ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց Հայաստանում մարդու օրգանների ապօրինի առքուվաճառքի մասին:
Հանձնաժողովի նիստում, հիշեցնենք, քննարկվում էր «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Սերգեյ Խաչատրյան ն ասաց`Հայաստանում մենք նման խնդիր չունենք: Մանրամասնեց`աշխարհում հայտնի է, որ դա եկամտաբեր բիզնես է: Մեզ մոտ ընդունված է հարազատների օրգանների փոխպատվաստումը:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ նկատեց`իրականության մեջ կա նման բան, բայց դա վերահսկելի չէ, աշխարհում անգամ չկան հստակ օրենսդրական ձեւակերպումներ, որոնք կկանխարգելեն:
Այլ մանրամասները`տեսանյութում
Ավելի ուշ, իր ելույթում, այդ խնդրին անդրադարձավ նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Հիվանդը վիրահատարանում սեղանին պառկած է, դուրս են գալիս և ասում են՝ գնացեք արյուն բերեք: Մենք անընդհատ խոսում ենք չափանիշներից, բայց սա վայրենի բան է, մոտավոր՝ դանակ-կացինը ձեռքին դուրս են գալիս ու ասում գնացեք արյուն բերեք, իսկ մարդիկ գիշերվա կեսին պետք է գնան արյուն բերեն: Սա ամոթալի իրավիճակ է, որովհետև այդ իրավիճակում հարազատները ինչու պետք է գնան»,-ասաց նա:

Այս առիթով պատգամավորները բազմաթիվ առաջարկներ ունեին: Միաձայն համաձայնեցին`օրենքը լրամշակման կարիք ունի, միաձայն քվեարկեցին եւ նախագիծը լրամշակման ուղարկեցին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































