Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 5-8-ը անցկացվող «Երևան շոու-2017» ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահը ոլորտի պատասխանատուների և կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կազմակերպած ցուցահանդեսում, դիտել հայրենական և օտարերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական զարդերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ադամանդի և այլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մշակմամբ ստացված իրերը, ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին:
Ավանդական դարձած այս ցուցահանդեսը, որին մասնակցում է շուրջ 70 ընկերություն 6 երկրից (Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, Շվեյցարիա, Բելառուս, Թուրքիա) միտված է խթանելու Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության ճյուղերի զարգացումը, ինչպես նաև նպաստելու տնտեսության հիշյալ ճյուղերում հայաստանյան և օտարերկրյա կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանը:
Ցուցահանդեսային կենտրոնում Նախագահ Սարգսյանը դիտել է նաև Հայաստանի նկարիչների միության կողմից ներկայացրած գեղանկարչական աշխատանքները:
Ոսկերչական ցուցահանդեսից հետո Հանրապետության Նախագահն այցելել է նաև Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ալեքս տեքստիլ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել ընկերության նոր՝ հագուստի արտադրության արտադրամասի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը նորաբաց արտադրամասում շրջայցից հետո ծանոթացել է կարի ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի նախագծին և դրա համաձայն իրականացվելիք աշխատանքներին: Նշվել է, որ շուրջ 35 հազ. քմ ընդհանուր մակերեսով կարի ֆաբրիկայի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017թ. մարտին: Նախնական հաշվարկով կատարվելու է շուրջ 7 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում ֆաբրիկան կունենա շուրջ 3000 նոր աշխատատեղ։

«Ալեքս տեքստիլ»-ի կողմից գործարկվել է նաև գործվածքի նոր արտադրամաս, որտեղ ավելի քան 2 մլն եվրոյի ներդրում են կատարել Սամվել Կարապետյանը և ֆրանսահայ գործարարներ հայր և որդի Ջիջիրյանները։

«Ալեքս տեքստիլ» ընկերությունը Մասիս քաղաքում ձեռք է բերել շուրջ 50 հազ. քմ շենք-շինություններ, որոնց վերակառուցման արդյունքում կստեղծվի նաև բամբակե թելի ֆաբրիկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները, պատասխանատուների հավաստմամբ, նույնպես ընթացքի մեջ են:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































