Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանը՝ վարչապետի հանձնարարականի մասին. «Մեր միջի հպատակն է խոսում»

Սեպտեմբեր 14,2017 16:20
Avetiq Ishxanyan

Aravot.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, ըստ որի ԿԳ նախարարությունը ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ է մշակելու, որի նպատակը ռուսաց լեզվի դերակատարության բարձրացումն ու հանրայնացումն է, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց. «Ես պատկերացնում եմ, եթե այդպիսի առաջարկություն աներ Ռուսաստանի որեւէ պաշտոնյա, Հայաստանում ի՜նչ աղմուկ կբարձրանար, թե ռուսները ոնց են խառնվում մեր ներքին գործերին, ոնց են մեզ պարտադրում»:

Ավետիք Իշխանյանը փաստում է, որ դա նոր բան չէ. «Նույնը 2010թ, երբ Լեզվի մասին օրենքում փոփոխություն մտցվեց` բացելով դռները օտարալեզու դպրոցների առաջ, էլի Ռուսաստանից չէր այդ պահանջը: Մեր իշխանություններn իրենք իրենց նախաձեռնությամբ դա արեցին: Տվյալ դեպքում ես էլի համոզված եմ, որ սա ոչ թե պարտադրանք է, այլ մեր միջի հպատակն է խոսում` ռուսներին դուր գալու համար: Իսկ ընդհանրապես իմ կարծիքը լեզուների հետ կապված հետեւյալն է: Հայաստանում կրթական մակարդակն այնպիսին պետք է լինի, որ բացի մնացած հանրակրթական առարկաները բարձր մակարդակով սովորելուց, նաեւ հայկական դպրոցն ավարտողը հայերենից բացի, փայլուն տիրապետի առնվազն 2-3 լեզվի: Հետաքրքիրն այն է, որ այս պարագայում խոսքը գնում է ռուսաց լեզվի առանձին հայեցակարգի եւ օտար լեզուների դասավանդման առանձին հայեցակարգի մասին, այսինքն` այդ հոգեբանությամբ ռուսաց լեզուն չի դասվում օտար լեզուների շարքում: Եթե մնացածը օտար լեզուներ են, ապա ռուսաց լեզուն ի՞նչ է… Ցանկացած քաղաքակիրթ ազգ ունենում է մայրենի լեզու եւ օտար լեզուներ, իսկ մենք, ստացվում է` ունենք 2 մայրենի լեզու եւ օտար լեզունե՞ր»:

Ավետիք Իշխանյանի ձեւակերպմամբ, դա գալիս է հպատակի մեր հոգեբանությունից. «Մենք 27 տարի անկախ ենք, բայց այդ հոգեբանությունից դեռեւս չենք ազատվել: Ինձ համար զարմանալի է, որ 27 տարվա Անկախությունից հետո չենք ձերբազատվել այդ մտայնությունից: Հայերենից բացի, բոլոր լեզուներն օտար են, որոնք, իհարկե, պետք է շատ լավ սովորել: Ես ուղղակի չգիտեմ` ինչ ասել, փաստորեն մենք ներքին անկախություն չունենք, մեր ունեցածը ձեւական անկախություն է: Իսկ եթե ներքին անկախություն չունես, արտաքին անկախությունը ցանկացած պահի կարող ես կորցնել: Վարչապետի հանձնարարականը հենց դա է ցույց տալիս»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. կարինե says:

    Հպատակ վարչապետ են գործուղել, որ հենց այս պլանները իրականացնի։ Ինչ կարիք կա, ինչ որ մի բան առանձին պարտադրել։ Պարտադրանքը ռսահպաըակ վարչապետն է։ Սա է հիմնականը, մնացածը ածանցյալ են

  2. Հայ մարդ says:

    Ներկայիս պաշտոնյաներին երևի թվում է, թե մեր պապերն իրենց իրավունք են տվել, որ մեր մայրենի լեզվին վնաս հասցնելով, այլ ազգերի լեզուներին լավություններ անեն` խորամանկ հնարքներով: Քանի անգամ կարելի է նման հարցերը բերել օրակարգ: Երևի ընտրել եք ժողովրդին հոգնեցնելու տարբերակը: Պարոնայք, լինեք նախարար, թե վարչապետ, միևնույնն է դուք բոլորդ ժամանակավորապես եք պաշտոն զբաղեցնում և ձեզ մեծ իրավունքներ մի վերապահեք: Ներկայիս օրերը ևս գրվելու են հայ ժողովրդի պատմության գրքում և ձեր անունները մեր պատմության էջերում բացասական կերպարներով մի ներկայացրեք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930