Սևանա լիճն ու Սևանի տարածաշրջանն օտարերկրացիների, ինչու չէ, նաև տեղացիների համար միշտ էլ ունեցել է առանձնակի գրավչություն: Շատերը Հայաստան այցի գոնե մեկ օրը նվիրում են լիճ այցելելուն, և պատահական չէ, որ համապատասխան տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունն էլ միշտ առկա է:
Սևանի համայնքապետարանի զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակը, որ գործում է 9 տարի, ամռան ամիսներին կրկնապատկում է իր աշխատանքները:

«Բարի գալուստ» եռալեզու ցուցանակը կրող գրասենյակն ընդունում է զբոսաշրջիկների և զբոսաշրջային խմբերի` նրանց տրամադրելով ընդհանուր և զբոսաշրջային տեղեկատվություն:
Տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, որը 2004թ-ից զբաղվում է զբոսաշրջային գործի կազմակերպմամբ, մեզ հետ զրույցի ընթացքում մանրամասնում է այս և անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին գրասենյակից օգտվողների վիճակագրական տվյալները` միաժամանակ կատարելով համապատասխան դիտարկումներ և եզրահանգումներ:


Դավիթ Թորոսյանի տրամադրած տեղեկատվության համաձայն` Սևանա թերակղզու ավտոկանգառի տարածք ժամանած զբոսաշրջիկների թիվը հուլիս-օգոստոս ամիսներին եղել է 75919 մարդ, որից 8%-ը օգտվել է գրասենյակի ծառայություններից:
Նախորդ տարի Սևանա թերակղզու ավտոկանգառի տարածք ժամանածների թիվը եղել է 32878 մարդ:
Տրամադրվող ինֆորմացիան էլ բազմազան է ու տարողունակ` տուրիստների ընդունելություն, որը ներառում է տեղեկատվության տրամադրում, ուղղորդում, տարածաշրջանի գովազդում, ինչպես նաեւ տարածաշրջանի վերաբերյալ ինֆորմացիայի հաղորդում` ժամանցի կազմակերպման ձևերի, միջոցառումների, տեսարժան վայրերի, գիշերակացի, տրանսպորտի, սննդի կետերի եւ այլ բաղադրիչների ներառմամբ:
Իրականացվելու է նաև հեռախոսային եւ էլեկտրոնային ընդունելություն, աշխատանք մասնագիտացված կառույցների հետ, միջոցառումների կազմակերպում, որը նպատակ ունի գրավելու միջազգային եւ տեղական զբոսաշրջիկներին: Գրասենյակում վաճառվում է տարածաշրջանային տնայնագործական պայմաններում արտադրված գյուղմթերք, ձեռքի աշխատանքներ, տարածաշրջանը ներկայացնող ապրանքատեսակներ:
Տեղեկատվական գրասենյակի պատասխանատուն նկատում է` 3 տարիների դինամիկան փաստում է գրասենյակ դիմածների թվի աճ:
«Ձևավորվել է վստահություն մեր գրասենյակի աշխատանքի նկատմամբ, որտեղ, ի դեպ, կամավորական հիմունքներով աշխատում են Սևանի պետական քոլեջի հյուրանոցային բաժնի ուսանողները: Վստահության գումարելիներն են անվճար, մատչելի, ճշգրիտ տեղեկատվությունը հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ: Միաժամանակ տրամադրում են քարտեզներ, բուկլետներ, անհրաժեշտության դեպքում դառնում ենք գիդեր և թարգմանիչներ: Գուցե նաև այդ է պատճառը, որը հայաստանաբնակ հայերն էլ սկսել են օգտվել մեր ծառայություններից, որոնց թիվն այս տարի` նախորդ երկու ամիսների տվյալներով, 977 է: Փաստորեն, ձևավորվում է մշակույթ ամբողջական տեղեկատվություն ստանալու, այդ տեղեկատվությունից օգտվելու հարցում, որն էլ իր հերթին նպաստում է հանգիստն առավել նպատակային և ուղղորդված կազմակերպելուն»,- ասում է Դավիթ Թորոսյանը:
Բազմազգ և տարբեր մայրցամաքներից ժամանող զբոսաշրջիկների հետ կենդանի շփումների արդյունքում կատարվել են նաև որոշ եզրահանգումներ: Տարածաշրջանում զբոսաշրջային լիարժեք և գործող գոտի ձևավորելու ճանապարհին զգացնել են տալիս մի շարք բացեր:

Անկախ մի շարք «չկա»-ների` տեղեկատվական գրասենյակը փորձում է առավելագույնը տալ և զբոսաշրջիկներին հուզող մի շարք հարցերի պատասխաններ լուծել հենց տեղում:
Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերն ու ձեռնարկներն էլ կլինեն արդյունավետ, եթե ավելի արագ տեղայնացնեն նորն ու առաջադեմը` քայլելով աշխարհի հետ համընթաց:
ԱՐՄԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ


















































