«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանում է աշխարհահռչակ սոպրանո Ռենե Ֆլեմինգը: Քառակի Գրեմմի մրցանակակիր երգչուհին հոկտեմբերի 7-ին հանդես կգա Ազգային օպերային թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Սոնա Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, տոնական մթնոլորտ է տիրում, եւ փառատոնն ուրախ է հյուրընկալել Ռենե Ֆլեմինգին:

Կոնստանտին Օրբելյանը Ֆլեմինգին բնորոշեց, որպես աշխարհի ամենահայտնի սոպրանոն եւ 20-21-րդ դդ. բացառիկ երաժշտական անհատականություններից մեկը: Ասաց, որ երգչուհու հետ վաղեմի բարեկամներ են եւ քանիցս հանդիպել են տարբեր նախագծերում:

Երգչուհին հավելեց,որ տպավորված է Արարատ լեռան տեսքով: Նա ասաց, որ Հայաստանի եւ հայ երաժշտության հետ առաջին անգամ է ծանոթանում, հասցրել է «Անուշ» օպերայից կտորներ վայելել, կայցելի Ծիծեռնակաբերդ, Հայաստանի տեսարժան վայրեր, նաեւ շարականներ կունկնդրի սուրբ Հովհաննես եկեղեցում: Ֆլեմինգին դուր էր եկել նաեւ Ազգային օպերային թատրոնի ճարտարապետությունը:
Պատասխանելով օպերային դասական գոհարների մոդեռն մեկնաբանությունների վերաբերյալ հարցին, Ռենե Ֆլեմինգն ասաց, որ իրեն այդ մոտեցումը հոգեհարազատ չէ, չբացառեց, որ նման նորամուծությունները կարող են լավ ստացվել, եթե իր խոսքով՚ բեմադրիչն ունի ճշգրիտ պատկերացում օպերային արվեստի մասին եւ բավականաչափ պրոֆեսիոնալիզմ:
Խոսելով իր խիստ խիտ գրաֆիկից ու գերզբաղվածությունից՚ Ֆլեմինգը կարեւորեց ընտանիքի դերը, ասաց, որ ինքն ունի երկու զավակ եւ միշտ աշխատել է հավասարակշռություն պահպանել կարիերայի եւ ընտանիքի միջեւ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































