրենց տներով հետաքրքրված են «Տաշիրի ժողովուրդը»․ խոսքը Ռուսաստանում գործունեություն ծավալող «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ու նրա մերձավորների մասին է։

Ի դեպ, Գյումրու կենտրոնում ապրող բնակիչների դժգոհելով, օրումեջ անծանոթ մարդիկ հայտնվելով ու ներկայանալով որպես գնորդ՝ ցածր գին են առաջարկում իրենց պատմական կառույցների համար։ Օրինակ՝ պատրաստակամություն են հայտնում մեկ քառակուսի մետրը գնել 200 դոլարով, արդյունքում ասենք 60 քառ․ մետր երկսենյականոց տան արժեքը ստացվում է 12 հազար դոլար, որով հնարավոր չէ երկսենյականոց տուն ձեռք բերել Գյումրու ծայրամասում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































