Նոյեմբերի 14-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Երևանի պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյաններին նվիրված համերգի մամուլի ասուլիսը: Բանախոսները ժողովրդական արտիստ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն էին:
Համերգին մասնակցելու են Սոնա Ռուբենյանը, Նաիրա Մանուչարյանը, Մաշա Մնջոյանը, Էմմա Ասատրյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Քրիստինե Պեպելյանը և ամբիոնի նախկին և ներկա շատ սաներ։
«Հիմնադրամը միշտ մեծ սիրով է միանում նման նախաձեռնություններին, որովհետև կարծում ենք, որ մեր հանդիսատեսը՝մասնավորապես երիտասարդությունը, պետք է ավելի հաճախ հնարավորություն ունենա լսել ոչ միայն ձայնագրած, ֆոնոգրամային, այլ նաև կենդանի հնչողությամբ, նվագախմբերի մասնակցությամբ երաժշտություն»,- նշեց Արուսյակ Պողոսյանը։
Նա նաև հավելեց, որ տոմսերը անվճար են տրամադրվելու․«Յուրաքանչյուր համալսարանում հատկացվել է տոմսերի որոշակի քանակ և ուսանողական խորհուրդներից կարելի է վերցնել այն»։

Դիրիժորը նաև խոսեց շատ երգիչների երկրից հեռանալու մասին . «Կարծում եմ ՝ սա ողբերգություն դարձնել պետք չէ․ երաժշտությունը պահանջում է աշխարհայացքի ընդլայնում։ Երբ դրսում հանդիպում ես օտարերկրյա երաժիշտների հետ, վերադառնալուց հետո հասկանում ես, որ նոր լիցքեր ես ստացել։ Մենք ունենք շատ տաղանդավոր ջահելություն, և ես այս փաստին շատ հանգիստ եմ վերաբերվում»։
Նա նաև նշեց, որ էստրադային-սիմֆոնիկ, ինչպես նաև ջազային երաժշտությունը Հայաստանում տարածում է գտել։ «Անկասկած մենք ունենք պրոֆեսիոնալներ և դասական և էստրադային երաժշտության մեջ, իսկ ինչ կապված է ջազին, կարծում եմ Հայաստանը առաջ է շատ երկրներից։ Այստեղ կա մասսա, որը կարող է ջազ լսել։ Վերջիվերջո, եթե դու չունեցար ունկնդիր, քո նվագելը քեզ էլ պետք չի լինի»,-հավելեց նա։
Երևանի պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 ամյակի և ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70-րդ տարելիցին նվիրված համերգը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ


















































