Լրահոս
Օրվա լրահոսը

Ապազգային գործարքներ՝ Լեւոն Մկրտչյանի նախորդ տարիներին եւս

Սեպտեմբեր 19,2017 23:54 Share

Պատահականությո՞ւն է, թե հատուկ միտում, չգիտեմ, բայց որ կրթության եւ գիտության ոլորտի որոշ ապազգային ու հակապետական ձեռնարկներ կյանքի են կոչվել հենց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի տարբեր տարիների պաշտոնավարման ընթացքում, փաստ է:

Օրինակ, այսօր ցավագին արձագանք կա ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու` վարչապետի ԿԳ նախարարին ուղղված հանձնարարականի առիթով, ու նախարարությունն էլ Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ մշակելուն, որի նպատակը ռուսաց լեզվի դերակատարության բարձրացումն է:

Խմորումները շարունակվում են, մտահոգությունները՝ նույնպես:

Սրան նախորդել էր Ցեղասպանության թեման՝ դպրոցներում դասավանդման աղմուկը, նույնիսկ ձեռնարկ էր ստեղծվել, սակայն կյանքի չկոչվեց հասարակության հակազդման արդյունքում:

Հիշում եմ`տհաճ իրավիճակ էր նաեւ 10 տարի առաջ, երբ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը դարձյալ մեկ այլ՝ Մատենադարան-Հիլլի ձեռագրատուն խայտառակ գործարքի «քավորն» էր: Եվրոպական հայագիտական ասոցիացիայի անդամները Մատենադարանի վզին փաթաթված Հիլլի պայմանագիրը որակել էին նեոգաղութատիրական, մինչդեռ նախարարությունում փակ հավաքներ էին անում, խուսափում լրագրողներից, մասնագիտական քննարկումներից: ԿԳ նախարարի բերանով շրջանառության մեջ էր դրվել իբր $70-80 մլն-անոց ծրագիր, մինչդեռ խոսքը ընդամենը $ 1մլն-ի մասին էր:

Իսկ Մատենադարան-Հիլլի ձեռագրատուն պայմանագրի մի կետում նույնիսկ նշված էր, որ գիտնականների համար ձեռագրերի մատչելիությունը կորոշի «Հիլլը», իսկ Մատենադարանին ընդամենը տեղյակ կպահվի: Մատենադարանի բոլոր իրավունքները, ըստ էության տրվում էր ամերիկյան այդ ձեռագրատանը, որը պետք է թվայնացներ Մատենադարանի ժառանգությունը:

Այն ժամանակ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ամեն ինչ հարթ իրականացնելու համար Մատենադարանի տնօրենի ընտրությունների նախաշեմին փոխել էր «խաղի կանոնները»:

Ըստ Մատենադարանի կանոնադրության, տնօրենի ընտրությունը պիտի կատարեր գիտաշխատողներից եւ ձեռագրագետներից կազմված գիտխորհուրդը, սակայն կանոնադրական փոփոխությամբ, խորհրդի նոր կազմ էր հաստատվել: Այնուհետեւ ԿԳ նախարարը դիմել էր վարչապետին՝ առաջարկելով, որ գիտխորհուրդը վերանվանվի խորհուրդ եւ նրա կազմում տեղ գտնեն կառավարության ու նախարարության մի խումբ չինովնիկներ:

Ի դեպ, 2007-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սուրբ Հովհաննես համալսարանին կից «Հիլլ» ձեռագրերի գրադարան-թանգարանի կայքում զետեղված էր տեղեկատվություն, որ Երեւանից գնվել է 3 ձեռագիր: Թե ինչպես էին դրանք հասել ԱՄՆ, այդ մասին այն ժամանակ պատմությունը «լռեց»: Լավ էր՝ գոնե Մատենադարանի գործարքը «հարամվեց»: Գիտնականներն ու մտահոգ մարդիկ այն ժամանակ ավելի ակտիվ էին…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ yerkirmedia.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930