Նոյեմբերի 19-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի Գոշավանք այցի ժամանակ «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին տնօրեն Արծրուն Հովսեփյանը նախարարին դիմելով ասաց՝ խայտառակություն է, որ արդեն 5 տարի վերանորոգման նպատակով եկեղեցու ծածկի սալերը մերկացրել են, անձրեւաջրերը լցվում են ներս, վնասում կրի շաղախով պատերը, մշակութային մեծ նշանակություն ունեցող կոթողը վնասվում է: Ա. Հովսեփյանն ասաց,որ նորոգման համար պետք չէր բոլոր ծածկասալերը բացել, այն միայն այն հատվածի սալերը, որոնք այդ ժամանակ նորոգվում են:





ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանին հարցրինք`կտոր-կտոր, տարիներ շարունակ փոքր ծավալի ֆինանսավորում կատարելու փոխարեն հնարավո՞ր չէ միանգամից մեծ գումար հատկացնել եւ նորոգումն ավարտել, Հայ առաքելական եկեղեցին այդտեղ հոգեւոր պարագաների եւ տարբեր մուրաբաների վաճառքից շահույթներ ստանալով, ինչո՞ւ Գոշավանքի նորոգման համար ֆինանսական ներդրում չի կատարում: Աբրոյանն ասաց, որ Գոշավանքի նորոգման գործում ոչ միայն եկեղեցու, այլեւ ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձի ներդրում ողջունելի կլինի, մանավանդ, որ մշակույթը բոլորինն է: Նա հայտնեց, որ պետությունը տարբեր մշակութային հուշարձանների նորոգման համար գումարներ է հատկացնում, Գոշավանքն ամբողջությամբ միանգամից հնարավոր չէ նորոգել, տեխնոլոգիական առումով դա հնարավոր չէ, սակայն եկեղեցիների ծածկերը հնարավոր է կարճ ժամկետում նորոգել: Նա ասաց, որ Գոշավանքի վերանորոգման աշխատանքների ձգձգումը տեղի է ունեցել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

















































