Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու 8 տանկի դեմ անողոք կռիվ մղած գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանը, որը ոչնչացրել էր առնվազն 4 -ը ու նահատակվել, այսօր կդառնար 21 տարեկան։ Գյումրեցիները հերոսի ծնունդը նշեցին Պանթեոնում, որտեղ նահատակված են ապրիլյան պատերազմի հերոսները։
Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաները՝ մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ, զինվորականները, նահատակված հերոսների բոլոր հարազատները և, իհարկե, շարքային քաղաքացիները ծաղիկներ դրեցին ու գլուխ խոնարհեցին միմյանց կողքի հուղարկավորված հերոսների շիրիմներին։ Մարդկանց հոսքը գերեզմանոց չէր դադարում։ Ծնողները գերեզմանոց էին բերել նաև հերոս տանկիստի անունը կրող փոքրիկ Տիգրանին։ Հիշեցնենք, որ Տիգրանի մահից օրեր անց Գյումրու ծննդատանը ծնված երեխաներից մեկի անունը՝ ի պատիվ հերոսի Տիգրան էին դրել (Տես լուսանկարում)։ Նրանց ընտանիքներն այժմ բարեկամանական ջերմ հարաբերությունների մեջ են։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Տիգրանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, Տիգրանի ծնունդը ամեն անգամ նշել են պապի տնկած ընկուզենու ծառը թափ տալով ու պտուղները հավաքելով։ «Տիգրանը, երբ փոքր էր, հենց աշունը գալիս էր, պապին հարցնում՝ պապ, մեր ընկուզենու ծառը ե՞րբ պիտի թափ տանք։ Պապն ասում էր՝ հենց ծնունդդ գա, թափ կտանք, ու Տիգրանի մոտ տպավորվել էր, որ հոկտեմբերի 14-ը ընկուզենու ծառի թափ տալու օրն է։ Ու ինքը պապի հետ փոքր ժամանակից ընկուզենու ծառը թափ էր տալիս։Իսկ հետո արդեն մենակ էր թափ տալիս․ իր ծննդյան օրը՝ առավոտյան ժամը 8-ին, երբ մենք դեռ չէինք արթնացել, ինքը պարտադիր պիտի թափ տար ընկուզենու ծառը ու համարեր ծնունդը բացված։ Մենք իր ավանդույթը պահում ենք, ու միշտ պիտի հիշենք մեր հերոսների կատարած սխրանքները։ Մենք իրենց սկսած գործը պիտի հասցնենք ավարտին», -ասաց եղբայրը։
Հերոսի ծնունդը շարունակվեց Գյումրու «Հայորդյաց տանը», որտեղ կազմակերպվել էր նաև գեղարվեստական ցերեկույթ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




























































որտեղ նահատակված են ապրիլյան պատերազմի հերոսները, թե՞ որտեղ թաղված են ապրիլյան պատերազմի հերոսները: