Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Ասատրյանի գործն ուղարկվելու է առաջին ատյանի դատարան` ամբողջ ծավալով նոր քննության

Դեկտեմբեր 23,2017 14:30

Կարեն Մեժլումյանի գնահատմամբ, բողոք բերելու պատճառը վերաքննիչ
դատարանի բողոքարկվող դատավճռի հիմքում դրված առաջին ատյանի դատարանում եւ վերաքննիչ դատարանում չհետազոտված ապացույցներն են:

Վճռաբեկ դատարանը երկու օր առաջ բեկանեց ինչպես Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 12.10.2007թ. դատավճիռը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 18.06.2008թ. դատավճիռը։

Սիլվա Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարան բողոք բերած փաստաբանը՝ Կարեն Մեժլումյանը, դատարանից խնդրել էր. «Նոր հանգամանքի հիմքով հարուցել Սիլվա Ասատրյանի վերաբերյալ թիվ 12-580/08 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 18.06.2008թ. դատավճռի վերանայման վարույթ: Բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի թիվ 12-580/08 գործով 18.06.2008թ. դատավճիռը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` ամբողջ ծավալով նոր քննության»:
Կարեն Մեջլումյանը մի խնդրանք էլ ուներ Վճռաբեկ դատարանից. «Խնդրում եմ նաեւ, ձեւական նկատառումներով չմերժել գործի պատշաճ կարգով վերանայման պահանջի մասին սույն վճռաբեկ բողոքը»:

Բողոքաբեր փաստաբանը տեղեկացրել էր Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում քննված՝ Յուրի Վոլֆսոնի` ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին, 236 հոդվածի 1-ին, 268 հոդվածի 2-րդ մասերով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ Սիլվա Ասատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով եւ 38-185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով` քննված գործի մասին: Յուրի Վոլֆսոնին ու Սիլվա Ասատրյանին դատարանը մեղավոր էր ճանաչել նշված հոդվածներով եւ 12.10.2007թ. դատավճռով Յուրի Վոլֆսոնի նկատմամբ պատիժ էր նշանակել 11 տարի, իսկ Սիլվա Ասատրյանի նկատմամբ` 9 տարի ժամկետով ազատազրկումը: Ի դեպ, այդ դատավճիռը բողոքարկվել էր Սիլվա Ասատրյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի եւ Յուրի Վոլֆսոնի պաշտպան, փաստաբան Անժելա Կարապետյանի կողմից:

Ըստ բողոքաբերի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 18.06.2008թ. դատավճռով վճռել էր Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի դատավճիռը Վոլֆսոնի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխել ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 6 տարի ժամկետով, իսկ Սիլվա Ասատրյանի վերաբերյալ դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 38-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով թողնել անփոփոխ. «Պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքները թողնել առանց բավարարման»: Պաշտպանական կողմը մինչ օրս չի վերականգնել նյութական եւ դատավարական իրավունքի խախտման հետեւանքով առաջացած վնասը, խախտվել էր նաեւ ՀՀ Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան:
ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2008թ. թիվ ՎԲ-82/08 որոշմամբ էլ պաշտպանական կողմի վճռաբեկ բողոքը վերադարձվել էր:

Նշվեց, որ 15.12.2008թ.-ին Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալուց հետո վեցամսյա ժամկետում Ս. Ասատրյանի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի խախտման հիմքով:
Եվրոպական դատարանը «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3571/09 գործով 27.04.2017թ.-ին վճիռ է կայացրել եւ արձանագրել է Կոնվենցիայի նշյալ հոդվածի խախտումը:

Ըստ Կ. Մեժլումյանի, վերաքննիչ դատարանի դատավճռի հիմքում դրվել են դատարանում չհարցաքննված վկաներ` Լուսինե Գյուրջինյանի, Աիդա Անդեյանի, Արայիկ Բաղդասարյանի եւ Արմեն Աթանեսյանի` դատարանում չհետազոտված նախաքննական ցուցմունքներ, պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել հարցաքննել այդ ցուցմունքները տված վկաներին:

Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից դատարանում չհարցաքննված վկաների՝ դատարանում չհետազոտված նախաքննական ցուցմունքների հիմքով եւ այդ անձանց հարցաքննելու հնարավորությունից պաշտպանական կողմի զրկված լինելու պայմաններում Սիլվա Ասատրյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել, Կոնվենցիայով երաշխավորված` Սիլվա Ասատրյանի արդար եւ մրցակցային դատաքննության իրավունքն է խախտվել:


ՄԻԵԴ-ը «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3571/09 գործով 27.04.2017թ. վճռում նշել է. «Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրելու դեպքում դիմումատուի համար պետք է հնարավորինս վերականգնվի այն իրավիճակը, որում նա կգտնվեր, եթե սույն դրույթի պահանջները չանտեսվեին: Դատարանը սահմանել է սույն գործին նման նախորդ գործերում` հատուցման ամենապատշաճ ձեւը, որպես կանոն, կլինի գործի պատշաճ կարգով վերանայումը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ»:

ՄԻԵԴ-ը անդրադարձել էր դատարանում չհարցաքննված վկաներին. «Ինչ վերաբերում է վկաներ Ա. Ա.-ին, Ա. Բ.-ին եւ Ա. Ա.-ին, ապա դատարանը նշում է, որ այդ վկաները վերաքննիչ դատարանի կողմից չեն հարցաքննվել: Նրանք նաեւ չեն հարցաքննվել առաջին ատյանի դատարանի կողմից եւ ոչ էլ ընդգրկվել են դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակում: Վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, հիմնվել է նախաքննության ընթացքում նրանց տված ցուցմունքների վրա, երբ մեղադրյալին դեռ որեւէ մեղադրանք առաջադրված չի եղել, ինչի արդյունքում դիմումատուն զրկված է եղել նրանց ցուցմունքները վիճարկելու հնարավորությունից, մինչդեռ քրեական դատավարության ներպետական օրենսդրության համաձայն` Վերաքննիչ դատարանը չէր կարող հիմնվել վերաքննիչ վարույթին չներկայացած եւ առաջին ատյանի դատարանում չհարցաքննված վկաների ցուցմունքների վրա»:

Բողոքաբերի գնահատմամբ, վիճարկվող ապացույցները չէին հետազոտվել դռնբաց դատական քննության ժամանակ, իրենք տեղյակ չեն եղել, վերաքննիչ դատարանը դիմումատուի մեղավորությունը հաստատելու համար հիմնվելու է այդ ապացույցների վրա:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

Հ.Գ.-Հիշեցնենք, խոսքը ԱԺ նախկին պատգամավոր, հանգուցյալ Մելիք Գասպարյանի դեմ մահափորձի գործի մասին է:

«Առավոտ»

22.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031