Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ տղամարդիկ «խոպան» են, կանայք չեն կարողանում վարկ վերցնել

Մարտ 09,2018 15:00

Կանայք չունեն սեփականություն, որպեսզի այն գրավ դնեն

«Փոքր քաղաքներում շատ կանայք աշխատում են առանց պայմանագրի, ցածր աշխատավարձով, չեն օգտվում օրենքով իրենց հասանելիք արձակուրդից, կանանց աշխատեցնում են օրավարձով, նույնիսկ հազար դրամով, առավոտից ուշ գիշեր, եւ հավելյալ վարձատրություն չկա: Մարդիկ հարկադրված են աշխատում». այս մասին ահազանգում են հանրապետության վեց մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների կին ներկայացուցիչները: Այս խնդիրը մարզերի կանանց վերաբերող տասնյակ չլուծված խնդիրներից մեկն է: Մարզերի ավագանու կին անդամները, մարզպետարանների գենդերային հանձնաժողովների ղեկավարները կանանց վերաբերող խնդիրների «փունջ» են հավաքել, որն ամփոփվել է «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից հրապարակված «Կանանց աշխատանքային իրավունքները Հայաստանում» հետազոտության մեջ:

Տեղական ինքնակառավարման մարմինների կին ներկայացուցիչները ՀՀ կառավարության պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում` մեկ առ մեկ նշելով, թե գյուղական բնակավայրերի կանայք աշխատանքի շուկայում ինչպիսի խտրականության են հանդիպում:

«Երիտասարդ, քաղաքում կրթություն ստացած կանայք գյուղում աշխատանք գտնելու դժվարություններ ունեն եւ հաճախ այդ պատճառով հեռանում են գյուղից: 40 տարեկանից հետո կանանց համար աշխատատեղերի բացակայության հարցը դժվարացնում է նրանց մուտքը աշխատաշուկա»,- նշել են կանանց խնդիրների վերաբերյալ քննարկումներին մասնակցած մարզային համայնքների կին ներկայացուցիչները: Նրանք մտահոգություն են հայտնում, որ գյուղատնտեսությունում աշխատող կանայք ոչ ֆորմալ աշխատողներ են համարվում, ինչի պատճառով զրկված են սոցիալական երաշխիքներից, միայն ծերության թոշակ ստանալու հնարավորություն ունեն, ստաժը հաշվի չի առնվում, նրանք չեն կարող օգտվել ապահովագրությունից:

Այս խնդիրներից խուսափելու համար հետազոտության հեղինակները կառավարության պատասխանատուներին հորդորում են օրենսդրական նախաձեռնությունների միջոցով կարգավորել գյուղատնտեսական ոլորտի ոչ ֆորմալ աշխատողների սոցիալական պաշտպանվածության հարցերը:

Նրանք նաեւ փաստում են, որ գյուղատնտեսությամբ զբաղվող կանայք իրենց արտադրանքն իրացնելու հետ կապված լուրջ խնդիր ունեն, կորուստներ են կրում: Իսկ միջհամայնքային եւ ներհամայնքային տրանսպորտի բացակայությունը սահմանափակում է կանանց աշխատելու հնարավորությունները: Գյուղական համայնքներից շատերում նախադպրոցական հիմնարկների` մսուր-մանկապարտեզների, նախակրթարանների բացակայությունը նույնպես խոչընդոտում է կանանց մուտքը աշխատանքի շուկա: Այս առնչությամբ էլ զեկույցի մասնագետները կարծում են, որ ենթակառուցվածքների, միջհամայնքային ճանապարհների, նախադպրոցական հիմնարկների հարցերի կարգավորումները պետք է համայնքային զարգացման ծրագրերում դիտարկվեն առաջնահերթություն:

ՏԻՄ ներկայացուցիչները նաեւ պարզել են, որ աշխատող կանանցից շատերին ձեռնտու չէ գրանցվել, քանի որ կզրկվեն «Փարոս» համակարգից` աղքատության նպաստ ստանալու հնարավորությունից:

Ըստ նրանց՝ գենդերային կարծրատիպերը հատկապես ուժեղ են գյուղական միջավայրում, ինչն անդրադառնում է կանանց տնտեսական եւ քաղաքական մասնակցության վրա. «Կանայք լուրջ դժվարություններ ունեն ավագանի ընտրվելու եւ հետեւապես իրենց համայնքներին վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու հարցում: Խոշորացված համայնքներում էլ են խնդիրներ առաջացել. փոքր համայնքների ձայնը գրեթե չի լսվում, նաեւ կանանց ներկայացվածությունը խոշորացված համայնքներում զգալի հետընթաց է ապրում»:

Հետազոտության հեղինակները խնդիր են համարում նաեւ այն, որ փոքր քաղաքներում բիզնեսով հիմնականում զբաղվում են տղամարդիկ, քանի որ անսովոր է ընկալվում, որ կինը փորձում է զբաղվել բիզնեսով:

Մեկ այլ լուրջ խնդիր էլ այն է, որ տղամարդկանց միգրացիայի պայմաններում վարկերը դժվար հասանելի են կանանց համար. կանայք չունեն սեփականություն գրավ դնելու համար: Ինչ վերաբերում է տնտեսական իրավունքի խախտման դեպքերին, ապա, ըստ ՏԻՄ ներկայացուցիչների, միակ ճանապարհը դատարանն է, ինչը հասանելի չէ փոքր համայնքներում ապրող մարդկանց համար:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բարձրացնել կանանց մասնակցությունը համայնքային կյանքում, նրանց ներկայացվածությունը ավագանիների կազմում, ներդնել մեխանիզմներ, այդ թվում՝ քվոտավորում, կանանց ներկայացվածությունը խոշորացված համայնքների ավագանիներում ապահովելու համար:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

08.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031