Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանի նամակը դիրքերին. «Ոչ թե զոհվել, այլ ապրել է պետք հանուն հայրենիքի»

Դեկտեմբեր 31,2017 16:41

Hayzinvor.am. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ բոլոր դիրքերը ստացան ամանորյա տոնական արկղեր, որոնցում նաեւ շնորհավորական նամակ կար.

«Այս Ամանորը դուք դիմավորում եք մարտական դիրքում: Այնտեղ, որտեղից սկսվում է մեր հայրենիքը, այնտեղ, ուր ուղղված են բոլորիս հայացքները ամբողջ տարին եւ Ամանորին նույնպես: Որովհետեւ ինչպես մեր երկրում ամեն ինչ, Ամանորն էլ սկսվում է սահմանից, եւ, ի վերջո, որովհետեւ հենց ձեր՝ դիրքապահներիդ շնորհիվ են Ամանորը տոնում եւ ուրախանում ձեր ծնողները, քույր-եղբայրները, մյուս հարազատները ու նաեւ բոլորովին անծանոթ, բայց ձեզ երախտապարտ մարդիկ:

Սա ձեր կյանքում առանձնահատուկ դրվագ է. տոնական զանգերի հետ բաժակ բարձրացնելու փոխարեն լարել տեսողությունը եւ լսողությունը՝ հակառակորդի շարժը հսկելու համար: Իհարկե, ոչ ոք չի մտածում, թե մարտական դիրքն ամենահարմարավետ տեղն է կամ Ամանոր նշելու համար ամենանախընտրելի միջավայրը, սակայն այն հոգեհարազատ է դառնում շատերի համար ու հուշերի շղթայում առանձնահատուկ տեղ գրավում: Հոգեհարազատ, որովհետեւ այս անկյունում ընկերոջդ հետ ես ծանոթացել, գիտես, որ այն հատվածում գետինը խորդուբորդ է, ու պետք է զգույշ քայլել, իսկ այ այնտեղից մի անգամ արձանագրեցիր հակառակորդի տեղաշարժը: Ու հիմա նույն տեղում դիմավորում ես Ամանորը…

Գիտեմ, որ տանեցիներին միշտ հավատացնում եք, թե լավ եք, ցուրտ սառնամանիքին՝ թե շոգ է, վարժանքների ժամանակ՝ թե հանգստանում եք, լարված փոխհրաձգության ժամանակ՝ թե վարժանքների եք: Բայց հավատացնելուց հետո բաճկոնն ավելի պինդ կոճկեք, եւ, ամենակարեւորը, ավելի ուշադիր ու զգոն եղեք: Հայրենիքի համար զոհվելու մասին պատգամները սիրում են տալ հարեւան երկրում: Այնինչ ոչ թե զոհվել, այլ ապրել է պետք հանուն հայրենիքի: Իսկ դուք ոչ միայն ձեր հարազատներին, այլեւ Հայաստան աշխարհին շատ-շատ եք հարկավոր: Հենց դուք, որ Ամանորին դեմքով դեպի հակառակորդն էիք, թիկունքին՝ մի ամբողջ երկիր ու ժողովուրդ: Չէ որ չկա դրանից ավելի վեհ ու դաստիարակչական պահ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար, որը իր մեջ մեծագույն զոհողություններ է պարունակում, զոհողություններ, որոնք պարտավորեցնում են յուրաքանչյուրիս ապրել մեր խղճին, մեր սկզբունքներին ու մեր ընդհանուր գործին հավատարիմ: Եվ շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթում եմ, որ 2018 թվականին թե ծառայության մեջ, թե անձնական կյանքում ունենաք ուրախության ու հպարտության բազում առիթներ:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ
Հավատով, վստահությամբ ու երախտագիտությամբ՝ Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031