Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր «մանրուքներ»

Նոյեմբեր 29,2017 09:56

Երբ ես ասում եմ, որ եվրոպական, ազատական մշակույթը պետք է ստեղծվի ոչ միայն օրենսդրական, քաղաքական բարձր մակարդակներում, այլեւ առօրյա մարդկային եւ մասնագիտական շփումներում, ես նկատի ունեմ, որ այդ «կենցաղային մանրուքները» մթնոլորտ են ստեղծում, իսկ առանց այդ մթնոլորտի հնարավոր չեն «բարձր մակարդակի» բարեփոխումները: Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքս, օրինակ բերեմ իմ մասնագիտական ոլորտից՝ այն կյանքից, որին ավելի շատ եմ ծանոթ: Ձեւակերպեմ ասելիքս որպես բարի խորհուրդներ կամ, եթե ուզում եք, առաջարկներ:

Եվ այսպես.

1/ Եթե ձեր գործընկերը վրիպել է (ո՞ւմ հետ չի պատահում, բոլորս սխալական ենք) եւ, ասենք, «ո»-ի տեղը «ե» է գրել, կամ թյուրիմացաբար կարծում է, որ Հոկտեմբերյան հեղափոխությունը տեղի է ունեցել 1918 թվականին, պետք չի հրապարակավ ցուցադրել ձեր գրագիտությունը՝ հայտնեք նրան իր սխալի մասին անձնական նամակով կամ զանգով: «Հրապարակային նկատողության» դեպքում դուք նպատակ ունեք ինքնահաստատվելու, գործընկերոջը նսեմացնելու, «լայքեր» ստանալու եւ տակը «թարախ» մեկնաբանություններ տեսնելու: Երկրորդ դեպքում դուք, առանց աղմուկ-աղաղակ սարքելու, շատ հավանական է՝ կհասնեք նրան, որ սխալը կշտկվի: Առաջին դեպքում դուք վերցնում եք (կասկածելի «փառք»), երկրորդ դեպքում տալիս եք (ուղղվելու հնարավորություն):

2/ Եթե որեւէ լրատվամիջոցի հաջողվել է հարցազրույց վերցնել նախագահից, վարչապետից կամ ինչ-որ այլ «դժվարամատչելի» անձից, իսկ ձեզ դա չի հաջողվում, մի՛ նախանձեք, մի՛ տոգորվեք «աբիժնիկական» հույզերով ո՛չ այդ անձի, ո՛չ հարցազրույց վերցրած լրագրողի, ոչ էլ նրա լրատվամիջոցի հանդեպ: Կուրծք մի ծեծեք, որ դուք խիզախ եւ անկախ եք եւ, ըստ այդմ, նշված անձին կտայիք այնպիսի սպանիչ, ոչնչացնող հարցեր, որ նրա «պորտը տեղը կընգներ»: Ընդհանրապես՝ անկեղծորեն ուրախացեք ձեր գործընկերների հաջողություններով եւ մի զլացեք դրվատանքի խոսքեր ասել նրանց հասցեին:

3/ Խմբագիրներ, լրատվամիջոցների ղեկավարներ, մի՛ նեղացեք, երբ ձեզ մոտ աշխատող լրագրողները ձեր մոտից գնում են այլ լրատվամիջոց կամ որեւէ ուրիշ տեղ: Մի՛ անվանեք նրանց դավաճաններ, իսկ նրանց նոր գործատերերին՝ «մարդաորսով զբաղվողներ»: Ճորտատիրական ժամանակները վաղուց արդեն անցել են, ձեր աշխատողները ձեր սեփականությունը չեն՝ նրանք իրավունք ունեն փնտրելու նոր աշխատանք, գնալու այնտեղ, որտեղ իրենց համար ավելի հետաքրքիր է, որտեղ ավելի բարձր աշխատավարձ են տալիս եւ այլն:

Իսկ հիմա փորձեք այս երեք կետերը տարածել լրագրությունից դուրս այլ ոլորտների վրա եւ կտեսնեք, թե ինչ է ստացվել:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Փոխանակ հայ լրագրողներին խորհուրդներ տաք, թե ինչպես վազեն մտավոր հաշմանադամ օլիգարխների ետևից և ինտելեկտից զուրկ ու տհաճ ձայնով գոռան`հը, դե ասա փողերդ ուր են – զբաղվեք ձեր անմիջական գործով: Ձեզ հաջողվում է հարցեր տալ հայկական բոմոնդի առաջին դեմքերին`դա իհարկե ձեր ունակությունների գնահատականն է: Հիմա եկել է ժամանկը պատասխանել ձեր ռուսաստանցի – ուկրաինացի գործընկեր Մաքսիմ Շեֆչենկոյին: Բավականին գորշ և տհաճ մի անձնավորություն լկտիաբար խեղաթուրում է (կամ ոչ) իրականությունը: Փորձեք պատասխանել, առանց յախկույուխկի, իբր էն ով է, կամ ես ով եմ: Իսկ հայ լրագրողները հեռու չեն փախնի, մի անհանգստացեք: Կամ ուր էլ փախնեն, միևնույն է գալու են լֆիկից ինտերվյու վերցնեն: Իրար լավ էլ գտել են:

  2. Լավատես says:

    Մի քանի գաղափար էլ ինձնից:
    Ա Ինչքան էլ դրսի զենքն ավելի արդյունավետ լինի, քան մերը, դա ռազմավարական արժեք ունի, քանի դեռ պահեստամասերի խնդիրը չի ծագել, ստացվում է դա մեկ անգամվա օգտագործման զենք է՝ էլ ինչ ռազմավարություն, նույնն էլ փողը՝ մեր փողն էլ միայն արտաքինով է ազգային, բայց հենց հարց է ծագում նոր փողեր արտադրելու՝ հրամանը պետք է դրսից գա, այսինքն տնտեսության պահեստամաս հանդիսացող փողը էլի մեկ անգամվա օգտագործման է: Ի՞նչ անել: Փորձենք խաղի տեսքով հայերով օգտվել միայն իրար ծառայություն մատուցել, բայց միայն այն արժեքներով, որոնց աղբյուրն ու բացարձակ իշխանությունը արժեքի օգտագործման հայերի ձեռքում է, որ ոչ հայը չկարողանա վնաս տալ՝ հայ ուժային կառույցը թույլ չի տա: Կստացվի՝ հարուստ հայն ավելի կհարստանա, հայ ուժեղն ավելի կուժեղանա եւ հայ հոգով, ոգով, խելքով ու շնորհքովն ավելի հոգով, ոգով, խելքով ու շնորհքով կդառնա: Թե լավ ստացվի, հետո կըդգըրկենք մյուս բնիկ ազգերին ու ժողովուրդներին այս խաղի մեջ:
    Բ Մարդը բնության մի բաղադրիչն է եւ երբ խոսում ենք բնապահպանությունից, խոսում ենք ծառերից, կենդանիներից, որը լավ է, բայց մեր մարմինն էլ բնության մի տիեզերք է, մենք պետք է խոսենք ինչպես ազատվենք մեր մարմնի թույներից, ինչպես ճիշտ խնամենք մենք մեր մարմինը, սա էլ պետք է ազգային մշակույթի բաղկացուցիչ մասը լինի:
    Գ Նույնիսկ անհեթեթ գաղափարը ուրիշ խելոքի մոտ կարող է խելոք մտքերի պատճառ դառնալ: 🙂

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930