Hayzinvor.am. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ բոլոր դիրքերը ստացան ամանորյա տոնական արկղեր, որոնցում նաեւ շնորհավորական նամակ կար.

Սա ձեր կյանքում առանձնահատուկ դրվագ է. տոնական զանգերի հետ բաժակ բարձրացնելու փոխարեն լարել տեսողությունը եւ լսողությունը՝ հակառակորդի շարժը հսկելու համար: Իհարկե, ոչ ոք չի մտածում, թե մարտական դիրքն ամենահարմարավետ տեղն է կամ Ամանոր նշելու համար ամենանախընտրելի միջավայրը, սակայն այն հոգեհարազատ է դառնում շատերի համար ու հուշերի շղթայում առանձնահատուկ տեղ գրավում: Հոգեհարազատ, որովհետեւ այս անկյունում ընկերոջդ հետ ես ծանոթացել, գիտես, որ այն հատվածում գետինը խորդուբորդ է, ու պետք է զգույշ քայլել, իսկ այ այնտեղից մի անգամ արձանագրեցիր հակառակորդի տեղաշարժը: Ու հիմա նույն տեղում դիմավորում ես Ամանորը…
Գիտեմ, որ տանեցիներին միշտ հավատացնում եք, թե լավ եք, ցուրտ սառնամանիքին՝ թե շոգ է, վարժանքների ժամանակ՝ թե հանգստանում եք, լարված փոխհրաձգության ժամանակ՝ թե վարժանքների եք: Բայց հավատացնելուց հետո բաճկոնն ավելի պինդ կոճկեք, եւ, ամենակարեւորը, ավելի ուշադիր ու զգոն եղեք: Հայրենիքի համար զոհվելու մասին պատգամները սիրում են տալ հարեւան երկրում: Այնինչ ոչ թե զոհվել, այլ ապրել է պետք հանուն հայրենիքի: Իսկ դուք ոչ միայն ձեր հարազատներին, այլեւ Հայաստան աշխարհին շատ-շատ եք հարկավոր: Հենց դուք, որ Ամանորին դեմքով դեպի հակառակորդն էիք, թիկունքին՝ մի ամբողջ երկիր ու ժողովուրդ: Չէ որ չկա դրանից ավելի վեհ ու դաստիարակչական պահ:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ
Հավատով, վստահությամբ ու երախտագիտությամբ՝ Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ»:


















































