Լրահոս
Օրվա լրահոսը

Եռացող ճգնաժամ Լեռնային Ղարաբաղի շուրջ

Սեպտեմբեր 27,2017 12:45

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտության վերսկսման հավանականությունը կարող է նվազել, եթե առաջընթաց գրանցվի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի գլխավոր նպատակն է կազմակերպել հանդիպում նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև: Նման գագաթնաժողովը կարող է ազդանշան դառնալ հնարավոր բախումներից խուսափելու և բանակցությունների սեղան վերադառնալու համար, ամերիկյան Council of Foreign Relations կազմակերպության կայքում գրում են վերլուծաբաններ Քարի Քավանաֆը և Փոլ Սթեըրսը:

Նուրբ իրավիճակ

Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ բարձր է մնում 2016թ. ապրիլի լայնածավալ ռազմական գործողություններից հետո: Չնայած դրանից հետո ձեռք բերված զինադադարին, տեղերում գրանցվում են հրադադարի խախտման դեպքեր՝ փոքր տրամաչափի զենքերի, ինչպես նաև հրետանու կիրառմամբ: Վերջին մի քանի ամիսներին երկու կողմերից էլ հազարավոր մեղադրանքներ են հնչել հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ, հետևաբար բարձր է մնում լայնածավալ բախումների հավանականությունը: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարում են, որ չեն խուսափի ռազմական գործողություններից, եթե հակառակ կողմը սադրանքների դիմի:

Սեպտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանը հայտարարել է, որ խոշոր ռազմական զորավարժություններ է նախապատրաստում: Դրանց կմասնակցեն 15 հազար զինվորական, մարտական ինքնաթիռ և ավելի քան 150 տանկ և զրահամեքենա: Զորավարժություններին մասնակցում են նաև Թուրքիայի օդուժի F-16 կործանիչներ և C-130 տրանսպորտային ինքնաթիռներ: Ավելին, Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը «անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ կպատժի ագրեսորին, ինչպես որ արել է 2016թ. ապրիլին»:

Տարածաշրջանում այսօր կուտակված սպառազինության մակարդակը վտանգավոր է. վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերը մոտենում են տարեկան 2-3 մլրդ դոլարի: 2012-2016թթ. Ադրբեջանի կողմից զենքի ներմուծումը 20 անգամ գերազանցում է Հայաստանի ռազմական գնումներին: Ադրբեջանը ստացել է իսրայելական անօդաչուներ և օդային պաշտպանության համակարգեր, ռուսական զենիթային կառավարման հրթիռներ և այլ ժամանակակից սպառազինություն: Հայաստանը չի կարող համեմատվել իր հակառակորդի հետ ծախսերով, բայց վերջերս Ռուսաստանից ձեռք է բերել լրացուցիչ սպառազինություն և ժամանակակից հրթիռային համակարգ, որը կարող է օգնել պահպանել կոշտ ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում:

Լեռնային Ղարաբաղի շուրջ լայնածավալ բախումները չեն կարող սահմանափակվել միայն զինվորներով կամ Հարավային Կովկասով: Դրանից հետո կարող է սկսվել փախստականների հոսք, որը կարող է զգալիորեն ազդել Վրաստանի վրա, որտեղ մեծ թիվ են կազմում հայ և ադրբեջանցի փոքրամասնությունները: Վրաստանը նաև զգալի կախում ունի ադրբեջանական գազից: Ակտիվ ռազմական գործողությունները կարող են շարքից դուրս բերել տարածաշրջանի էներգատար ցանցը, որն ադրբեջանական նավթը Վրաստանով տեղափոխում է Թուրքիա: Այդ էներգացանցն էլ հենց պետք է օգնի Եվրամիությանը թուլացնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

Վաշինգտոնի համար Հարավային Կովկասում ռազմական գործողություններն ավելի կբարդացնեն առանց այն էլ սրված հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ:

Խաղի դիվանագիտական կողմը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու հարցը մտել է փակուղի: 2016թ. ապրիլից հետո երկու կողմերից էլ քաղաքական վարքը կոշտացել է, ինչը չի խոսում փոխզիջումային լուծման օգտին:

Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ ապրիլյան լարումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են հակամարտող կողմերի հետ՝ առաջարկելով  ստեղծել հրադադարի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմներ և ընդլայնել ԵԱՀԿ դաշտային առաքելության լիազորությունները: Այդ առաջարկները շարունակում են մնալ բանակցություններում առաջնահերթություն, բայց անցել է ավելի քան մեկ տարի, մինչդեռ այդ քայլերից ոչ մեկ չեն իրականացվել:

2017թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերն ուղղված էին Սարգսյանին և Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելուն: Ֆրանսիան և Ռուսաստանն արդեն պատրաստակամություն են հայտնել կազմակերպել նման հանդիպում: Հուլիսի 11-ին երեք համանախագահները Բրյուսելում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու նախագահների հանդիպման հավանականությունը: Հուլիսի 17-ին Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել նման հանդիպման, չնայած որ «սպասելիքները մեծ չեն»: Նա նշում էր, որ Հայաստանը որևէ նոր մոտեցում հարցի շուրջ չունի: Ադրբեջանն էլ պնդում էր, որ հետագա քննարկումները պետք է լինեն էական, որոշակիորեն առաջընթաց գրանցելու հեռանկարով: Չնայած Պուտինը հուլիսի 21-ին հանդիպել է Ադրբեջանի, իսկ օգոստոսի 23-ին Հայաստանի նախագահի հետ, մինչ օրս Հայաստան-Ադրբեջան նախագահական հնարավոր գագաթնաժողովի մասին պաշտոնական հայտարարություն չկա:

Չնայած միայն դա չի կարող նշանակել առաջընթաց, բայց այն կարող է նշանակել բարձր կամքի դրսևորում և նվազեցնել բախումների վերսկսման վտանգը:

Որոշակի մտավախություններ կան առ այն՝ որքանով է առաջնահերթ այս հակամարտությունը Թրամփի վարչակարգի համար: ՄԽ ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդին օգոստոսի 28-ին փոխարինեց Էնդրյու Շոֆերը, որը վերջերս զբաղեցնում էր ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության գործերի հանձնակատարի պաշտոնը: Այնուամենայնիվ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը օգոստոսին Սենատի արտաքի հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բոբ Քորքերին ուղղված նամակը ստիպում է մտածել, որ այս պաշտոնը կարող է կրճատվել՝ պետքարտուղարության վերակազմավորման շրջանակներում: Անգամ եթե հաստիքը պահպանվի, Շոֆերը չի կարող դրվել դեսպանի մակարդակի: Այդ հանգամանքը զգալիորեն կնվազեցնի ԱՄՆ միջնորդի դիրքը Ռուսաստանի և Ֆրանսիայի նկատմամբ և ազդանշան կլինի առ այն, որ ԱՄՆ-ը թուլացնում է հետաքրքրությունը կամ աջակցությունը ԵԱՀԿ կարգավորման գործընթացում:

Լրացուցիչ գործողություններ և տարբերակներ

ԱՄՆ-ում և Եվրոպայում Հարավային Կովկասի հարցերով փորձագետների, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաների հետ վերջին հանդիպումները ցույց են տալիս, որ կան լրացուցիչ քայլեր, որ կարող են ձեռնարկել ոչ կառավարական կազմակերպությունները, ՄԱԿ-ի գործակալությունները և մյուսները՝ մեղմացնելու թշնամության մակարդակը և հող նախապատրաստելու խաղաղության գործընթացի համար: Դա ներառում հետևյալ նախաձեռնությունները.

Հումանիտար իրավիճակի պլանավորում. ՄԱԿ-ի գործակալությունները և ոչ կառավարական կազմակերպությունները պետք է իրականացնեն մարդասիրական իրավիճակի պլանավորում՝ նախապատրաստվելու փախստականների և ներքին տեղահանվածների հավանական հոսքին և հումանիտար կարիքների ապահովմանը: Այս հարցերն արդեն սկսեն են քննարկվել Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Հաշվի առնելով, որ 2016թ. ռազմական գործողություններն ընթանում էին իրանական սահմանի հարևանությամբ՝ նմանատիպ բանակցություններն օգտակար կլինեն նաև Թեհրանի համար:

Ռազմական-ռազմական շփումներ. Տարածաշրջանի այն երկրները, որոնք կարող են ներքաշվել հակամարտության մեջ, պետք է խրախուսվեն՝ զարգացնելու հատուկ ռազմական-ռազմական կապեր, որով հնարավոր կլինի մեղմացնել չերաշխավորված լարվածության հեռանկարները: Նման կապերը արդեն ապացուցել են իրենց արժեքը, երբ Ռուսաստանն ու Թուրքիան միավորվեցին Սիրիայի դեպքում: Դա կարող է ներառել պարբերաբար դեմ առ դեմ հանդիպումներ, ինչպես նաև կապի թեժ գծերի ստեղծում: Օգտակար կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի միջև կապի վերականգնումը:

Վստահության և անվտանգության կառուցման քայլեր. Մինսկի խմբի համանախագահները պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկեն՝ կողմերի վրա ճնշում գործադրելու համար՝ նվազեցնելու շփման գծում հրադադարի խախտման դեպքերը: Մասնավորապես, կարող են պարտադրել կողմերին հետևել ստանձնած պարտավորություններին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին լիարժեք կերպով զեկուցել այս կենսական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում զարգացումների մասին և ընդգծել նրա անձնական մտահոգությունները վերսկսվող ռազմական գործողությունների վերաբերյալ: Բացի այդ, ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցները պետք է լուրջ առաջադրանքներ կատարեն այստեղ, եթե լայնածավալ գործողություններ սկսվեն:

Տեխնիկական երկխոսություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների միջև պետք է ծավալվի երկխոսություն (նաև եռակողմ քննարկումներ Վրաստանի փորձագետների հետ) տեխնիկական հարցերի վերաբերյալ՝ կապված ջրերի կառավարման կամ տրանսպորտային ենթակառուցվածքների, էկոհամակարգի հետազոտությունների կամ բնական աղետների դիմակայելու հետ:

Քաղհասարակություն. Ի վերջո, ոչ կառավարական կազմակերպությունները պետք է ավելացնեն ջանքերը հասարակության խմբերի, այդ թվում երիտասարդության, գործարարների, լրագրողների միջև շփումներ ստեղծելու ուղղությամբ: Այս ուղղությամբ որոշակի աշխատանք տարվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ: Հենց սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Ռուսաստանի պատրիարք Կիրիլի կողմից նախաձեռնված Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումն այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերից մեկն էր:

Եզրակացություն

Բաց է մնում այն հարցը՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն 2017թ.: Երկուսն էլ ներկա էին Նյու Յորքում, բայց չհանդիպեցին: Փոխարենը նրանք ելույթ ունեցան Գլխավոր վեհաժողվում և իրենց ելույթներն օգտագործեցին ընդգծելու համար իրենց սկզբունքային անվիճարկելի պահանջները (ինքնորոշում և տարածքային ամբողջականություն), միմյանց մեղադրեցին ոճրագործությունների և պատերազմական հանցագործությունների և 2016թ բախումները հրահրելու մեջ: Ու քանի դեռ նրանց ելույթներում հակամարտության խաղաղության բանաձևի հանձնառությունները փոքր տեղ են գրավում, նրանց ուղերձները ցույց են տալիս՝ որքան հեռու է այդ նպատակը:

Ցանկացած պարագայում, այս ամսվա հանդիպումը Թարթլ Բեյում հիանալի հնարավորություն էր մյուս դիվանագիտական պատվիրակությունների, մասնավորապես Մինսկի խմբի և նրա համանախագահների, Իսլամական համագործակցության կազմակերպության, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի համար հանդիպելու և հասկանալու՝ ինչպես պատասխանել ԼՂ մարտահրավերներին:

Եթե դիվանագիտական ճակատում առաջիկայում առաջընթաց չգրանցվի, վերը նշված բազմաթիվ նախաձեռնությունները կարող են և պե՛տք է ձեռնարկվեն՝ ընդգծելու համար  միջազգային մտահոգությունները, ավելի լավ պետք է պատրաստվեն նոր բխումներին և ավելի լայն տեղ հատկացվի խաղաղության գործընթացին: Բարեբախտաբար, այդ նախաձեռնություններից որոշներն արդեն սկսվել են, եզրափակում են հեղինակները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930