«Լավ կրթությունը թանկ հաճույք է, բայց կրթությունը նաև չի սիրում հեղափոխական մոտեցումներ»,- սա «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի կարծիքն է: Այսօր խորհրդարանում ընթացող «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Վարդևան Գրիգորյանը նաեւ նկատեց` բարեփոխումների անվան տակ հեղափոխական մոտեցումներ են դրվում:
«ԵԱՏՄ-ին անդամակցելու ժամանակ հանձնարարություն եղավ մշակել կրթության նոր ճանապարհային քարտեզ, սա ուժի՞ մեջ է, թե՞ ոչ: Եթե ուժի մեջ է, ապա ի՞նչ ընթացքով է գնում, որովհետև սա նշանակում է կրթության համակարգի բարեփոխում: Իսկ բարեփոխումների համար հարկավոր են ներդրումներ, բայց, ինչպես գիտենք, առաջիկա 3 տարիների բյուջեն որևէ ֆինանսական ներդրում չի նախատեսում կրթության ոլորտի համար: Եթե չկան միջոցներ, այս ծրագրերը հնարավո՞ր է կյանք կոչել»,- նախարարին հարցրեց Վարդևան Գրիգորյանը:

«Ջարդելու իրավունք չունենք: Մինչև ջարդելն ու փշրելը պետք է հասկանանք, որ սարքելու գումար ունենք, որ ջարդելուց հետո կարող ենք կառուցել: Եթե գումար չունենք, ապա պետք է դանդաղ ռեժիմով վերականգնել: Կրթության մեջ ցանկացած սխալ անմիջապես չի երևում՝ երևում է 5-7 տարի հետո, սխալ անողը պատասխան չի տալիս, հաջորդն է պատասխան տալիս»,-ասաց նա:
Նախարարն ասաց` կրթության վերաարժևորման համար վերանայվում են թե ԵԱՏՄ-ի, թե ԵՄ-ի շրջանակներում համագործակցությունները: «ԵԱՏՄ-ում առայժմ չի զգացվում, որ ռեսուրս կա, եթե փոփոխություններ որոշեն անել, ճանապարհային քարտեզ ունենալ համատարածքային կրթական բարեփոխումներով, ապա գումար չեմ տեսնում, որով հնարավոր է անել: Սակայն մեծ տարբերություն չկա կրթական համակարգերի միջև, համապատասխանեցնելու լուրջ խնդիրներ չկա կրթական գործընթացներում: Այս պահին ԵՏՄ երկրներն էլ չունեն այն ռեսուրսները, որոնք լուրջ փոփոխություններ կսկսեն: Ընդհանուր դաշտում, մեծ հաշվով ՀՀ կրթական համակարգն ավելի լավ վիճակում է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































