Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիվային է» միայն անհանդուրժողականությունը

Նոյեմբեր 01,2017 10:03
sarsap

Ասել, որ «հելոուինը» իմ սիրած տոնն է, եւ ես այդ «մեռելային» խաղի մեջ ինչ-որ մեծ իմաստ եմ տեսնում, իհարկե, մեծ չափազանցություն կլինի: «Սեւ հումորն» էլ ինձ ամենեւին հոգեհարազատ չէ: Բայց ինձ, ճիշտն ասած, զարմացնում է մեր հոգեւոր դասի ակտիվությունը բացառապես «հելոուինի» հարցում:

Մի՞թե սա է մեր հասարակության ամենակարեւոր խնդիրը: Ես երբեք չեմ լսել, որ հոգեւորականն ասի՝ «սիրելի օլիգարխ, սիրելի պաշտոնյա, եղի՛ր հեզ, խոնարհ, ժուժկալ, համեստ, զուսպ, մի՛ եղիր շատակեր, ագահ, ինքնասիրահարված, բռի եւ տգետ»: Այդ բարի խորհուրդը, որը, կարծում եմ, միանգամայն համահունչ է Աստվածաշնչի ոգուն, որեւէ հոգեւորական չի հնչեցնում: Հակառակը՝ եթե հիշյալ ամբարտավան անձը որոշում է եկեղեցի կառուցել, սկսվում են ձոները՝ «ո՜վ մեծն բարերար», «ո՜վ ազգային գործիչ» եւ այլն: Հետեւաբար այն դասի մեջ, որը կազմում է Հայաստանի «վերնախավը», մեր հոգեւորականները որեւէ թերություն չեն տեսնում:

Բայց ահա, երբ գործը հասնում է երեխաներին, որոնք «հելոուին» են խաղում, նրանք լցվում են այնպիսի մի ցասումով, կարծես թե հենց այդ խաղը դադարի, Հայաստանի բոլոր հոգեւոր խնդիրները կլուծվեն: Բայց դա դեռ քիչ է. նրանք պահանջում են, որ իրենց բոլոր զրուցակիցները նույն ձեւի անեծքներ հնչեցնեն «hելոուինի» հասցեին, կրկնեն իրենց գործածած ածականները՝ «սատանայական», «դիվային», «գեհենական» եւ այլն: Այդ ձեւով հոգեւորականները կարծում են, թե դաստիարակում են երիտասարդությանը: Բայց իրականում նման դոգմատիկ, «քառակուսի» մոտեցումներով նրանք վանում են երեխաներին, փակում են մարդկանց սրտերը Աստծո բարիքների առջեւ:

Մանավանդ, որ այդքան խիստ լինելով ինչ-որ հիմար խաղի հանդեպ՝ նրանք չափազանց «լիբերալ» են, երբ խոսքը սեփական «համքարության» մասին է: Հոգեւորականը իր հաճույքի, զվարճանքի համար կենդանիներ է սպանում եւ հետո հպարտորեն նկարվում է իր սպանած լեշերի հետ: Այստեղ նրա «գործընկերների» ցասման պաշարները սպառվում են՝ դե, ինչ արած, մարդ է, հո բոլորը Պողոս առաքյալ չեն կարող լինել: Բայց երբ խոսք է գնում ուրիշների մասին, հոգեւոր դասն այնքան խիստ է դառնում, որ նրան, թերեւս, կնախանձեին իսպանական հավատաքննիչները:

Ինձ թվում է՝ այս կյանքում կա միայն մեկ սատանայական, դիվային երեւույթ՝ դա անհանդուրժողականությունն է՝ համոզմունքը, թե միայն քո ընտրած ճանապարհն է ճիշտը, եւ բոլորը պարտավոր են այդ ճանապարհով գնալ: Այդ համոզմունքն է, որ դժոխային է դարձնում թե՛ նրա կրողի եւ թե՛ նրա շրջապատի կյանքը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Araqel says:

    “մի՛ եղիր շատակեր, ագահ, ինքնասիրահարված, բռի եւ տգետ
    Այդ բարի խորհուրդը, որը, կարծում եմ, միանգամայն համահունչ է Աստվածաշնչի ոգուն, որեւէ հոգեւորական չի հնչեցնում: ”
    Իսկ միգուցե դուք փորձեք դուրս գալ փողոց, ու դա նույն բառերով ասել որևէ մեկին: ?

  2. Artur Lazarian says:

    Ամէն ինչ լաւ էր գրուած։
    Երէկ էլ ե՛ս էի կարդում ու զարմանում. այս մարդիկ մնացել են միջնադարում։

    Իրականում խնդիրը շատ աւելի խորն է. փակ հասարակութիւն, անուղղակիօրէն ճնշուող ազատութիւններ։
    Երիտասարդութիւնը յստակ տեսնում է դրսի ազատութիւնը եւ բնականաբար ուզում է համտեսել։

    Ի վերջոյ, երիտասարդութիւնը ուրախանալու կարիք ունի։ Ի՞նչ է առաջարկում մեր կաղապարուած հասարակութիւնը Հելոուինի փոխարէն։ Ծայրաստիճան ձանձրալի Բարեկենդա՞ն։ Դուք երբեւէ տեսե՞լ էք, թէ ինչպէս են Երեւանում «նշում» Բարեկենդանը. երթ Մաշտոցի պողոտայով հոգեւորականների ու քրիստոնեայ հաւատացեալների մասնակցութեամբ, երգ-երաժշտութեամբ եւ ՄԷԿ տեսակի կոստիւմով՝ ազգային տարազով։

    Ի սէր Աստուծոյ, 21-րդ դարն է դրսում։ Մի քիչ աւելի ստեղծագործ եղէք 🙂 🙂

    Իսկ երբեւէ մասնակցե՞լ էք Հելոուինի կամ թէկուզ հրէական Պուրիմի։ Տեսե՞լ էք կոստիւմների բազմազանութիւնը (հազարաւո՜ր), ուրախ մթնոլորտը։

    Միով բանիւ՝ պախարակելը, արգելելը երբեք ու երբեք արդիւնաւէտ չեն եղել։

    Դու ցոյց տուր, որ ՔՈ՛ՆԸ (Բարեկենդա՞նը), որպէս այլընտրանք, աւելի լաւն է։

    Այսօր դու դա չես կարող ցոյց տալ։ Ուրեմն լռի՛ր։

  3. Ruben says:

    «Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ տիրացուն («բարեկենդանը») լսում է ու ծիծաղում։»

  4. henri says:

    Ընդհանուր առումով մեր /հայ/ հոգեւորականները պէտք ունին աւելի լաւ պատրաստութիւն տեսնել
    հոգեւորական աստիճանները ստանալէն առաջ- Շատ մը թերութիւններ ծնունդ կ՛առնեն մակերեսային պատրաստութեան հետեւանքէն Ս,խորան բարձրանալէ առաջ ; Եկեղեցական կոչումը շատ լուրջ և պատասխանատու հարց է ,Քրիստոսի առակները պատմելով չի վերջանար,պէտք է Աւետարանի հոգիին մէջ թափանցել /Ներումի- Սիրոյ- Հանդուրժողականութեան-եղբայրութեան / ;

Պատասխանել Artur Lazarian

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930